Ինչո՞վ է բացատրվում Հայաստանի իշխանության խաղաղասիրությունը

Ինչո՞վ է բացատրվում Հայաստանի իշխանության խաղաղասիրությունը

Գրեթե մեկուկես տարի ամենօրյա ռեժիմով հնչում է նույն հարցը. ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանության եւ հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրությունը: Այդ հարցը տրվում է հիմնականում այն կոնտեքստում, որ հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել այն պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ միայն հակված չէ խաղաղության, այլեւ ակտիվորեն պատրաստվում է պատերազմի: Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի հայկական մնացած հատվածի դեմ դրսեւորվող ագրեսիային Հայաստանի իշխանությունն ունի մեկ պատասխան. մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից: 

Թվում է, թե Փաշինյանը եւ նրա իշխանությունը կտրված են իրականությունից եւ չեն տիրապետում իրավիճակին: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ շատ լավ հասկանում է, որ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել այդ ագրեսիային: Հայաստանը չի էլ պատրաստվում դրան, որ մի բան էլ պատրաստ կամ անպատրաստ լինի: Փաշինյանը շարունակում է ապրել եւ գործել «ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» սկզբունքով: Իհարկե, այս գործելաոճը կործանարար է երկրի համար, բայց դրան հակառակ գործելն էլ կործանարար կլիներ Փաշինյանի եւ նրա իշխանության համար: «Երկի՞րը, թե՞ իշխանությունը» երկընտրանքի պայմաններում Փաշինյանը վաղուց ընտրությունը կատարել է հօգուտ իշխանությունն ամեն գնով պահելու տարբերակի: Բայց ի՞նչ կապ կա իշխանությունը պահելու եւ երկիրն անպաշտպան թողնելու միջեւ, կամ՝ ինչո՞ւ հնարավոր չէ երկիրը պաշտպանելով` պահել իշխանությունը:

Խաղաղասիրության օրակարգից հրաժարվելու այլընտրանքը երկիրն ակտիվորեն ինքնապաշտպանության կամ, եթե կուզեք` ավելի ճիշտ, ապագա պատերազմին պատրաստելն է: Դա պետք է արվի հրապարակայնորեն եւ բացահայտ, քանի որ դրա համար անհրաժեշտ է երկրի եւ հասարակության ռեսուրսների համախմբում, պետք է հանրային կոնսենսուս: Բայց հենց Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը պետք է պատրաստվի նոր պատերազմի, առաջին պլան կգա նրա եւ նրա իշխանության հրատապ հեռացման հարցը: Հայաստանը չի կարող պատրաստվել նոր պատերազմի եւ հույս ունենալ, որ կհաջողի այդ պատերազմում Փաշինյանի իշխանության պայմաններում: Փաշինյանը մի անգամ արդեն ապացուցել է, որ ընդունակ չէ կազմակերպել երկրի պաշտպանությունը, քանի որ ինքն ու իր իշխանությունը տապալել են Հայաստանի եւ Արցախի իշնքնապաշտպանությունը: 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը պարտության եւ կապիտուլյացիայի սիմվոլն է, եւ այդ սիմվոլի գլխավորությամբ երկիրը չի կարող պատրաստվել հաջող պաշտպանության: 

Փաշինյանի իշխանությունը հենված է հասարակության այն հատվածի վրա, ովքեր նրան ձայն են տվել հենց հանուն խաղաղության հաստատման: Դրանք այն մարդիկ են, որոնց չեն հուզում ո՛չ Արցախի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի տարածքային կորուստները, ո՛չ էլ անգամ Հայաստանի` որպես պետականության նվաստացումը: Նրանք ոչ այնքան խաղաղություն են ուզում, որքան որ պատրաստ չեն պատերազմի, պատրաստ չեն մասնակցել երկրի պաշտպանությանը: Նրանց կարգախոսը կարող է լինել խաղաղություն ցանկացած գնով: Պատերազմի պատրաստվելու օրակարգը միանգամից կդելեգիտիմացնի Փաշինյանի իշխանությունը` նրան զրկելով այն հանրային հենարանից, որը նա այսօր ունի՝ ի դեմս հասարակության այդ հատվածի:

Եվս մեկ հանգամանք. Փաշինյանի իշխանությունն իր էությամբ պոպուլիստական է, իսկ որեւէ պոպուլիստական իշխանություն ի վիճակի չէ պատրաստվել ինքնապաշտպանության: Պատերազմի պատրաստվելը ենթադրում է ռազմական բյուջեի էական մեծացում՝ ի հաշիվ այլ ծախսերի: Մինչդեռ պոպուլիստական իշխանությունը սիրում է հանրային տեսարաններ, ասենք` ամեն քաղաքում մեկ-երկու փողոցի ասֆալտապատման տեսքով, որն ի ցույց կդնի իշխանության «լավ» աշխատանքը: Պատերազմի պատրաստվելը ենթադրում է ազգային տնտեսության զարգացում, այդ թվում՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում: Մինչդեռ Փաշինյանի իշխանության տնտեսական հենարանը վիճակախաղերն ու առեւտրի կենտրոններն են:

Էլ չենք խոսում այն մասին, որ պատերազմին պատրաստվելը պահանջում է գիտելիք եւ փորձ, մինչդեռ խաղաղություն մուրալու համար բավարար են բնատուր ընդունակությունները: Այնպես որ՝ խաղաղության օրակարգն այս իշխանության համար իսկապես այլընտրանք չունի: