Ինչպես անել, որ բոլոր բարձր պաշտոնները հասանելի դառնան քայլածներին

Ինչպես անել, որ բոլոր բարձր պաշտոնները հասանելի դառնան քայլածներին

ՀՀ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Հեղափոխականները վերջին շրջանում համատարած «երիտասարդացնում» են պաշտոնները՝ նվազեցնում պաշտոնյաների տարիքային եւ փորձառության շեմը: Կարճ ասած՝ օրենքները հարմարեցնում են «քայլածներին», որ նրանք, չունենալով մասնագիտական փորձառություն, կենսագրություն եւ անցած ճանապարհ, կարողանան կարեւոր պաշտոններ զբաղեցնել։ Եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իրենց «հագով կարում» էին Սահմանադրությունը, ապա նորերն անում են նույնը, պարզապես Սահմանադրությանը դեռ հերթը չի հասել։
Իսկ պաշտոնների համար նախկինում գործող ցենզերն իջեցնելու անհրաժեշտությունը նրանք զգացին դեռ մեկուկես տարի առաջ, երբ սփյուռքի նախկին նախարար, այժմ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որն այս օրենքի հեղինակ Վաղարշակ Հակոբյանի կուրսեցին է, օրենքից անտեղյակ՝ իրեն խորհրդական էր նշանակել չափից դուրս երիտասարդ մեկին ու հայտնվել աղմուկի կիզակետում, ինչից հետո խորհրդականի հրամանը չեղյալ արեցին եւ այլ պաշտոնի նշանակեցին։ 

Խորհրդականներից բացի, նախատեսվում է իջեցնել նաեւ դատավորների տարիքային շեմը։ Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է դատավոր դառնալու համար տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն սահմանել 3 տարին։ Աղմկահարույց այս նախագիծը, որը շուտով կներկայացվի խորհրդարան, նույնպես դիմադրության է արժանացել հանրության եւ համակարգի կողմից։ Դատավորի կողմից կայացվող դատական ակտով որոշվում է մարդկանց ճակատագիրը, եւ անփորձ, անպատրաստ մեկին նման լիազորություններ տալը վտանգներով է հղի։ Հաջորդ փոփոխությունն իրականացվեց Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի եւ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմների ու չափորոշիչների հարցում։

Իշխանությունը տարիուկես դեգերելուց հետո, երբ 2017-ին ընդունված օրենքի նախագիծը շուրջ մեկ տարի թղթի վրա մնաց, հրաժարվեց անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգից, որն ապահովում էր նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Ինչպես նաեւ հանվեցին  թեկնածուների համար պահանջվող անկախության, սուվերենության եւ պրոֆեսիոնալության երաշխիքները, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ մշտապես ՀՀ-ում բնակվելու, նաեւ՝ ճանաչում ունենալու պահանջները։ Իսկ աշխատանքային ստաժի պահանջն իջեցվեց՝ նախատեսելով ընդամենը 5 տարի, որից միայն 3 տարին է ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջը։

Եթե սրան հավելենք նաեւ ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ նշանակելու կարգի փոփոխությունը, երբ օրենքի ընդունումից հետո կարող են նշանակվել նրանք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին, պարզ կդառնա, որ սա համընդհանուր ծրագիր է՝ պրոֆեսիոնալության մակարդակն իջեցնելու, կենսագրություն չունեցող մարդկանց բարձր պաշտոնների նշանակելու, իշխանության մեջ տարբեր պատահական մարդկանց ներդնելու ուղղությամբ:
Այս ամենին հարկավոր է հավելել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր՝ աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է ռեկտորների նշանակման շեմն էլ իջեցնել։ Նախօրեին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը դասախոսներից մեկը հարց բարձրացրեց․ «Արդյոք հնարավո՞ր է, որ 28 տարին լրացած մեկը, որը գիտությունների թեկնածու է եւ 5 տարի աշխատել է մասնավոր բուհում, ընտրվի ԵՊՀ ռեկտոր: Ձեր նոր նախագծով հնարավո՞ր է դառնալ ռեկտոր՝ առանց գոնե աշխատելու նույն բուհում: Ինչո՞ւ պետք է ինչ-որ բուհում աշխատած մեկը գա եւ դառնա ԵՊՀ ռեկտոր, որն ընդամենը գիտությունների թեկնածու է»։

Պարզվում է՝ նախագիծը տալիս է այդ հնարավորությունը։ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ բարձրացված հարցը դեմ է ակադեմիական ազատությանը։ «Էս ի՞նչ տեղային շովինիզմ է. միայն համալսարանն ավարտա՞ծը պետք է համալսարանի ռեկտոր դառնա»,- հարցրեց նախարարը: Ի դեպ, ժամանակին կրթության նախարարն էլ պարտադիր պետք է ունենար գիտությունների դոկտորի կոչում։ Թեեւ, իհարկե, դոկտոր լինելը պարտադիր չէ, բայց կիրթ, լայնախոհ, հայրենասեր լինելը եւ հանրային կարծիքը լսելու ունակությունը պարտադիր են։