Մի քանի հարցադրում Առաջին Հանրապետության մասին

Մի քանի հարցադրում Առաջին Հանրապետության մասին

Այս տարի լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 102-ամյակը։ Դրանից ելնելով արժե խոսել դրա հետ կապված մի քանի վիճարկելի հարցերի շուրջ, որոնք բուռն բանավեճերի և քննարկումների պատճառ են դառնում։

Այս պարագայում բանավեճի հիմնական հարցադրումը հետևյալն է. արդյոք 1918թ. մայիսի 28-ին ՀՀ-ն հռչակե՞լ է իր անկախությունը, թե՞ ոչ: Երևի թե պարզ է, թե հակադիր ինչպիսի տեսակետներ կան և, իմ համոզմամբ, չարժի դրանք նորից կրկնել: Միայն նշենք, որ առաջին տեսակետը ուռա-հայրենասիրական է, իսկ երկրորդի մեջ Դաշնակցությանը խարազանելու եւ անկախությունը սոսկ թուրքական պարգև ներկայացնելու միտում կա: Փորձենք հարցը դիտարկել երկու ծայրահեղություններից անդին՝ ինչ-որ չեզոք տիրույթում:

Հայաստանը անկախություն ձեռք կբերե՞ր, եթե Թուրքիան դեմ լիներ դրան: Իմ համոզմամբ՝ այո՛, անկախությունն այդ շրջանում այլընտրանք չուներ, նույնիսկ, եթե Թուրքիան սկզբունքորեն դեմ լիներ, միևնույն է, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը անկախանալու էին: Այլ խնդիր է, որ Թուրքիան կողմ էր այդ անկախությանը, ավելին՝ ինքն էր պնդում, որ երկրներն այդ անկախանան: Այդ դեպքում ինչո՞ւ անկախությունը ներկայացնենք որպես թուրքական պարգև, այլ ոչ թե շահերի համընկնում: Իսկապես, դա շահերի ու հանգամանքների համընկնում էր: Իսկ եթե Թուրքիան դեմ լիներ, ապա ի՞նչ պետք է աներ, երկրորդ արշավա՞նք: Չեմ կարծում, ռեսուրսներ այլևս չկային: Դա հասկանում էին նաև թուրքական իշխանությունները և անկախանալու գործընթացը խոչընդոտելու որևէ քայլ չարեցին, բայց հեռահար ծրագիր ուրվագծեցին՝ հարմար առիթի դեպքում վերադառնալ ու գրավել այդ տարածքները: Ինչպես տեսանք, հարմար առիթն այդպես էլ չեկավ, քանզի Թուրքիան ջախջախվեց աշխարհամարտում, և զինադադար կնքեց: Ի՞նչ վատ բան կա այս ամենի մեջ. երբ շահերն ու հանգամանքները համընկնում են, ապա պետք է շնորհակալ լինել ճակատագրից: Նույնիսկ եթե անկախությունը դիտարկենք որպես թուրքական պարգև, ապա պետք է շնորհակալ լինենք թուրքերին, քանի որ նրանց ջատագովությունը այդ պահին և հետագայում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ հայերի համար:

Շատերը նշում են, թե մայիսի 28-ին Հայաստանը չի հռչակել իր անկախությունը: Համանման ձևակերպումը թյուրընկալումների պատճառ է դառնում: Այո՛, հրապարակված տեքստում «անխախություն» և «հռչակել» բառերը չեն հիշատակվում, բայց Հայաստանը փաստացի անկախանում է: Այդ իսկ պատճառով մի կողմը պնդում է, որ հռչակվել է, իսկ մյուս կողմը՝ թե չի հռչակվել: Իմ համոզմամբ՝ սա անլուրջ բանավեճ է. այն իր մեջ անիմաստության չափազանց մեծ բաղադրիչ ունի, քանի որ միաժամանակ երկու կողմերն էլ և՛ ճիշտ են, և՛ սխալ են: Ե՛վ հռչակվել է, և՛ չի հռչակվել: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանն անկախացել է, և այդ անկախությունը մի փոքր ավելի ուշ իրավական ձևակերպում է ստացել:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայիսի 28-ի տեքստում իրավականորեն չի ձևակերպվել: Բանն այն է, որ քաղաքական խառնակ պայմաններում քաղաքական վերնախավը դրսևորել է զգուշավորություն և փորձել է չշտապել՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ռուսական կայսրության կործանման խոշորագույն ցնցումն ու թուրքական կործանարար արշավանքների սպառնալիքը դեռևս հաղթահարված չեն, իսկ մյուս կողմից էլ՝ մոտ չորս տարի տևող նախադեպը չունեցող պատերազմում դեռևս պարզ չէր, թե որ ռազմաքաղաքական խմբավորումը պետք է հաղթի, Բացի այդ Հարավային Կովկասում էթնոքաղաքական տեսանկյունից իրավիճակը չափազանց սրված էր, իսկ իրենք դեռևս ո՛չ հասկանում էին, թե ինչ է կատարվում և ո՛չ էլ փորձ ունեին երկիր կառավարելու ու ինստիտուտներ ստեղծելու:

