Նորմալ, պաշտպանված երկիր էինք՝ բանակով, սահմանով, վախ ներշնչող ԱԱԾ-ով, դարձանք «պռախադնոյ դվոռ»

Նորմալ, պաշտպանված երկիր էինք՝ բանակով, սահմանով, վախ ներշնչող ԱԱԾ-ով, դարձանք «պռախադնոյ դվոռ»

Ցինիզմն անասելի չափերի է հասել։ Ժամեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը իբրեւ թե հերքման հաղորդագրություն է տարածել՝ համացանցում տարածվող տեսանյութի կապակցությանբ, որտեղից երեւում է, որ ադրբեջանցիները տեսանկարահանումներ են արել ՀՀ Սյունիքի մարզում՝ նկարահանելով քաղաքացիական ու ռազմավարական նշանակության օբյեկտներ։ 

Եւ ՀՀ ԱԱԾ-ն հանդիմանում է այդ տեսանյութերի մասին վատ բան գրողներին՝ «պարզաբանելով», որ՝ «տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում»: Ապա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ գրել են՝ հիմա էլ են նման նկարահանումներ արվում․ «ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»:

Այսինքն՝ իրենց իմացությամբ ու թողտվությամբ ադրբեջանցիք հայկական տարածքներում նկարահանումներ են անում եւ մեղավորը ոչ թե դա թույլատրող իշխանությունն ու Ազգային անվտանգություն կոչվող իմպոտենտ ծառայությունն է, այլ դրա մասին հրապարակումներ եւ ոչ պաշտոնական վերլուծություններ անողները։

Ավելին՝ «հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով» ԱԱԾ-ն մեզ «հանգստացնում է», թե՝ ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում: Բայց «հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»:

Ամբողջ տեղեկատվությունը հաստատելուց եւ մեր անհանգստությունները խորացնելուց հետո ԱԱԾ-ն հորդորում է «տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին»:

Ընդամենը մի զուգահեռ եմ ուզում անցկացնել՝ տասնյակ անգամներ մենք՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող լրագրողներս փորձել ենք մետրոպոլիտենի տարածքում լուսանկարել կամ տեսագրել ինչ որ բան, ասենք՝ հետախուզման մեջ գտնվողների ցուցատախտակը, կամ՝ որեւէ մեկից մետրոյի տարածքում հարցազրույց վերցնել, մեզ արգելել են, ասել են՝ ռազմավարական օբյեկտ է, նկարահանումներ անել չի կարելի։ Ի՞նչ տրամաբանությամբ է ԱԱԾ-ն, ՀՀ իշխանությունը թույլատրում, որ ադրբեջանցիները նկարահանումներ անեն ՀՀ տարածքում։ Անգամ ռուս խաղաղապահներին պետք է դա արգելեին։ Հայաստանը դարձավ օտարի ոտքի կոխան՝ ոչ ոք, անգամ Ազգային անվտանգության ծառայությունը չի պաշտպանում ՀՀ շահերը եւ չի արգելում օտարներին մտնել-ելնել, նկարահանել-գաղտնալսել։ 

Նորմալ, պաշտպանված երկիր էինք՝ մեր բանակով ու վախ ներշնչող ԱԱԾ-ով, դարձանք «պռախադնոյ դվոռ»՝ հարեւանների, անգամ՝ թշնամիների համար։