Մարդ, որը բոլոր իշխանությունների օրոք ջրի երեսին է

Մարդ, որը բոլոր իշխանությունների օրոք ջրի երեսին է

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից եւ նրա մեկ այլ հրամանագրով՝ նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):

Տեր-Ստեփանյանը նոր մարդ չէ հայկական երկնակամարում․ նա անկախության առաջին տարիներից տարբեր կառույցներում ներկայացրել է Հայաստանը։ 1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետն էր, 1992-1993թթ.՝ ԱԳ նախարարի խորհրդականը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության համաժողովում (ԵԱՀՀ)՝ հայկական պատվիրակության ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀՀ-ի խաղաղության բանակցություններում՝ հայկական պատվիրակության ղեկավարը։ 1993-1996թթ. Քրիստիան Տեր-Ստեփանյանը Եվրոպական միությունում ՀՀ առաքելության խորհրդականն էր, այնուհետեւ՝ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, առաքելության ղեկավարի տեղակալը։ 1996-1998թթ.՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը, 1998-1999թթ.՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, 1999-2008թթ.՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից նա եղել է ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։ Այսինքն մարդ, որը բոլոր նախագահների եւ իշխանությունների օրոք ընդունված է եղել նախագահի ապարատում եւ պետական կառույցներում։