Եթե անկախություն բառի չհիշատակումը կարող ենք դիտարկել որպես արդարացված զգուշավորություն, ապա հենց այդ նույն տեքստում կա մի կոպտագույն բացթողում, որն արդեն իսկ զգուշավորության հետ կապ չունի, այլ անփորձության ու անպատասխանատվության արդյունք է: «Նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով՝ լուծվում է Անդրկովկասյան դաշնակցությունը (սեյմը), Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման գործառույթները հայկական գավառների նկատմամբ»: Ի՞նչ է նշանակում հայկական գավառներ: Տեքստի հենց այս անորոշ ձեւակերպումը պետք է խիստ քննադատության ենթարկվի, այլ ոչ թե՝ անկախություն բառի բացակայությունը: Անկախության մասին զգուշավոր տեքստ ասելը ներելի է, բայց երբ վարչական տեսանկյունից հստակ չես ձևակերպում, թե որտեղ ես անկախանում, ապա քո անկախությունը դարձնում ես խոցելի ու անորոշ:

Հայկական գավառներ ասվածը չափազանց լայն հասկացություն է, դրա տակ կարելի է հասկանալ նաև ամբողջ Մեծ Հայքը, ինչու չէ` նաև Փոքր Հայքի տարածքը: Անկախության գործընթացն առաջնորդող ուժը պարտավոր էր նշել հենց այն վարչական սահմանները, որոնց տիրույթում նա ի վիճակի կլիներ քաղաքական գործունեություն ծավալել և ռազմական ներկայություն ապահովել: Ասվածից չի կարելի ենթադրել, թե այդ դեպքում 12 հազարի փոխարեն հանրապետությունն ավելի մեծ տարածք կզբաղեցներ, միգուցե ոչինչ էլ չփոխվեր, բայց գոնե թղթի վրա կլինեին նոր ձևավորվող պետության հստակ սահմանները, և Առաջին աշխարհամարտի ավարտից ու Թուրքիայի պարտությունից հետո Դաշնակցական կառավարության իշխանությունը կտարածվեր հենց այդ կոնկրետ տարածքի վրա: Բայց, ի հակադրության այս ամենի, Հանրապետությունն իր գոյության ամբողջ ընթացքում հստակ սահմաններ չունեցավ ու առաջնային պլան մղեց Սևրի պայմանագրի կեղծ օրակարգը և Արևմտյան Հայաստանի վերադարձի փոխարեն, կորցրեց նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը:

Հնարավոր է՝ վերոհիշյալ մտորումները հանդիպեն սուր քննադատության, եւ առաջնային հիմնավորումն այն կլինի, թե ինչպես սահմանել կոնկրետ սահմանագիծ, երբ մի կողմից Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար օկուպացնում են Ջավախքն ու Ղարաբաղը, իսկ դրան հաջորդում է թուրքական արշավանքը դեպի արևելք:

Որքան էլ տարածքները օկուպացվեն, եթե ստեղծման պահին պետությունը հստակ սահմանում է իր տարածքային ամբողջականության շրջանակները, ապա սահմաններն այդ վերածվում են իրավական իրողության: Միայն այդպես հնարավար կլինի օկուպանտին դուրս շպրտել արդեն իսկ տարածքային ամբողջականության անքակտելի մաս կազմող, բայց օկուպացված շրջաններից: Պարզապես պետք է գծված քարտեզը խելամիտ սահմաններում լինի, այլ ոչ թե վերցնել ու անորոշ հայտարարություն անել, որ մենք պետություն ենք հռչակում հայկական բոլոր գավառների վրա: Հենց այս սխալը պետք է դիտարկվի որպես հիմնական քննադատության թիրախ, քանի որ դա է ամենաէական բացթողումը: Դեպի անկախություն գնացող էթնիկ խումբը պետք է գիտակցական մակարդակում հստակ պատկերացնի, թե որոնք են իր նորաստեղծ պետության սահմանները:

