«Ինչո՞ւ են Լավրովի դստերը Վրաստան թողել». կրքերը չեն մարում

«Ինչո՞ւ են Լավրովի դստերը Վրաստան թողել». կրքերը չեն մարում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստերը հանրապետության տարածք մուտք գործելու հետ կապված թույլտվության համար, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Իշխանությունները պատասխանատու են սահմանի և տարածքի պաշտպանության համար։ Դուք պետք է իմանաք, թե ով է երկիր մտնում, ով է դուրս գալիս։  Դժվար է հավատալ, որ Ռուսաստանի քաղաքական բարձրագույն շրջանակի անդամները երկիր են մտել առանց նախնական նախազգուշացման և անվտանգության երաշխիքների»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ «Վրացական երազանք»-ի անդամները հաստատել էին, որ Սերգեյ Լավրովի՝ պատժամիջոցի տակ գտնվող դուստր Եկատերինա Լավրովան (ամուսնական ազգանունը՝ Վինոկուրովա) օրերս Վրաստան էր ժամանել՝ իր ամուսնու եղբոր հարսանիքին մասնակցելու համար։

Միջադեպը մեծ աղմուկ էր հանել Վրաստանում, ընդդիմադիր որոշ ակտիվիստներ շրջափակել էին այն վայրը, որտեղ ենթադրաբար իջևանել էին ՌԴ-ից ժամանած հյուրերը, այդ թվում նաև ՌԴ ԱԳ նախարարի դուստրը։

Ավելի ուշ, Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե ոչ մի հարսանիք էլ չի կայացել երկրի տարածքում և որ ռուսները ստիպված են եղել լքել հանրապետության սահմանները։