Տնային կալանավորի առօրյայից (պատմվածք)

Տնային կալանավորի առօրյայից (պատմվածք)

Օրն աստիճանաբար երեկոյանում էր։ Մանրամաղ անձրեւը տեղում էր դեռ վաղ առավոտնից։ Երկնակամարում կուտակված մոխրագույն ամպերը հույս չէին թողնում մտածելու, որ գոնե մինչեւ վաղը անձրեւը կդադարի, երկինքը կպարզվի եւ կերեւա արեւը։ 
Աշունը միշտ էլ անձրեւային էր ու աստիճանաբար՝ ցրտող։ 

Ամենասովորական աշխատասենյակ ներկայացնող սենյակում բավականին տաք էր ու հաճելի։ Ջեռուցումն արդեն միացված էր։ Գրասեղանին, գրասեղանի մոտ դրված բազմաթոռների վրա, լուսամուտի տակ դրված սեւ կաշեպատ բազմոցին, ամենուրեք թղթեր ու լուսանկարներ էին՝ ցիրուցան վիճակում։ Ձանձրույթի աստիճան ինչ որ անհասկանալի տխրություն կար այդ սենյակի մթնոլորտի մեջ ու նաեւ այնտեղ գտնվող միակ մարդու տեսքի մեջ։ Վերջինս նստած էր գրասեղանի մոտ ու նայում էր դիմացի թղթերի եւ լուսանկարների կույտին։ 

Մի քանի րոպե մնալով այդպես, նա վեր կացավ ու դանդաղ, ծանր քայլերով մոտեցավ լուսամուտին։ Բացվող տեսարանն էլ առանձնապես ուրախ չէր․ մռայլ քառանկյուն ոչ մեծ բակ, որ բացվում էր դեպի փողոց, որտեղ մի քանի սաղարթախիտ ծառեր էին, բարձր թփեր, թրջված անձրեւից, որոնք ծածկում էին տունը տեսադաշտից։ Տունն ի դեպ, գտնվում է բակի խորքում եւ եթե դրսի՝ փողոցի կողմից ուշադիր չնայելու դեպքում, կարող էր եւ չնկատվել։ 

Նայեց բակին ապա մի քանի րոպեից նորից վերադարձավ գրասեղանի մոտ, նստեց, թղթերի կույտի միջից հանեց մի քանի չգրված թղթի թերթ, ձեռքով գրասեղանի վրա դրանց համար տեղ բացեց, թղթերի եւ լուսանկարների կույտը մի կողմ հրելով, ապա վերցրեց գրիչը։ Մի երկվայրկյան նայեց գրիչին, կարծես ինչ որ բան հիշելով, թեթեւակի ժպտաց, ապա թղթի սպիտակ թերթի վրա գրեց․ 

«Իրականում ես հավատում էի այն ամենին, ինչ իրականացրեցի եւ դա համարում էի իմ կյանքի գործը»։ 
Դադարեց գրելուց։ Հայացքը գրասեղանից կտրեց ու սկսեց նայել պատուհանին։ «Բայց արդյոք հավատում էի,- ինքն իրեն մտքում ասաց,- թե պարզապես այդպես պետք է գրել, այդպես պետք է «անմահացնել» սերունդների համար այն «կյանքի գործը», որ ես արեցի։ Կամ արդյոք դա «կյանքի գործ» էր առհասարակ։ Չէ որ եղածը մեծ բան էլ չէր, ու ժամանակին այդ ամենի շուրջ հանված աղմուկը կեղեւազատած՝ ամենասովորական գործընթաց էր, որպիսին այդ ժամանակներում հաճախ էր լինում»։ Այդ մտքերով մնաց մի քանի րոպե, ապա շարունակեց գրելը․ «Ես ու իմոնք՝ մենք, արեցինք մի բան, որ շրջադարձային եղավ մարդկանց համար։ Դա ամենաիսկական հեղափոխություն էր, որի մասին սովորաբար կարդում ենք գրքերում, ընդ որում՝ ոչ բռնի ու անարյուն»։ 

Նորից դադարեց գրելը։ Մտքերի մեջ ընկավ։ «Բայց արդյոք կարիք կա այս ամենը հանձնել թղթին, արդյոք կարիք կա, որ սերունդներն այս ամենի մասին իմանան։ Գուցե ավելի լավ է, որ մոռացվի այս ողջ «պատմությունը», նետվի պատմության աղբանոցը, ինչպես ամեն մի ոչ պիտանի եւ դարն ապրած իրողություն, որ պատահում է պատմության մեջ այս կամ այն հավաքականությունների կյանքում»։ 
Վեր կացավ գրասեղանի մոտից, սկսեց քայլել սենյակով։ Հիշողությունները «գրոհեցին» ամբողջ թափով․ ինչպիսի օրեր էին․ այն ժամանակ թե իրեն, թե իր կողքին կանգնածներին թվում էր, թե պատմության ընթացքն է փոխվում, նոր պատմություն է կերտվում։ «Գրոհած» հիշողություններն ակնհայտորեն ոգեւորեցին նրան։ 

Մի փոքր արագ քայլերով վերադարձավ  գրասեղանի մոտ ու ուզում էր շարունակել գրելը, սակայն աչքն ընկավ ձեռքի՝ տնային կալանավորի էլեկտրոնային բազպանին։ Հայացքը սառեց։ Ոգեւորությունը միանգամից հօդս ցնդեց։ «Ով եմ ես, ով, ընդամենը իշխանազրկված քաղաքական երբեմնի առաջնորդ, ով ներկայումս տնային կալանավոր է եւ ուրիշ ոչինչ։ Չէ, ինչու, ընդամենը մի ոչնչություն, որ կախված է այլոց ողորմածությունից»,- մտածեց հայացքը բազպանից չկտրելով։ Առանց այն էլ մռայլ դեմքն ավելի մռայլվեց։ Ինքնաբերաբար վերցրեց թուղթը, որի վրա գրում էր, պատռեց մի քանի մասի, ապա ճմրթեց ու նետեղ գրասեղանի մոտ դրված աղբարկղի մեջ։ 

Մի փոքր մնաց գլխահակ, ապա վեր կացավ ու մոտեցավ լուսամուտի տակ դրված սեւ կաշեպատ բազմոցին։ Պառկեց, փակեց աչքերը, փորձելով այդ կերպ վանել «գրոհած» հիշողությունների հաջորդ «ալիքը»։ Եւս մի քանի րոպե անց նայեց պատի ժամացույցին։
Ուր որ է կբացվի բակի դուռը եւ ոստիկանության տեսուչն ու մի քանի ոստիկաններ կմտնեն բակ։ Երեքը կմնան բակում, իսկ տեսուչը երկու ոստիկանի ուղեկցությամբ կմտնեն տուն։ Ոստիկաններից մեկը կմնա մուտքի դռան մոտ, իսկ մյուսը տեսուչի հետ կմտնի այդ սենյակ՝ տնային կալանավորների համար նախատեսված ընթացիկ «արարողակարգը» կատարելու։ 

Արամ Յանին