Զոհերի թիվն 1000-ից ավել է, վիրավորներինը՝ 3000․ Իսրայելցի քաղաքագետ

Զոհերի թիվն 1000-ից ավել է, վիրավորներինը՝ 3000․ Իսրայելցի քաղաքագետ

Այսօր ցավոք զոհվածների թիվն արդեն անցել է հազարը, վիրավորները մոտ երեք հազարն են։ «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։ Վերջինս բնակվում է Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում, որը գտնվում է Իսրայելի կենտրոնական հատվածում և անընդհատ հրթիռակոծության տակ է։

«Այսօր նորից Իսրայելի հարավային հատվածն են հրթիռակոծում անընդհատ, ինչպես նաև երեք հուժկու հարձակում է եղել երկրի եկնտրոնում գտնվող քաղաքների ուղղությամբ՝ Թել Ավիվ, Գեոցելիա և այլն։ Ինչպես նաև Լիբանանի կողմից են սկսվել ռազմական գործողություններ»,-ասաց Կորսունսկին։

Իսրայելցի քաղաքագետը նշեց, որ հրթիռակոծություն է եղել Լիբանանի կողմից, ինչն Իսրայելն անպատասխան չի թողել։ Ցավոք, հարձակման հետևանքով Իսրայելի Պաշտպանության բանակի շարքերում կան զոհեր։ 

«Հրապարակի»-ի հետ զրույցի ժամանակ միացավ տագնապի ազդանշանն ու Կորսունսկին ասաց, որ այլևս չի կարող խոսել՝ ընդամենը 1.5 րոպե ունեն ռմբապաստարանում պատսպարվելու համար, քանի որ իրենց ուղղությամբ հրթիռ են արձակել։

Իսրայելի հայտնի Երկաթյա գմբեթ ՀՕՊ համակարգը, եթե չի կարողանում խոցել հրթիռը, ապա դրա ուղղությամբ գտնվող բնակավայրի բնակիչներն ազդանշանից հասկանում են, որ ընդամենը 1.5 րոպե ունեն ապաստարանում թաքնվելու համար։

Հիշեցնենք, որ Իսրայելի պատասխան գործողությունների արդյունքում Գազայում խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր կան։