Ի դեպ, այս խնդիրն ավելի քանի 600 տարի ուղեկցել է հայ ժողովրդին: Այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկումից և վրացական կարճատև տիրապետությունից հետո Հայաստանը՝ որպես վարչաքաղաքական համակարգ, ամբողջությամբ կազմաքանդվում և տարրալուծվում է ընդհանրական զանգվածի մեջ: Ասվածի վառ ապացույցն է, որ Օսմանյան տիրապետության շրջանում արդեն գործածական են դառնում հայկական կամ էլ հայաբնակ գավառներ հասկացությունները: Հայաստան բառը հազվադեպ է հանդիպում, այն էլ խիստ անորոշ է, թե վարչաքաղաքական իմաստով ի՞նչ է ենթադրում այդ բառը: Գրեթե նույն իրավիճակը առկա էր նաև Արևելյան Հայաստանում, որտեղ վարչաքաղաքական անորոշության հիմնախնդրին գումարվել էր նաև ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակը, այն է՝ հայերը աստիճանաբար դառնում էին փոքրամասնություն: Բանն այն է, որ աշխարհիկ իշխանության ամբողջական ոչնչացումից ու ինքնաոչնչացումից հետո Հայաստանի տարածքում տիրապետող դարձավ Էջմիածնի աստվածապետությունը կամ էլ հայկական Վատիկանը, որը սահմաններ չունեցող անսահմանության մեջ սահմանափակված ինչ-որ միավոր էր: Այս հանգամանքը նույնպես նպաստեց, որ Հայաստան վարչաքաղաքական միավորն անէանա:

Ընդհանրապես՝ վարչաքաղաքական համակարգը նույնիսկ անկախության բացակայության պայմաններում էթնոսի բնականոն գոյության ու զարգացման վճռական նախապայմաններից մեկն է, ինչպես նաև այն հիմքը, որի վրա հետագայում պետք է վերստեղծվի անկախությունը: Իսկ հայկական իրականությունում հարյումյակներ շարունակ հողի վրա ու մարդկանց գիտակցության մեջ հստակ ամրագրված չէր, թե ինչ է նշանակում Հայաստան, ինչն իհարկե կործանարար հետևանքներ ունեցավ։ 

Ծանրագույն այս իրավիճակը մի փոքր շտկվեց Ռուսական տիրապետության պայմաններում: Թուրքմենչայի պայմանագրից հետո ստեղծված Հայկական մարզը կարևոր նշանակություն ունեցավ, որպեսզի գոնե մոտավոր ճշգրտվի հայերի վարչաքաղաքական համակարգը: Չնայած ռուսներն էլ պարբերաբար փորձել են տարրալուծման քաղաքականություն իրականացնել, բայց այդ փորձերը ոչ միշտ են հաջողության հասել: Հայկական մարզի վերացումը ասվածի վառ ապացույցն է: Անշուշտ, Հայկական մարզը, այնուամենայնիվ, դարձավ վարչաքաղաքական այն սյունը, որի հիմքի վրա ստեղծվեց Առաջին Հանրապետությունը: Բայց այդ հիմքային իրողությունը չձևակերպվեց որպես հստակ իրավական իրողություն և արդյունքում ՀՀ-ն իր գոյության ամբողջ ընթացքում գոնե իր համար այդպես էլ չհստակեցրեց, թե որոնք են պետության սահմանները: Դրանք ուրվագծվեցին ինքնաբերաբար և հստակեցվեցին արդեն Հանրապետության անկումից հետո:

Վարչաքաղաքական համակարգի պահպանման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեցավ Խորհրդային տիրապետությունը, որը հնարավորություն տվեց հայերին պահպանել Առաջին Հանրապետությունից ժառանգած վարչական համակարգը։ Հենց այս բազիսային հիմքի վրա էլ 1991թ. հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ արդի Հայաստանը Հայկական մարզի, Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի վարչաքաղաքական ժառանգորդն է: Եթե չլիներ վարչաքաղաքական այս շարունակականությունը, ապա ներկայումս հայերը կապրեին քրդերի կարգավիճակով՝ առանց պետության, ցաք ու ցրիվ ու պառակտված։