ԱԳՆ-ն չի՞ խրատվում

ԱԳՆ-ն չի՞ խրատվում

Օրերս ԱԳՆ-ն հայտարարեց թափուր պաշտոնների համալրման համար 2021 թվականին կասեցված մրցույթը վերսկսելու ու նոր մրցույթ անցկացնելու մասին: Սակայն, ինչպես հասկացվում է մրցույթի դրված պաշտոնների ցանկից, աշխատաոճը մնացել է նույնը, ու ԱԳՆ նոր մրցութային-ատեստավորող հանձնաժողովն էլ կա՛մ խնդիր չի ունեցել մինչեւ 2018թ. մայիս-հունիս գործող նախկին հանձնաժողովի որոշումներն իրագործելու հարցում, կա՛մ, ավելի վատ`մրցույթն անցկացնելու է նույն սկզբունքներով, ինչ նախկինում, եւ թափուր հաստիքները համալրելու է նորից յուրայիններով: 

Մի փոքր նախապատմություն. անցյալ տարվա հունիսին «ԱԳՆ-ում հերթական խայտառակ մրցույթն է կայանալու» հոդվածով , «Հրապարակն» անդրադարձել էր ԱԳՆ-ում հայտարարված մրցույթին, որով փորձ էր արվում այն ժամանակվա խառը (հետպատերազմյան, ադրբեջանական մայիսյան ներխուժման, նախընտրական) իրավիճակից օգտվելով՝ համալրման հերթական կասկածելի ալիքն իրականացնել: Կասկածելի, որովհետեւ, ինչպես նշել էինք, մրցույթին հայտարարված 18 պաշտոնի միայն 8-ն էր կցորդի պաշտոն (դիվանագիտական առաջին աստիճան), իսկ 10-ն ավելի բարձր պաշտոններ էին, ինչը ենթադրում է, որ նախարարության ներսում նման որակավորման մասնագետներ չեն գտնվել, ու անհրաժեշտություն է ծագել այդպիսիներին գտնել համակարգից դուրս: Ինչպես գրել էինք մեր հոդվածում, կցորդից բարձր պաշտոնները մրցույթի դնելու համար պետք է նախօրոք մրցույթ հայտարարվի համակարգի ներսում (էլ չասած, որ կարգը թույլ է տալիս նաեւ նշանակում արտամրցութային կարգով), ու համապատասխան աշխատակից չգտնվելու դեպքում միայն ԱԳՆ համակարգից դուրս կարող են փնտրել կադրեր, սակայն, ԱԳՆ աշխատակիցների ներկայացմամբ, վերջին տարիներին կայացած ոչ մի արտաքին մրցույթից առաջ ներքին մրցույթի հայտարարություն չի եղել:

Հասկանալի է, որ այդ հնարամտությունը լավ հնարավորություն է յուրայիններին (ներառյալ նախարարության ղեկավարների հետ փոխկապակցվածներին) ԱԳՆ-ում միանգամից բարձր պաշտոնների ընդունելու համար (շրջանցելով համակարգում տարիներ շարունակ աշխատող անձանց), ինչը հաստատվում է, երբ ծանոթանում ես այդ պաշտոններին վերջին տարիներին ընդունվածների ցանկերին: Սակայն սա առանձին հոդվածի նյութ է:

Մեր վարկածը հաստատվում է նաեւ նրանով, որ հաճախակի մրցույթի են դրվել այնպիսի պաշտոններ, որոնք հանգիստ կարելի էր համալրել առկա դիվանագետների շարքերից: Օրինակ, ժամանակին մրցույթ էր հայտարարվել ԱԳՆ հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետի պաշտոնը համալրելու համար, ինչը ենթադրում էր, որ 30-ամյա նախարարության հյուպատոսների ստվար բանակում անհնար է եղել գտնել այդպիսի մասնագետ: Իսկ դա բավականին անհավանական է:

