Ռազմական օկուպացիաներ, էսկալացիաներ սահմանին․ 2024-ի հնարավոր զարգացումները

Ռազմական օկուպացիաներ, էսկալացիաներ սահմանին․ 2024-ի հնարավոր զարգացումները

Անցնող տարին կբնութագրեմ որպես կորուստների տարի, ծանր տարի, դիվանագիտության և միջազգային քաղաքականության տեսանկյունից կորուստների տարի ևս, բացի տարածքային և մարդկային կորուստներից, կգնահատեի որպես անկումային տարի։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

«Քաղաքական դաշտում ողբերգական վիճակ է, տոտալ ողբերգություն է, համաժողովրդական ապատիան տիրող իրավիճակի և մասնավորապես այս իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, գնահատում եմ շատ նեգատիվ, որովհետև ժողովրդի մասնակցություն քաղաքական պրոցեսներին զրոյական վիճակում է, որը թույլատրելի չէ, անկախ նրանից, որ յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել, որ նա չի զբաղվում քաղաքականությամբ։ Առհասարակ խոստումնալից որևէ բան չեմ տեսնում, նամանավան երբ արտաքին սպառնալիքները դեռևս առկա են և կանխանշելի է, որ 2024 թիվը թևակոխելու ենք ավելի ծանր մարտահրավերներով»,-ասաց Կարապետյանը։

Միջազգայնագետը նշում է, որ առանց չափազանցնելու ճակատագրական դեպքերը և իրադարձությունները բաժին են հասնելու 2024 թվականին, թե հիմա մենք ինչպես կդիմագրավենք արտաքին մարտահրավերներին և թե ինչպես կկանխարգելենք նման խնդիրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի և հայոց պետականության  առաջ՝ դա արդեն կերևա տարվա նախաշեմին, որովհետև ամենայն հավանականությամբ գարնանը ինչ-որ բաներ են սպասվում։

«Վերջին իրադարձությունների ֆոնին, երբ կանխորոշված խաղաղության պայմանագիր ասվածը դեռ կնքված չի, դա տալիս է թշնամուն, որը որ առ այսօր չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից, արտաքին վտանգներ են սպասվում, չի բացառվում ռազմական օկուպացիաներ, չի բացառվում սպառնալիքները սահմանին, չի բացառվում էսկալացիաները տարբեր տրամաչափի, հետևաբար պետք է հասկանալ, որոնք են մեր անելիքները 2024 թվականին։ Եթե մենք թևակոխում ենք 2024 թվական նման իշխանություններով, ես կարծում եմ, բոլորս վտանգված ենք։ Ես լավատես եմ էությամբ, բայց քաղաքական հաշվարկները և իրադարձությունների շարանը թույլ է տալիս նման կարծիք արտահայտել»,-նկատեց վերջինս։

Արտահերթ ընտրությունների մասին ուղերձները, որոնք դաշտ են նետվել իշխանամերձ շրջանակներից, արդյոք խոսում են այն մասին, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների, Կարապետյանն ասաց, որ որոշ արտախորհրդարանական ուժեր կամ քաղաքական միավորներ տարբեր կերպ են մեկնաբանում և արտահայտվում այդ հարցի շուրջ։

«Օրինակ մեկը կա, որն ասում է, որ մենք կդառնանք կոշտ ընդդիմություն, բայց պրոիշխանական կուսակցության ղեկավարն է, բայց այդուհանդերձ, նման խոսույթը պտտվում է։ Ես չեմ կարծում, որ գործնականում որևիցե մեկը, առավել ևս պրոիշխանական որոշ քաղաքական միավորներ՝ դեմ արտահայտվեն գործող իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը»,-ասաց Կարապետյանը։

Փաշինյանին այս պահին ձեռնտու է նոր ընտրություններով փակել նախորդ էջը, ամփոփել նախորդ էջը և սկսել նոր էջից, հատկապես որ ասվում է, որ Արցախյան էջն այլևս փակված է և իրենք սկսում են նոր զրո կետից։

Հետևաբար դա ամրագրելու և ամփոփելու համար պետք են նոր ընտրություններ, այնպես ինչպես նույն սկզբունքով վարվում է Ալիևը Ադրբեջանում՝ փետրվարին տեղի ունենալիք ընտրություններին։

«Այսինքն ամփոփում են նախորդ իրենց արածն ու չարածը և անցնում են հաջորդ փուլին՝ տվյալ դեպքում մեկը մյուսին ձիով քայել է անում, փորձելով ընտրությունների միջոցով նոր իրողություններով հանդես գալ և փորձեն նոր իրողությունների հիմքի վրա այլ կերպ քաղաքական գործընթացների մեկնարկը տալ»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը։