Ամանորը եւ Սուրբծննդյան տոները՝ գրականության մեջ

Ամանորը եւ Սուրբծննդյան տոները՝ գրականության մեջ

Ամանորի եւ սուրբծննդյան մանկական գրականությունը սովորաբար բաժանվում է սուրբծննդյան պատմվածքների, ժողովրդական սյուժեներով հեքիաթների եւ հեղինակային գործերի։ Սուրբծննդյան պատմվածքների «հիմնադիրը» համաշխարհային գրականության մեջ համարվում է Չարլզ Դիքենսը, ով 1843 թվականին գրել է «Սուրբծննդյան արձակ բանաստեղծությունը»՝ ծերունի ժլատ պարոն Սկրուջի մասին, ով փոխվում է հոգիների հետ հանդիպումից հետո։ Այս ժանրի ամենասրտառուչ գործերից մեկը Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկն» է։ Ցանկացած սուրբծննդյան պատմվածքում պարտադիր տեղի է ունենում հրաշք եւ հերոսի վերածնունդ։

Ռուսական գրականության մեջ այս ժանրն ավելի ռեալիստական է եղել։ Ռուս հեղինակները հրաժարվել են կախարդանքից՝ պահպանելով մանկության, սիրո, ներողամտության եւ սոցիալական թեմատիկան։ Արդյունքում ստացվել են խորաթափանց եւ չափազանց զգայական ու սրտառուչ գործեր։ Հիշենք Ֆյոդոր Դոստոեւսկու «Տղան Քրիստոսի մոտ՝ տոնածառի հանդեսին» պատմվածքի տղային, որ ժպիտը դեմքին մահանում էր ցրտահարությունից, կամ Լեոնիդ Անդրեեւի պատմվածքի հրեշտակին, ով հալչում է «չար» տղա Սանկայի լամպից։ Սուրբծննդյան պատմվածքներ ունեն շատ ռուս հեղինակներ՝ Բունինը, Չեխովը, Կուպրինը եւ այլք։ Այս ավանդույթը շարունակում են ժամանակակից ռուս հեղինակները, ինչպես, օրինակ, Օլեսյա Նիկոլաեւան։ Իսկ ահա Նիկոլայ Գոգոլի «Սուրբծննդյան նախօրեի գիշերը» ոչ թե պատմվածք է, այլ ժողովրդական սյուժեների հիման վրա ստեղծված հեքիաթ, որում տեսնում ենք, թե ինչպես են միմյանց հետ «գոյակցում» քրիստոնեական տոնն ու հեթանոսական սովորությունները։
Իհարկե, բոլոր ժողովրդական հեքիաթներն էլ արտահայտում են հին հավատալիքները։ Օրինակ, Ձմեռ պապի կերպարը, որը հայտնի է նաեւ Մորոզկո, Մորոզ Իվանովիչ անուններով, ռուսական տպագիր գրականության մեջ հայտնվել է միայն 1840 թվականին՝ Վ․ Օդոեւսկու «Իրինեյ պապիկի հեքիաթները» ժողովածուի մեջ։ Այն եղել է ձմռան ցրտի, բուքուբորանի տերը հանդիսացող հեթանոսական ոգին։

Նկատենք, որ Ձմեռ պապը որեւէ կապ չի ունեցել ո՛չ սուրբծննդյան տոնի հետ, ո՛չ Նոր տարվա։ Դեկտեմբերի 24-25-ին տոնվել է նոր արեւի՝ Կոլյադայի ծնունդը, որից էլ առաջացել են հայտնի «կոլյադկաները»։ Ձմեռ պապը սուրբծննդյան տոնի հետ հարազատացել է միայն 19-րդ դարի վերջին, այն բանից հետո, երբ Ալեքսանդր 2-րդ ցարը ռուսական միջավայրում «ընտելացրել» է եվրոպական Սանտա Կլաուսին։

Ռուսական հեղափոխությունից հետո Ձմեռ պապն ու Սուրբ Ծնունդն անհետանում են եւ միայն 1930 թվականին վերականգնվում։ Խորհրդային գրականության մեջ սուրբծննդյան պատմվածքը, որպես ժանր, ասպարեզից բացակայում է հասկանալի պատճառներով, մի բան, որ երբեք տեղի չի ունեցել եվրոպական գրականության հետ։ Հեքիաթներն էլ դառնում են ամանորյա, ինչպես, օրինակ,  Մարշակի «Տասներկու ամիսները»։ Հետաքրքրական է, որ տարբեր ժողովուրդների մոտ սյուժեները հաճախ կրկնվում են։ Օրինակ, Գրիմ եղբայրների կողմից մշակված «Մետելիցա տատիկը» նման է ռուսական Մորոզկոյին, որտեղ խեղճ խորթ աղջնակը պարգեւատրվում է իր բարության համար, իսկ չար խորթ մայրն ու նրա դուստրերը պատժվում են։ Սանտա Կլաուսն էլ դյուրին ճակատագիր չի ունեցել։ Շատերը գիտեն, որ Սանտայի նախատիպը Սուրբ Նիկողայոսն է, ով իր ունեցվածքը բաժանել է երեխաներ ունեցող աղքատ ընտանիքներին։ Դրա համար էլ նրա հիշատակության օրը եվրոպացի վանականները, իսկ հետո արդեն սուրբծննդյան տոնին՝ երեխաներին անուշեղեններով տուփեր են նվիրել։

Սանտա Կլաուսի՝ մեզ համար սովորական կերպարը ստեղծվել է միայն 1823 թվականին՝ ամերիկացի Կլեմենտ Մուրի «Սուրբծննդյան գիշեր» բանաստեղծության մեջ, որտեղ Սանտա Կլաուսն առաջին անգամ հայտնվում է սահնակով, եղջերուներով եւ ծխատարների միջով մտնելով տները՝ գուլպաների մեջ թողնում է նվերներ, որոնք կախված են լինում բուխարիներից։