2021թ. մայիսին հայտարարված մրցույթին, ինչպես այն ժամանակ գրել էինք, այդպիսի տարօրինակ ու կասկածելի հիմունքներով առաջարկվել էին արարողակարգի ծառայության խորհրդականի եւ անձնակազմի կառավարման վարչության առաջին քարտուղարի պաշտոնները: Ինչեւէ, տարբեր սուբյեկտիվ (ԱԳՆ ղեկավարության հրաժարականի) եւ օբյեկտիվ (գուցե` մեր թերթի ահազանգի) պատճառներով մրցույթը չկայացավ: ԱԳՆ-ն հայտարարեց, որ այն «անորոշ ժամկետով կասեցվում է»: Թեեւ մասնագետների կարծիքով` ո՛չ ԱԳՆ գործունեությունը (մասնավորապես` մրցույթի անցկացումը) կարգավորող, ո՛չ էլ այլ նորմատիվ ակտերում մրցույթների կասեցումների ու վերսկսումների վերաբերյալ դրույթներ չկան: Այսինքն, ճիշտ իրավական որոշման դեպքում մրցույթը պետք է կա՛մ դադարեցվեր, կա՛մ հայտարարվեր չկայացած, իսկ հետագայում հայտարարվեր նոր մրցույթ: Առավել եւս, որ, ինչպես հուշեցին ԱԳՆ-ից, մրցույթը հայտարարում է ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը, որի կազմը 2018թ. մայիսին, բնականաբար, էականորեն տարբերվում էր 18-ից հետո ձեւավորված կազմերից:

Ավելին, համաձայն մրցութային կարգի` այն «անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի», ինչը ենթադրում է, որ չի անցկացվում, եթե դիմողներ չեն եղել: Մեր տվյալներով` հայտարարված 18 հաստիքներից որոշներին դիմողներ չեն եղել, ու, ենթադրաբար, առնվազն դրանց մասով պետք է նոր մրցույթ հայտարարվեր: Եվ հիմա` փետրվարի վերջին, հայտարարվում է չկայացած մրցույթի վերսկսման ու նոր պաշտոնների համալրման մրցույթ` նախկին 18 հաստիքին ավելացնելով եւս 10-ը, որոնցից երեքը` կրկին կցորդից բարձր: Դրանք համալրելու նպատակով նախապես ներքին մրցույթ հայտարարելու մասին, ինչպեսեւ կարելի էր ակնկալել, ոչ մի տեղեկություն չկա, այսինքն՝ հին ավանդույթները շարունակվում են:

Մրցույթ անցկացնելու կարգում միանշանակ գրված է, որ «պահանջների խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով»: Այսինքն, կցորդից բարձր պաշտոնի արտաքին մրցույթ հայտարարելը՝ առանց ներքին մրցույթ անցկացնելու, կարող է վիճարկվել դատական կարգով` ներառյալ այդ մրցույթի արդյունքներն ու հաղթող ճանաչված անձին ԱԳՆ-ում պաշտոնի նշանակելը:

Մենք, ցանկացած դեպքում, շարունակելու ենք հետեւել գործընթացներին, անպայման հետաքրքրվելու ենք հաղթողներով եւ համոզված ենք, որ հաղթողների ցանկից պարզ է դառնալու, որ մրցույթը հայտարարվել էր հենց այդ անձին կամ անձանց ԱԳՆ ընդունելու նպատակով:
Ցավալի է, որ ԱԳՆ ղեկավարությունները փոխվում են, իսկ նախկին արատավոր ավանդույթները ոչ թե վերանում, այլ դառնում են գործիք` նորերի ձեռքում, որոնք երբեմն նաեւ զարգացնում են անօրինական մոտեցումները: Օրինակ, նախարար Էդվարդ Նալբանդյանի օրոք լայնորեն կիրառվող ու նախարար Զորիկ Մնացականյանի կողմից օգտագործվող ավանդույթը` դեսպանություններում երեք տարուց ավելի պաշտոնավարելը, հիմա էլ է ակտիվ կիրառվում: Իհարկե, կարելի է ենթադրել նաեւ, որ դրա պատճառն ԱԳՆ նոր ղեկավարության անփորձությունը կամ նախարարության պատասխանատու օղակների միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալ ուղղորդումն է, սակայն, ընդհանուր առմամբ, ոչ մի հիմնարկի ղեկավարության համար դա արդարացում չի կարող լինել: Մենք առաջիկայում եւս անդրադառնալու ենք չարաշահման ու օրենքի խախտման բոլոր ուղղություններին` անուններով եւ փաստերով: 

ՀԳ․ ԱԳՆ մամուլի ծառայություն չենք դիմում՝ մեկնաբանություններ ստանալու համար, որովհետեւ այս ծառայությունը հրաժարվում է աշխատել եւ պատասխանել լրագրողների հարցերին: Եթե նորմալ աշխատող ծառայություն ունենար ԱԳՆ-ն, ապա կհարցնեինք, թե ինչու ներքին մրցույթներ չեն անցկացվել, եւ ինչ է նշանակում` կասեցված մրցույթի վերսկսում:

Սվետա Մարտիրոսյան