ԱԳՆ-ն քանդելու պրոցեսը հաջողությամբ առաջ է գնում

ԱԳՆ-ն քանդելու պրոցեսը հաջողությամբ առաջ է գնում

Մարտի 16-ին մենք հրապարակում ունեինք` «ԱԳՆ-ն չի՞ խրատվում», Արտաքին գործերի նախարարության հայտարարած մրցույթների մասին: Այժմ կարող ենք ամփոփել ԱԳՆ արտաքին մրցույթի արդյունքները` ևս մեկ անգամ արձանագրելով, որ նախարարությունում ոչ միայն ոչ մի բան չի փոխվել, այլև եթե անգամ փոխվել է, ապա` դեպի վատը: Այն առումով, որ ԱԳՆ նոր ղեկավարությունը արդյունավետ օգտագործում է նախկին ղեկավարության արատավոր փորձը` գերատեսչությունում իր մտերմներին ներդնելով:

Իսկ հիմա` ներկայացնենք փաստերը: Եվ այսպես, հայտարարված 28 պաշտոնից համալրվել է 17-ը: Ինչպես նախկինում համալրողների հիմնական մասը ԱԳՆ-ից էին կամ ԱԳՆ ղեկավարության հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձինք, իսկ ներկա դեպքում` համարյա բացառապես դրանք են:

Այսպես. մրցույթով կրկին ԱԳՆ են ընդունվել նախկինում ԱԳն աշխատակիցներ Համբիկ Մինասյանն /առաջին քարտուղար/ ու Նինա Օհանյանը /երկրորդ քարտուղար/: Որպես երրորդ քարտուղար` ներկա աշխատակից Թամարա Հովնանյանը, իսկ որպես կցորդներ` ևս 9 հոգի` ներկա աշխատակիցներից, ներառյալ Միրզոյանի քարտուղարուհի Ծովինար Զոհրաբյանը:

Նախարարության հետ տեսանելի կապ չունեցողներից են միայն Սյուզաննա Մարտիրոսյանը և Մեդեա Շամիրյանը: Չնայած վերջինիս հայրը Ենոքավանի զարգացման հիմնադրամի հիմնադիրներից է` Վահե Շամիրյանը: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին:

Մրցույթի արդյունքում որպես առաջին քարտուղար ԱԳՆ է ընդունվել ներկայիս մամլո խոսնակ, նախկինում ԱԳՆ երրորդ կամ երկրորդ քարտուղար Վահան Հունանյանը, որը հեռացավ ԱԳՆ-ից «հեղափոխության» օրերին, պաշտոնավարեց փոխվարչապետ Ավինյանի մոտ և պարետատանը:
Որպես պետարարողակարգի գործակալության խորհրդական ԱԳՆ է ընդունվել նախարար Միրզոյանի օգնական Սյուզաննա Ավետիսյանը, ով այդ հաջողության շնորհիվ նույնիսկ շրջանցեց իր դիվանագետ ամուսնուն. մեր տվյալներով, երկար տարիներ աշխատող իր դիվանագետ ամուսինը դեռ առաջին քարտուղար է: Հարկ չենք համարում գնահատել Ավետիսյանի դիվանագիտական կամ արարողակարգային գիտելիքները, սակայն նա, բնականաբար, շարունակելու է կատարել նույն գործառույթները, որոնք կատարում էր որպես Միրզոյանի օգնական:

Եվ ամենակարկառուն դիվանագետը, որն ընդունվել է որպես ԱԳՆ առաջին քարտուղար` դա Միրզոյանի կամ նրա կնոջ բարեկամ Արտակ Գաբրիելյանն է: ԱԳՆ-ում քաջատեղյակ են, թե ինչ ճնշումներ էին գործադրում ԱԺ նախագահ Միրզոյանն ու վարչապետ Փաշինյանը նախարարներ Մնացականյանի ու Այվազյանի վրա` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Գաբրիելյանին` օրենքները շրջանցելով գլխավոր հյուպատոս նշանակելու համար: Դե ինչ, այժմ այդ գործը հեշտացավ:

Հավելենք, որ ԱԳՆ այլ աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն` Արարատ Միրզոյանն ԱԳՆ է «ներխուժել» ոչ միայն իր օգնական Սյուզիով, խորհրդականներ Վահան Կոստանյանով ու Դավիթ Կարապետյանով, այլ նաև իր «թիմի» ուրիշ  անդամներով, որոնց տեղավորել է իր համար «ամենահետաքրքիր» ֆինանսական, աուդիտի ու գործերի կառավարչության ոլորտներում: Մի կողմ թողած, որ այդ անձնավորությունների մի մասը /ըստ ԱԳՆ աշխատակիցների/ նախարարության շենքում «քեֆները» լավ ֆռֆռում են, Միրզոյանն ամիսներ շարունակ փորձեր է անում իր մտերիմին` Սամվել Մելիքսեթյանին որևէ պատասխանատու պաշտոնի նշանակել: Հասել է նրան, որ մոգոնել է Դիվանագիտական ծառայության մասին օրենքի փոփոխություն ու զանազան նորմատիվ ակտեր անտեսելով ԱԳՆ դիվանագետ գլխավոր քարտուղարի տեղակալի`քաղծառայողի պաշտոն է ստեղծում /շատ հարմար պահ է` ԱԺ նույնիսկ մասնագիտական  հանձնաժողովի նիստում ամենաաբսուրդ նախագծերին առարկողներ չկան/:

Ստացվում է, որ եթե անգամ ինչ-ինչ պատճառներով չլինի ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա Արարատ Միրզոյանի մտերիմ քաղծառայող Սամվել Մելիքսեթյանը ղեկավարելու է ՀՀ դիվանագիտական ծառայությունը:

Փառք քեզ, Նիկոլ Փաշինյան: Այդպես կարելի է նաև  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը դարձնել քաղծառայողի պաշտոն ու մեկ ուրիշ սամվելմելիքսեթյանի նշանակել բանակի ղեկավար: