Թշնամի պետությունը ժամանակ է շահում, կամ մենք գնում ենք դեպի քայքայման ու ոչնչացման

Թշնամի պետությունը ժամանակ է շահում, կամ մենք գնում ենք դեպի քայքայման ու ոչնչացման

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն է:

- Արցախում իրավիճակը լարված է: Հիմա վիճակն ինչպե՞ս է:

- Եթե ես թշնամու գործողությունների պլանն իմանայի, ինձ համար կամ, առհասարակ, բոլորի համար հակահարված տալը կլիներ դյուրին: Աշխարհաքաղաքական առումով բոլորիս էլ պարզ է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը որքան երկարի, Ադրբեջանն այդքան օգտվելու է առիթից` սադրիչ գործողությունների տեսքով: Սպասելի էր այս ամենն ինձ համար: Հնարավոր է թշնամին նոր սադրանքների գնա, թե ինչպիսի աշխատանք կտանի Ռուսաստանի նախագահը, գուցե իր անձնական կապերով, քանզի բավականին երկար ժամանակ է` ՌԴ նախագահը ճանաչում է Ադրբեջանի նախագահին որպես Ադրբեջանի նախագահ, հարցին հանգուցալուծում տա:

- Այս պահին իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

- Պատահական կրակոցը ես չեմ համարում կրակոց: Կարող է ցանկացած կողմից լինի կրակոց, սակայն դա պետք չէ անվանել մարտական գործողություն:

- Արցախի նախագահն օրերս հայտարարել է, որ ռազմական դրության դրույթներից ելնելով` սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն: Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության ծառայության վրա: Ի՞նչ եք կարծում` այս սահմանափակումներն իրապես անհրաժե՞շտ են, թե՞ արվում են միտումնավոր՝ հանրությանը լռեցնելու համար:

- Ըստ իս, որպես առաջնորդող ուժ և լիդեր, նախ` այդ ուժը պետք է ծնվի ինչ-որ գործընթացների, բնական էվոլյուցիայի զարգացման հետևանքով, սակայն տվյալ ժամանակահատվածում իշխանությունները չհանդիսացան այդպիսին: Փոխարենն այդպիսի լիդերներ կարելի է համարել նրանց, ովքեր իրենց հետևից տարան շարժումը, կազմակերպեցին գործընթացներ, ինչի արդյունքում էլ արձանագրեցին փայլուն հաղթանակ, և  հենց դրա հետևանքով 30 տարի է` Արցախն ու Հայաստանն անկախ են ու ազատ: Ներկա ժամանակաշրջանում չկա այդ ամենը: Պատերազմից հետո հանգամանքների նման դասավորման արդյունքում կարող ենք եզրահանգման գալ, որ լիդերության ուժ մեզանում չծնվեց: Գալիս է մյուս տրամաբանական հարցը. իսկ ինչպե՞ս ներկա ճգնաժամային անորոշ իրավիճակը հաղթահարենք: Բնականաբար, առաջնորդող միավոր է հարկավոր: Ենթադրում եմ, որ թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը երկիրը պետք է ուժեղացնեն արհեստական ճանապարհով: Այսինքն` պետական կառավարման ապարատը թույլ է՝ թե կազմակերպչական, թե կարգապահական առումով: Կան բազում խնդիրներ, ինչի արդյունքում էլ գործող իշխանությունները իրենք իրենց մաշկի վրա զգացել են, որ նման ձևով հնարավոր չէ այլևս դիմադրելը: Ամեն օր նոր սպառնալիքներ են առաջ գալիս, մի հատ էլ այս «բարդակն» ավելի կթուլացնի մեր դիրքերը: Գուցե այդ տրամաբանությամբ կառավարման ապարատն ուժեղանա, ինչի արդյունքում ոչ կազմակերպվածությունն ու արհեստական պանիկան ու երկփեղկվածությունը հաղթահարվեն:

- Կարծում եք` հանրության շրջանում առաջացած խուճապը չունի՞ հիմքեր:

- Հասարակությունն առհասարակ ամեն ինչից էլ կարող է խուճապի մեջ հայտնվել, հատկապես վերջին պատերազմից հետո: Չեմ կարծում, որ լինի մեկն, ով պատերազմից հետո զերծ է մնացել հոգեկան ցնցումներից: Խուճապը տրամաբանական է: Հակառակորդի սադրանքներն ամեն անգամ բնականաբար որոշակի հույզեր են առաջացնում, որից մեկը` խուճապն է: Բայց հարցն այն է, թե ինչպես անել, որ հասարակությունը դուրս գա այդ իրավիճակից:

- Օրինակ, Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է ստեղված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում: Արցախի ճակատագիրն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Կուսակցությունը, երբ կանի հայտարարություն, այդ ժամանակ կիմանաք: Հիմա ես, եթե ինչ որ դիրքորոշում արտահայտեմ, կստացվի, որ հայտարարում եմ կուսակցության անունից: Մեզ համար առաջնայինը պետությունն ու հայրենիքի ազատությունն է:

- Արցախի իշխանությունները կարո՞ղ են ստեղծված ճգնաժամային իրավիճակին լուծում տալ: Ի վերջո նրանք պարտված իշխանություններ են:

- Ո՞ր իրավիճակին:

- Եթե հաշվի չառնենք Արցախում առկա հումանիտար աղետն, ապա թերևս առաջնայինն Արցախի անվտանգության հարցն է:

- Հումանիտար աղետ ասվածին որոշակի վերապահումներով եմ մոտենում: Հնարավոր է լինի հումանիտար աղետ, սակայն հիմա չկա նման բան: Գազամատակարարումն այս պահին կա, բայց վաղը կարող է չլինել: Մենք 90-ականներին անցել ենք սրա միջով: Ժողովուրդը որպես այդպիսին պատրաստ է դիմակայել այդ զրկանքներին, բայց հանուն ինչի՞, հանուն սոցիալական արդարությա՞ն, թե՞ այլ մեծ արժեքների համար:

- Ինչպե՞ս կբնութագրեք Արցախում առկա իրավիճակը:

- Շատ բարդ: Շատ-շատ բարդ:

- Իսկ գործող իշխանությունների հետ բարդ իրավիճակից դուրս գալ հնարավո՞ր է:

- Ես Ձեզ ասացի, եթե բնական ճանապարհով չի ծնվել առաջնորդող ուժն, ապա մնում է տրամաբանության սահմաններում հնարավոր բոլոր միջոցները ներդնել, որպեսզի կենտրոնական ապարատն առավել ուժեղանա:

- Հայաստանի իշխանությունները շատ են խոսում խաղաղության նոր պայմանագրի, խաղաղության դարաշրջան բացելու մասին:

- Լավ ցանկություն է, բարի ցանկություն է, իհարկե բոլորն են ուզում խաղաղ պայմաններում ապրել, սակայն այն օրակարգով, որով շարժվում են իրենք, հասկանալի չէ, թե ինչպես են հասնելու խաղաղության դարաշրջան ասվածի գործիքակազմին: Եթե հաջողեն` փառք իրենց, սակայն հնարավոր չէ: Այն քայլերն ու գործողությունները, որ անում են ներկայիս իշխանությունները և այն պահանջները, որ թշնամի պետությունն է առաջ բերում, տրամաբանորեն խոսում է այն մասին, որ կամ ժամանակ են շահում, կամ ուղղակի գնում ենք դեպի քայքայման և ոչնչացման: