Հայկական եւ ղազախական ավիաընկերությունները նոր արտոնություն են ստացել 

Հայկական եւ ղազախական ավիաընկերությունները նոր արտոնություն են ստացել 

Հայաստանի եւ Ղազախստանի ավիացիոն իշխանությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով թույլատրվում է երկու երկրների ավիափոխադրողներին անսահմանափակ թվով փոխադարձ թռիչքներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանում նման թռիչքների համար թույլատրված քաղաքներն են՝ մայրաքաղաք Աստանան, Ալմաթի, Շիմքենդ, Աքթաու, Կարագանդա, Ուստ-Կամենոգորսկ, Պավլոդար, Կոկշեթաու, Տարազ, Պետրոպավլովսկ, Սեմեյ, Թուրքեսթան եւ Աքթոբե քաղաքները։

Բացի այդ, հայկական ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» Ղազախստանի կողմից թույլատրություն է ստացել իրականացնել Երեւան-Աշխաբադ-Աստանա թռիչքը կոմերցիոն իրավունքով՝ մինչեւ 2027 թվականի վերջը։ Նշենք, որ ղազախական կողմի առաջատար ավիաընկերությունները հետեւյալն են, որոնք իրականացնում են կոմերցիոն ավիաթռիչքներ՝ Air Astana, FlyArystan, QazaqAir եւ SCAT։