«Սպիտակ թուրքի» միֆը

«Սպիտակ թուրքի» միֆը

Վերջին տարիներին, երբ Հայաստանում սնկի նման աճեցին եվրոպական, ամերիկյան ծագում ունեցող տարբեր ՀԿ-ներն ու գրասենյակները, ակտիվացավ հակառուսական տրամադրությունների քարոզչությունը. «Ռուսը հայի ամենամեծ թշնամին է», «Եթե չլիներ Ռուսաստանը, Հայաստանը հիմա ծովից ծով էր», «Ռուսաստանը կռիվը գցում է հայերի ու ադրբեջանցիների մեջ եւ հետո գալիս, լավամարդ լինելով՝ իր ոտքը պնդացնում մեր երկրի տարածքում», «Ռուսը նույն թուրքն է, բայց՝ սպիտակ»:

Ռոմանտիկ ազգայնականներ, եվրոպամետներ, սորոսականներ 

Հակառուսական քարոզչությունն անում են ոչ միայն նրանք, ովքեր ֆինանսավորվում են տարբեր օտարերկրյա կառույցների, ասենք՝ Սորոսի գրասենյակի կողմից, այլեւ մարդիկ, ովքեր եվրոպական արժեքների կրողներ են, կարծում են, որ Եվրոպան ժողովրդավար է, մարդասեր, բարի: Հայաստանի անվտանգությունն ու ապագան այդ մարդիկ անկեղծորեն տեսնում են Եվրոպայի հետ: Հակառուսական տրամադրություններ ունեն նաեւ մաքուր ազգայնական մարդիկ, որոնց հայրենասիրական ռոմանտիկան թելադրում է, որ մենք կարող ենք գրողի ծոցն ուղարկել բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, ու լիարժեք անկախ, անվտանգ եւ ապահով ապրել: Սա, իհարկե, գեղեցիկ ու ազնիվ երազանք է, բայց, ցավոք, անիրականանալի: Հատկապես աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ աշխարհի գերտերությունները կլանում, կուլ են տալիս փոքր պետություններին, իսկ Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ խաչմերուկում է, կազմաքանդված՝ պետական գրեթե բոլոր կառույցներով, արտաքին ու ներքին ուժերի կողմից, պատերազմից թուլացած հայկական բանակով: 

Եվրոպական «անկարող» նավերը, ամերիկյան աղոթքն ու ռուսական ռազմաբազան

Մեր դառը փորձը, 44-օրյա պատարազմը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ժողովրդավար, բարի Եվրոպան ու ԱՄՆ-ն Հայաստանի մատից փուշ հանող չեն: Եվրոպական նավերը չեն կարող մեր սարերը բարձրանալ: Հայաստանն անգամ ԱՄՆ նախագահի ու նրա կնոջ աղոթքին չարժանացավ՝ ի տարբերություն Ուկրաինայի: Արեւմուտքն անգամ կարգին տիրություն չի անում իրեն անվերապահորեն նվիրված ու իր բզբզանքով պատերազմի մեջ ներքաշված Ուկրաինային, ուր մնաց՝ Հայաստանին: Այսօր էլ Թուրքիան մեծ հաճույքով կիրականացնի երկրորդ եղեռնը հայերի նկատմամբ եւ վերջնականապես կլուծի հայկական հարցը, եթե չլինի Ռուսաստանի զսպող գործոնը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան: Անշուշտ, պատմության ընթացքում եղել են մեզ համար պատմական ոչ բարենպաստ իրողություններ, որոնցում դերակատարում է ունեցել Ռուսաստանը: Բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած պետություն նախեւառաջ առաջնորդվում է իր պետական շահերով, հետո նոր՝ դաշնակցի: Եվ, այդուհանդերձ, չպետք է ուրանալ այն դերակատարումը, որն ունեցել է Ռուսաստանը հայ ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական ժամանակներում: Դաշնակցի հետ պետք է կարողանալ ճիշտ երկխոսել, որպեսզի չհայտնվենք վասալի կամ դավաճան-ուրացողի կարգավիճակում: 

