Համարենք թե ժողովուրդը քնած է, արթնացնող չկա՞

Համարենք թե ժողովուրդը քնած է, արթնացնող չկա՞

Այնպիսի տպավորություն է, որ ասես մինչև 4 զոհերը չէին իմանում, թե ինչ վիճակ է տիրում Ներքին Հանդում։ Եթե զոհերը չլինեին, չէին իմանա, որ Ներքին Հանդը օկուպացիայի մեջ է ու նրա տարածքների զգալի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը փակելուց հետո ոչ միայն Ներքին Հանդը, այլ Կապանի հարակից գյուղերը կանգնեցին անվտանգային լուրջ խնդիրների առաջ։ Ներքին Հանդը այդ գյուղերից մեկն է։ Ուսումնական հաստատությունը ադրբեջանական դիրքերից ընդամենը 500 մետրի վրա է։ Սահմանային այս գյուղի դիրքերի մեծ մասը ադրբեջանցիները գրավել են ու նստել խմելու ջրի աղբյուրի գլխին։ Գյուղի բնակիչները հա էլ ասում էին, որ գյուղն անվտանգ չէ, գյուղի շուրջբոլորը զինված ադրբեջանցիներ են։ Անասնապահությամբ ու հողագործությամբ ապրող մարդիկ մնացել են առանց հողի և անասունների։

Գյուղացին ասում է՝ «Մերոնք նստել են արտի հետևին, թուրքերը՝ արտի վերևին։ Կմտնե՞ն արտը, ասենք հնձեն, ինչ-որ մի բան անեն... սուտ ա»։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ քաղաքական դաշտում որևէ ուժ, որ չի իմանում, թե Հայաստանի ծայրամասերում ինչ է կատարվում, որ կտրտելով հասնում են կենտրոնին։ Համարենք թե ժողովուրդը քնած է, արթնացնող չկա՞։ 44-օրյա պատերազմից հետո այս վերաձևումների մասին նո՞ր եք իմանում։ Այդ հատվածի որ գյուղի մեջ էլ խորանաք, կտեսնեք, որ ադրբեջանցին վերևում է, գյուղը ներքևում։

Մյունխենյան կոնֆերանսում, մի կողմ թողնելով Նիկոլ Փաշինյանի բոլոր խուսանավումները, հիշեցնենք, որ նա ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին։ Այն տպավորությունն էր, որ ՀՀ այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, նրա տարածքներն են։ Այդքանից հետո ի՞նչ պահանջես գյուղացուց, ժողովրդից, իր նշանակած մարզպետներից, համայնքապետերից, երբ Ներքին Հանդի զոհերը դիտարվում են որպես Ադրբեջանի սահմանային զոհեր։