Նույնիսկ տոտալիտար համակարգում դեկաններին ընտրում էին

Նույնիսկ տոտալիտար համակարգում դեկաններին ընտրում էին

Գիտական շրջանակներում բուռն կերպով քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։ Հատկապես վիճահարուց է նախագծի այն դրվագը, ըստ որի՝ հետայսու ռեկտորներն ու դեկանները ոչ թե կընտրվեն դասախոսների կողմից, այլ կնշանակվեն ռեկտորի կողմից։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս դրույթը ներառվել է հատկապես մեկ համալսարանում՝ ԵՊՀ-ում հարցեր լուծելու համար։ Բանն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակ ընտրված դեկանները, որոնց մի մասը վերջին անգամ ընտրվել է 1 կամ 2 տարի առաջ եւ դեռ բավականին ժամանակ ունի պաշտոնավարելու, իշխանությունն ուզում է նրանց փոխել եւ նոր մարդիկ նշանակել, ուստի մտածել են, որ ամենահեշտ տարբերակը կլինի օրենքով անելը եւ դեկանների պաշտոնը նշանակովի դարձնելը։ Թեեւ ողջ աշխարհում բուհական համակարգում գործում է ինքնավարության սկզբունքը, եւ ոչ մի նորմալ բուհում վարչական պաշտոնները նշանակովի չեն՝ ընտրովի են։ Սա խոշոր հետքայլ է։

Օրենքի այս կետի վերաբերյալ հարցրինք ԵՊՀ դեկանների կարծիքը։ Բանասիրական ֆակուլտետի բազմամյա դեկան Արծրուն Ավագյանը, որը դեկանի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 19 տարի՝ 2000 թվականից, եւ վերջին անգամ ընտրվել է 2018 թվականին, մեկնաբանության հարցում շռայլ չգտնվեց, միայն ասաց, որ բացասական է վերաբերվում այդ կետին․ «Բացասական կարծիք ունեմ, չեմ հիմնավորում»։ Իսկ դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ երկարամյա դեկաններից ուզում են ազատվել, Ավագյանը պատասխանեց․ «Դա կապ չունի, այլ բանի համար են ուզում անել, որը չեմ կարող ասել»։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հետ, որը նույնպես դեկանի պաշտոնում վերընտրվել է 2018 թվականին։ Նա նշեց, որ գիտխորհրդի մեծամասնությունը դեմ է այդ դրույթին, եւ ինքն էլ համակարծիք է նրանց հետ։ «Երեկ համալսարանի գիտխորհրդի նիստում քննարկվել է, եւ ընդհանուր կարծիքի են եկել այդ հարցերի վերաբերյալ, եւ ես կիսում եմ այդ կարծիքը, որ ռեկտորը պետք է ընտրովի լինի, եւ ռեկտորին պետք է ընտրի համալսարանի գիտական խորհուրդը։ Դեկանները նույնպես պետք է լինեն ընտրովի։ Նախորդ տարիներին, որ ասում էին տոտալիտար, նույնիսկ այն ժամանակ դեկաններն ընտրովի էին լինում։ Միայն ընտրված դեկանը, ընտրված ռեկտորը կարող են չկառավարվել որեւէ քաղաքական ուժի կողմից եւ ղեկավարել կոլեկտիվի, համալսարանի շահերից ելնելով, հակառակ պարագայում նա միշտ կախված կլինի իրեն նշանակողից եւ այն պաշտոնյայից, որն իրեն աջակցել է, ու ինքը նշանակվել է այդ պաշտոնին։ Ընտրությունների ժամանակ նույնպես վիճարկումներ են եղել, բայց ընտրությունը՝ իր բոլոր թերություններով, շատ ավելի մեծ առավելություն է, քան նշանակովի պաշտոնները։ Դա կյանքն է ցույց տվել, եւ ես չեմ տեսնում, թե որն է այն հիմնական մեկնաբանությունն ու բացատրությունը, թե ընտրությունն ինչով է խանգարում դեկանին ազատ եւ անկաշկանդ աշխատել, քան նշանակովի դեկանը կամ ռեկտորը։ Այնպես որ՝ այդ հարցում համալսարանականների մեծ մասը նույն կարծիքին է»,- պատասխանեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե ցանկանում են 2 եւ ավելի անգամներ ընտրված դեկաններից ազատվել, ապա դրա համար ուրիշ ճանապարհներ կարող են գտնել․ «Եթե չեն ուզում, որ 2 եւ ավելի անգամ դեկան ընտրվի, ապա դրա համար կա մեկ ուրիշ կարգ․ կարող են սահմանափակել ժամկետի իմաստով։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է նշանակում 2 եւ ավելի անգամ է ընտրվում։ Եթե ընտրություն է, ապա ո՞վ է կատարում այդ ընտրությունը․ աշխատակիցներն են կատարում, գիտական խորհուրդն է կատարում, որտեղ 30, 50, 60 հոգի մարդ կա։ Ինչ է՝ նրանք 50-ն էլ ենթարկվում են մի հոգու կամքին եւ ընտրությո՞ւն են կատարում։ Նրանք ընտրություն են կատարում՝ ելնելով տվյալ բուհի, տվյալ ֆակուլտետի շահերից։ Այնպես որ, սահմանափակումը՝ 2 տարուց ոչ ավելի, դա ուրիշ հարց է, բայց ընտրությունը վերացնելը լրիվ այլ հարց է, դրանք չպետք է մեկը մյուսի հետ կապել»։ Մարատ Գրիգորյանին հարցրինք, թե ինչ են պատրաստվում անել՝ նկատի ունենալով, որ, ինչպես ինքն ասաց, գերակշռող մասը դեմ է այդ դրույթին, պայքարելո՞ւ են, որ այն չեղարկվի։

«Ուրեմն ինչո՞ւմն է հարցը։ Մենք մեր կարծիքն ենք ասում, մեր կարծիքն ենք ներկայացնում մասնագիտորեն, որ երկար տարիների փորձ ունենք եւ տեսել ենք, թե որ համակարգն է ավելի օգտավետ՝ ընտրությա՞ն, թե՞ նշանակման, որն է ավելի ազատ ու անկաշկանդ աշխատանքի հնարավորություն տալիս դեկանի կամ ռեկտորի պաշտոնի համար։ Իսկ եթե ԱԺ-ն կամ որեւէ այլ քաղաքական մարմին, որին իրավունք է վերապահված որոշելու, թե ինչպես պետք է լինի, մենք ոչինչ չենք կարող անել, մենք պայքարի ուրիշ տարբերակ չունենք, բացի մեր կարծիքն ասելուց ու այն համապատասխան մարմիններին ներկայացնելուց»։