Էժան քրջուփալաս, կանաչի, ձու

Որքան էլ զարմանալի է, այսօր Հայաստանի քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հակված են Հայաստանը կտրել ՌԴ-ից եւ բերել թուրքական ազդեցության գոտի: Նրանք էժան՝ քրջուփալասային մտածողությամբ, էժան ձու ու լոլիկ ուտելու ախորժակ ունեցողներն են, ովքեր կարծում են, թե Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրատնտեսական կապերի խորացումը Հայաստանին բերելու է ծաղկունք, զարգացում, կյանքը դառնալու է ուրախ, ապրուստը՝ ձրի: 

Հայերն ապրում են աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ ՌԴ-ում եւ Թուրքիայում: Հայկական ամենամեծ համայնքը ՌԴ-ում է: Ռուսաստանում շատ են հայ մեծահարուստները, ովքեր այնտեղ կարողացել են այնպիսի հաջողությունների հասնել, որ աշխարհի մասշտաբով ամենահարուստների ցանկում զբաղեցնում են առաջին հորիզոնականները: Նրանցից շատերը ՌԴ-ում ստեղծած իրենց կապիտալի մի մասը ներդրել են հայաստանյան տնտեսության մեջ, բարեգործություններ են անում: 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ի գործարար հայերը մեծ օգնություն էին ուղարկում Հայաստան, այդ թվում՝ զինվորական տարբեր պարագաներ, ինչն օրենքով արգելված է: Օդանավակայանում, սակայն, ոչ մի խնդիր չէր առաջանում դրանք ուղարկելիս: Սա, բնականաբար, առանց ռուսական իշխանությունների իմացության չէր արվում: Այս ամենը չէին կարող անել Թուրքիայում ապրող հայերը: Նրանց մեծ մասը ցեղասպանությունից հետո մնացած ծպտյալ հայերն են: Նրանք չեն կարող որեւէ ֆինանսական օգնություն ուղղել Հայաստանի զարգացմանը, որեւէ բարեգործական ծրագրի մասնակից լինել: Մարդիկ, որոնք ավելի ուշ են գնացել Թուրքիայում աշխատելու, հիմնականում կատարում են սեւագործ աշխատանք՝ դայակի, տնային տնտեսուհու, մաքրուհու, ծերեր ու երեխաներ խնամողի: Թուրքիայում այսօր հայերն էժան եւ որակյալ բանվորական աշխատուժ են: Նույնը կլինեն նաեւ Հայաստանում, եթե Հայաստանի տնտեսությունը հայտնվի թուրք մեծահարուստների ձեռքում:

Եվ վերջապես՝ ռուս զինվորականն արյունարբու չէ

Ռուսաֆոբները հաճախ են շրջանառում «սպիտակ թուրք» արտահայտությունը: Սա բավականին անարդար գնահատական է. ռուսները, ռուս զինվորականները հայերին եւ, առհասարակ, թշնամու խաղաղ բնակչությանը չեն մորթում, չեն բռնաբարում, չեն այրում կամ անդամահատում: Եվ հազիվ թե գտնվի մի պատմություն, որ արյունարբու թուրքի դեմ դուրս գա ընտանիքն ու երեխաներին պաշտպանող հայ կին եւ ողջ մնա՝ առանց անարգվելու ու դաժանաբար սպանվելու: Իսկ ուկրաինացի կինը համարձակ դուրս է գալիս ռուս զինվորների առջեւ եւ պահանջում չկրակել: Նա համոզված է, որ ռուս զինվորը չի սպանի իրեն ու իր երեխաներին: Կարեւոր չէ, թե այս պատերազմում որ կողմն է ճիշտ, որը՝ սխալ, եւ աշխարհաքաղաքական ինչ հարց է լուծվում: Թուրքերի ու նրանց ադրբեջանական մասնաճյուղի անմարդկային դաժանությունները մենք տեսել ենք եւ շարունակում ենք տեսնել: 

ՀԳ․ Վերջերս համացանցում աչքովս են ընկնում սպառնալիքներ` հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, ովքեր ունեն ռուսական կողմնորոշում: Իսկ ԱԱԾ-ն դրանց նկատմամբ աչք է փակում: Այդ կառույցը զբաղված է բացառապես Փաշինյանի ընտանիքի հասցեին հնչող քննադատություններով ու հայհոյանքներով…