Ռուսական смута-ն ավարտվեց` հեռահար հետեւանքներով 

Ռուսական смута-ն ավարտվեց` հեռահար հետեւանքներով 

Քիչ առաջ Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը  հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում ծայր առած զինյալ խռովությունը կանխելու միջնորդական ջանքերի շրջանակում բանակցել է Եվգենի Պրիգոժինի հետ եւ համաձայնություն է կայացվել Wagner Group-ի «արդարության արշավը» դեպի Մոսկվա դադարեցնելու մասին: 

Շատ չանցած լուրը արդեն հաստատվեց Պրիգոժինի կողմից. նա ասաց, որ իրենք գտնվում էին Մոսկվային ընդամենը 200 կմ հեռավորության վրա, առանց մի կրակոցի, առանց դիմադրության եւ առանց մի կաթիլ արյան հասել էին այդտեղ, եւ այժմ համաձայնում են ընթացքը դադարեցնել ու ետ շրջվել` արյունալի որեւէ բախումից խուսափելու համար:

Այսպիսով անմիջական ճգնաժամը ավարտված է եւ կարելի է ուրախ լինել նրա համար, որ ավարտվել է առանց արյան: Որքան էլ Ռուսաստանը մեզ համար ոխերիմ բարեկամ է եւ ռուսական պետության վնասարարությունը հայերին 19-րդ դարակեսից ի վեր անչափելի է, այդուհանդերձ ռուս ժողովրդի հանդեպ հայության վերաբերմունքը այնպիսին չէ, որ ցանկանաս այնտեղ արյուն հեղվի: Հետեւաբար, կարելի է միայն ուրախ լինել, որ առանց արյան ճգնաժամը հաղթահարվեց:

Միաժամանակ հասկանալի է, որ հունիսի 23-ի երեկոյան սկսված եւ 24-ի երեկոյան ավարտված իրադարձությունները մինչեւ հիմքը սասանեցին Ռուսաստանում առկա ռազմա-քաղաքական իրադրությունը: Թե ինչ համաձայնություններ են կայացվել Վլադիմիր Պուտինի անունից բանակցած Լուկաշենկոյի  եւ Եվգենի Պրիգոժինի միջեւ, ինչի՞ արդյունքում է Պրիգոժինը համաձայնել իր արշավը դադարեցնել եւ ինչ արագությամբ ասպարեզը կթողնեն ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն եւ ԶՈՒ շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հավելյալ ինչ համաձայնություններ են եղել, այս պահին դեռ անհայտ է: Սակայն այդ մանրամասները ինչ-որ տեղ նաեւ երկրորդական են:

Առաջնայինը, վճռորոշն ու էականն այն է, որ ողջ աշխարհի առջեւ պարզ դարձավ, որ ոչ միայն Ռուսաստանի ժողովուրդը, այլեւ ՌԴ զինվորականությունը որեւէ կերպ չի աջակցում ոչ ուկրաինական պատերազմին, ոչ Պուտինի իշխանությանը: Պրիգոժինը, ում պետական հեղաշրջման մեղադրանք էր առաջադրված, իր մասնավոր զինված խմբավորումով մեկ օրում 800 կմ ճանապարհ անցավ, այդ ճանապարհին երկու գլխավոր քաղաքների` Դոնի Ռոստովի եւ Վորոնեժի ռազմական եւ իրավապահ կառույցները վերահսկողության տակ վերցրեց, եւ ոչ մի զինվորական` շարքայինից մինչեւ գեներալ նրան չընդդիամացավ: Դա ցույց տվեց թե իչ ավազե հիմքերի վրա է գտնվում Պուտինի իշխանությունը եւ որքան մերժված է ուկրաինական պատերազմը հենց զինվորականության շրջանում: Համեմատության համար կարելի է մտաբերել, թե դիցուք 2016-ի հուլիսին, երբ Թուրքիայում զինվորականությունը Էրդողանի դեմ հեղաշրջում նախաձեռնեց, ինչպես Էրդողանի աջակիցները փողոցները թափվեցին եւ մերկ ձեռքերով ու իրենց մարմիններով Բոսֆորի կամուրջների վրա ու Պոլիսի փողոցներում տանկերը կանգնեցրին: 

Ռուսաստանում ճիշտ հակառակ պատկեր բացվեց: Եվ երեւում է, բարեբախտաբար,  շնորհիվ հետախույզի իր փորձառության Վլադիմիր Պուտինը բավարար արագությամբ եւ խորությամբ սթափ գիտակցեց իրականությունը եւ եթե առավոտյան հրահանգներ էր արձակել իբր խռովությունը ճնշելու, երեկոյան բանակցեց խռովությունը կանխելու համար: Կարելի է ասել իրեն պատիվ բերող ճկունություն ցուցաբերեց` հակառակ սեփական շրջապատի բթամիտների: 

Հավանաբար Պուտինը սարսափեց նրանից, թե որքան է Ռուսաստանի ժողովուրդը օտարացած ու անտարբեր ՌԴ իշխանության հանդեպ եւ վերջինիս մղած պատերազմի հանդեպ Ուկրաինայում: Կյանքը պարզվեց, ճիշտ հակապատկերն է ՌԴ քարոզչամեքենայի, ամեն կարգի մարգարիտասիմոնյանների, մարիազախարովաների, դմիտրիմեդվեդեւների հիվանդ երեւակայությամբ նկարվող պատկերի, թե իբր Ռուսաստանում ապրում են Ուկրաինայի պատերազմով  եւ համարյա  աղոթում են Պուտինի իշխանության համար: Դա բացարձակ ստախոսություն եւ կեղծարարություն էր, որ դիմակազերծ եղավ մեկ օրում: 

 Հուսանք, կատարվածից Պուտինը սթափվեց. իր գեներացրած եւ էկրաններից տիրաժավորվելով իրեն վերադարձած ստի եւ կեղծիքի ծածկույթից այն կողմ առկա իրականությանը բախվեց: Հասարակության քար անտարբերությունը եւ զինվորականության համարյա համերաշխությունը Wagner-ի հետ ցույց տվեց թե ինչ ադունդի եզրին են հայտնվել Պուտինն ու իր իշխանությունը: 

Այժմ միակ բանը, որ Պուտինին մնում է անել այդ անդունդից ետքայլեր կատարելն է: Առաջին քայլը հաջողությամբ արվեց, արյունահեղությունը կանխվեց, երկրորոդ քայլը, թվում է պետք է լինի, ՌԴ ռազմական ղեկավարների պաշտոնանկությունը եւ նոր անձանց նշանկումը, երրորդ ճիշտ քայլը, ենթադրելի է, պետք է լինի Ուկրաինայում մղվող եւ Ռուսաստանը արդեն ոչ միայն քաղաքականապես ու ֆինանսապես ավերակած, այլեւ բարոյա-հոգեբանական առումով смута-ի հասցրած պատերազմն ավարտելը: Եթե դա չավի, ապա ուր է երաշխիք, որ նոր խռովություն չի բարձրանա` արդեն արյունալի վերջաբանով: