Ամեն ինչ մեր երկրի նման է դարձել՝ քանդվում է

Ամեն ինչ մեր երկրի նման է դարձել՝ քանդվում է

Գյումրու երկաթուղային կայարանի մոտ գտնվող Սեւյան ակումբը, որը տարիներ շարունակ Հայաստանի երկրորդ քաղաքի մշակութային զարգացման կարեւոր կենտրոնն է եղել, երկրաշարժից հետո այլեւս օգտագործման ենթակա չէր։ 2019-ի գարնանը շենքն անհատույց օգտագործման տրվեց «Բալետ-2021» հիմնադրամին, որի ջանքերով 2021-ին այստեղ պետք է գործեր Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոնը։

«Բալետ-2021» հիմնադրամի նախագահ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նկատում է՝ պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, այդ թվում՝ դերակատարները կառավարությունում, ուստի գործընթացն էլ դանդաղում է, քանի որ նախկին բոլոր պայմանավորվածությունները նախկին պաշտոնյաների հետ էին։ «Ամեն ինչ մեր երկրի նման է դարձել՝ քանդվում է, բայց պետք է նորերին էլ հիշեցնենք, որ արվեստն է առաջ տանելու մեզ»,-ասում է նա ու ընդգծում, որ նախատեսված է ստեղծել ոչ միայն բալետային դպրոց, այլեւ կատարողական արվեստի կենտրոն, որտեղ կգործի այսօրվա մտածելակերպին համահունչ արվեստի դպրոց։

Այս տարի նախատեսված էր դրամահավաք անել, նաեւ շենքի դիմաց համերգ կազմակերպել, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Այդուհանդերձ, գարնանը դրամահավաք կարվի, բայց թե ինչքանով կհաջողեն՝ չի պատկերացնում։ «Շենքը դեռ չի վերանորոգվել, մենք կանադացի մի ճարտարապետ ունեինք, նա հետաքրքիր լուծումներ էր տվել՝ պահելով հին ֆասադը, իսկ շենքը պետք է լիներ ոչ միայն բալետի դպրոց, ակադեմիա, այլեւ կատարողական արվեստի կենտրոն։ Դա միայն Հայաստանի համար չէր լինելու, այն ամբողջ տարածաշրջանը պետք է միացներ իրար, որի կենտրոնը պետք է լիներ Գյումրին, դրսից պետք է նաեւ ուսուցիչներ հրավիրվեին։ Բոլորը հետաքրքրված էին, որովհետեւ դրանով Գյումրիում եւ ողջ տարածաշրջանում պետք է զարգանար նաեւ տուրիզմը։ Մենք չպետք է թուլանանք եւ պետք է աշխատենք, մի բան, որ չենք սիրում անել»,- ասում է Ռ․ Խառատյանը։

Պատերազմից հետո մշակույթին, արվեստին տրվող գումարները կկրճատվեն, բայց պետք է ճանապարհներ գտնել՝ այն առաջնային պլանում պահելու համար։ «Պետությանը թվում է, որ արվեստն ավելորդ մի բան է, այն մեզ պետք չէ, եւ մենք պետք է հայկական սառնարան սարքենք կամ ռուսական մեքենաներ գնենք։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ մեր աբստրակտ միտքն աշխատի, զարգանա․ դա է մեր խնդիրը։ Բոլորին թվում է, որ տնտեսությունը զարգացրին կամ զինվորական ինչ-որ բաներ սարքեցին, դրանով կընկնեն առաջ մյուս երկրներից։ Ոչ, մենք մյուս երկրներից կարող ենք ընկնել առաջ մեր աբստրակտ մտածելակերպով եւ աշխատանքով»։

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է առաջիկայում Շուշին հռչակել համայն մահմեդական աշխարհի մշակութային քաղաք, այլ կերպ ասած՝ թշնամին հաջորդ զենքը դարձնում է մշակույթը, ինչի կարեւորությունը մեր հարեւանները շատ լավ են հասկանում․  «Նրանք այդ ամենը շատ լավ են հասկանում, նաեւ՝ օրերի սիմվոլիկան, եւ այդպես մտածված, կազմակերպված՝ գնում են առաջ։ Մենք ամեն ինչ ունենք, բայց չգիտենք ոնց օգտագործենք, դա է պրոբլեմը։ Հուսով եմ՝ մեր ազգը կհասկանա այս խնդիրները եւ սփյուռքին էլ ոչ թե կասի՝ եկեք այստեղ ապրեք կամ փող տվեք մեզ, այլ կգիտակցի, որ մեր սփյուռքը մեր 5-րդ շարասյունն է, եւ պետք է այնպես աշխատեցնել, որ բոլորն իրենց երկրներում պահանջատեր լինեն։ Մենք պետք է կարողանանք մեր արվեստը գլոբալիզացնել, մեր ունակությունները բացահայտել, սովորել ու աշխատել։ Իսկ մեր ժողովուրդը չի սիրում աշխատել, նրան պետք է ստիպել, որ ինքն աշխատի եւ պրոֆեսիոնալիզմի հասնի․ այստեղ է մեր խնդիրը։ Ու արվեստն առաջինը պետք է խթան լինի մնացած բոլոր ձեւերի համար, որ կարողանանք մեր ուղեղն աշխատեցնել եւ գալ լուծումների»։