Արտակ Բեգլարյանը աշխատանքային առաջարկ է ստացել

Արտակ Բեգլարյանը աշխատանքային առաջարկ է ստացել

«Անանիա Շիրակացի» ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանն Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին առաջարկել է ստանձնել Արցախի Ճեմարանի պատվավոր նախագահի պաշտոնը: Ալիխանյանը մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թանկագին պարոն Բեգլարյան

Մեծ, անչափելի մեծ ու կարևոր էր ինձ և մեր ողջ ճեմարանական համայնքի համար Ձեզ ճանաչելու, Ձեզ հետ աշխատելու և Ձեզնից անընդմեջ սովորելու այն բացառիկ հնարավորությունը, որի հիմքում ստեղծվեց այն հրաշալի գաղափար-կառույցը, որ այսօր կոչվում է Արցախի Շիրակացու ճեմարան: 

Արցախի Շիրակացու ճեմարանը Ձեր նախաձեռնությունն է, և Արցախի ապագայի համար ստեղծված այս առհավատչյան Ձեր մտքի, հայրենասիրության, հույսի ու հեռատեսության հերթական թռիչքն է:

Պատիվ ունեմ Ձեզ առաջարկել ստանձնել Արցախի Ճեմարանի պատվավոր նախագահի պաշտոնը: 

Ձեր մասին պետք է և կարևոր է խոսել մեր սաների, ամբողջ ճեմարանական համայնքի անունից, որովհետև Դուք ֆենոմեն եք:

Դուք կարծրատիպեր կոտրող եք, Ձեր կերպարով ու ակտիվ կենսագործունեությամբ ոգեշնչում եք, Դուք մարդ-համակարգ եք, որ առկա նվազագույն ռեսուրսներով կարողանում եք անել առավելագույնը: 

Ձեր խոսքը, Ձեր մի գրառումը վստահության լուրջ խնդիրներ ունեցող մեր ժամանակներում հավատի ու հույսի երաշխիք է, որովհետև Դուք հավատի խորհրդանիշ եք ու պետք է լինեք ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար:

Վստահ եմ՝ Դուք նոբելյան մրցանակի իսկական հավակնորդ եք, և այն ոչ թե միայն Ձեր, այլ մեր Հայրենիքի հաղթանակն է լինելու:

Առհավետ Ձեր ընկերության և մեր համատեղ գործունեության շարունակականության հավատով»:

Այս մասին մենք մեկնաբանություն խնդրեցինք Աշոտ Ալիխանյանից: Նա ասաց․ «Արտակ Բեգլարյանին առաջարկել եմ դառնալ պատվավոր նախագահ: Պատվավոր նախագահը պաշտոն չէ, կարելի է ասել ստատուս է, կոչում: Ես նախապես առաջարկել էի պարոն Բեգլարյանին, որպեսզի իր մասնակցությունն անպայման այս գործում լինի: Նա նշեց, որ չի կարող, ես էլ ասացի, որ կա խորհուրդ և ինքը կարող է լինել խորհրդրի պատվավոր նախագահ: Պատվավոր նախագահը չունի որևէ գործառույթ, դա, կարելի է ասել, սիմվոլիկ մի ինչ-որ բան է: Չկա աշխատավարձ, չկա գրաֆիկ…. ես ինքս առաջաիկայում պատրաստվում եմ մեկնել Արցախ, հավանաբար այդ ժամանակ էլ պարզ կդառնա ամեն ինչ»- իր խոսքը եզրափակեց Ալիխանյանը: Նրա պնդեց, որ Արտակ Բեգլարյանն անուրանալի ներդրում ունի Արցախում Անանիա Շիրակացի Ճեմարանի կայացման գործում, ուստի նրա դերն ու կարևորությունը շատ մեծ է ու ցանկալի:

Ավելի ուշ տեսանք, որ Արտակ Բեգլարյանն արձագանքել է Աշոտ Ալիխանյանի առաջարկին։
Նա հենց Ալիխանյանի էջում գրել է․

«Սիրելի՛ պարոն Ալիխանյան,

Շնորհակալ ու հպարտ եմ մեր արդյունավետ համագործակցության համար: Շիրակացու ճեմարանը մեծ դեր պետք է ունենա Արցախի կրթական զարգացման գործում, քանի որ Ձեզ հաջողել է այս տասնամյակների ընթացքում կայացնել համամարդկային ու ազգային արժեքները համադրող և արդի հիմնախնդիրներին համապատասխանող բացառիկ կրթություն ապահովել: Ուստի, ինձ համար պատիվ է կանգնած լինել Արցախի շիրակացու ճեմարանի հիմնադրման հիմքերում, որը, ցավոք, դեռ նույնիսկ պարզ պայմանների խնդիր ունի, սակայն վստահ եմ, որ այդ խնդիրներն արագորեն կլուծվեն մեր համատեղ ջանքերի արդյունքում: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել Արցախի շիրակացու ճեմարանի կայացման ջանքերին»: