Յուդաշկինից մինչեւ Բերլուսկոնի եւ Քիսինջեր․ անվանի գործիչներ, որոնք մահացել են 2023-ին

Յուդաշկինից մինչեւ Բերլուսկոնի եւ Քիսինջեր․ անվանի գործիչներ, որոնք մահացել են 2023-ին

Ցավոք, ամեն տարին հիշվում է ոչ միայն ձեռքբերումներով ու հաջողություններով, այլեւ կորուստներով։ Ի՞նչ հայտնի հասարակական, քաղաքական, պետական ու մշակութային գործիչներ են մահացել 2023-ին: Մարդիկ, որոնց ճանաչում ու սիրում էին միլիոնավոր մարդիկ` աշխարհի ամենատարբեր երկրներում։ 

Հետխորհրդային տարածքում անցնող տարում իրենց երկրային կյանքին հրաժեշտ տվածների թվում են դերասանուհիներ Իննա Չուրիկովան, Մայա Մենգլետը, Վերա Վասիլեւան, Յուլիա Բորիսովան, Իրինա Միրոշնիչենկոն, Նինա Դրոբիշեւան, Լիլիտա Օզոլինիան եւ Լյուդմիլա Աբրամովան, դերասաններ Ալեքսանդր Տյուտրյումովը, Սերգեյ Դրեյդենը, Սերգեյ Բորիսովը, Ալեքսեյ Կույզը, Սերգեյ Բորիսովը, Վլադիմիր Բորիսովան։ Կինոռեժիսորներ Վադիմ Աբդրաշիտովը եւ Նիկոլայ Դոստալը, երգչուհի Օլգա Վարդաշեւան, կոմպոզիտորներ Ալեքսանդր Կոլկերը եւ Ալեքսեյ Մուրավլեւը, մոդելավորողներ Վալենտին Յուդաշկինը եւ Վյաչեսլավ Զայցեւը, քաղաքական գործիչներ Իվան Սիլաեւը, Մուրթազա Ռախիմովը եւ Ռուսլան Խասբուլատովը։

Աշխարհի մյուս ծագերում մահացածների մեջ հատկապես հայտնի են՝
Հենրի Քիսինջեր - ծնվել է 1923 թվականի մայիսի 27-ին, Ֆուրտում (Բավարիա, Գերմանիա), մահացել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին, Քենթում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) 101 տարեկան հասակում։ Ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ եւ միջազգային հարաբերությունների փորձագետ։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական 1969-1975թթ. եւ ԱՄՆ պետքարտուղար 1973-1977 թվականներին։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1973)։
Զարկո Լաուշեւիչ - ծնվել է 1960 թվականի հունվարի 19-ին, Ցետինեում (Հարավսլավիա, այժմ՝ Մոնտենեգրո), մահացել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին, Բելգրադում։ Հարավսլավացի, սերբ եւ չեռնոգորացի դերասան։ Պետար Հորվաթի դերակատարը «Վարդով սպան» ֆիլմում։ 
Մեթյու Փերի - ծնվել է 1969 թվականի օգոստոսի 19-ին, Ուիլյամսթաունում, Մասաչուսեթս, ԱՄՆ, մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին՝ խեղդվելով Լոս Անջելեսի իր տան ջակուզիում: Կանադացի եւ ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ ԱՄՆ Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր (1996թ.), հեռուստատեսային ուղեցույցի մրցանակ (2000թ.): 
Լի Կեցյան - ծնվել է 1955 թվականի հուլիսի 1-ին, Դինգյուանում, Չուժոու։ Մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 27-ին, Շանհայում, սրտի կաթվածից: Չինացի տնտեսագետ եւ քաղաքական գործիչ, ով զբաղեցրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետի պաշտոնը 2013-2023 թվականներին։ 
Բոբի Չարլթոն - ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 11-ին, Աշինգտոնում, Նորթումբերլենդ, մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 21-ին՝ դեմենցիայի պատճառով: Անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն եւ 1966 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։ 
Մարտի Ախտիսաարի - ծնվել է 1937 թվականի հունիսի 23-ին, Վիիպուրում, մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, 86 տարեկան հասակում: Ֆինն դիվանագետ, ՄԱԿ-ի պաշտոնյա, Ֆինլանդիայի նախագահ (1994-2000 թթ.): Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008թ․)։ 
Փայփեր Լաուրի - ծնվել է 1932 թվականի հունվարի 22-ին, Դեթրոյթում, Միչիգան։ Մահացել է 2023 թվականի հոկտեմբերի 14-ին, 91 տարեկան հասակում: Ամերիկացի դերասանուհի, «Էմմի» (1987) եւ «Ոսկե գլոբուս» (1991) մրցանակների դափնեկիր։
Տոտո Կուտունյո - ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին, Ֆոսդինովոյում, Մասսա Կարարա, Տոսկանա, մահացել է 2023 թվականի օգոստոսի 22-ին, Միլանում: Իտալացի երգիչ, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող 1990 թվականին։ 
Շինեյդ O'Քոննոր - ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 8-ին, Դուբլինում, մահացել է 2023 թվականի հուլիսի 26-ին, 56 տարեկան հասակում: Իռլանդացի երգիչ եւ կոմպոզիտոր։
Փեթի Ռայա - ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին, Գերմանիայում, մահացել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ ծանր հիվանդությունից հետո: Գերմանացի դիսկո երգչուհի. «You’re My Love, You’re My Life» հիթի կատարող։ 
Ջեյն Բիրկի - ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 14-ին, Լոնդոնում, մահացել է 2023 թվականի հուլիսի 16-ին, Փարիզում: Բրիտանացի եւ ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի, ռեժիսոր։ 
Սիլվիո Բերլուսկոնի - ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին, Միլանում, մահացել է 2023 թվականի հունիսի 12-ին՝ լեյկոզից: Իտալացի պետական եւ քաղաքական գործիչ, չորս անգամ եղել է Իտալիայի վարչապետը (1994-1995, 2001-2005, 2005-2006, 2008-2011), ձեռնարկատեր:
Ջիմ Հայնս - ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 10-ին, Դումասում, Արկանզաս, ԱՄՆ, մահացել է 2023 թվականի հունիսի 3-ին՝ 76 տարեկան հասակում: Ամերիկացի թեթեւաթլետ, 1968 թվականին Մեխիկոյում կայացած օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։ Առաջին մարդը, ով վազեց 100 մետր վազքը 10 վայրկյանից պակաս ժամանակում։
Թինա Թերներ - ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 26-ին, Նաթբուշում, Թենեսի, ԱՄՆ, մահացել է 2023 թվականի մայիսի 24-ին, Կուսնախտում (Շվեյցարիա), ծանր հիվանդությունից հետո: Ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի եւ պարուհի։ Գրեմմիի ութ մրցանակի դափնեկիր։ «Ռոքնռոլի թագուհի»։ Նա պատմության մեծագույն երգչուհիներից եւ պարուհիներից է։ 
Ջասթ Ֆոնթեյն - ծնվել է 1933 թվականի օգոստոսի 18-ին Մարաքեշում (Մարոկկո), մահացել է 2023 թվականի մարտի 1-ին՝ Թուլուզում: Ֆրանսիացի ֆուտբոլիստ, աշխարհի մեկ առաջնությունում խփած գոլերի ռեկորդակիր (13 գոլ՝ 1958թ. Շվեդիայի աշխարհի առաջնությունում): 
Ջինա Լոլոբրիջիդա - ծնվել է 1927 թվականի հուլիսի 4-ին, Սուբիակոյում, Լացիո, մահացել է 2023 թվականի հունվարի 16-ին, Հռոմում: Իտալացի դերասանուհի, եվրոպական կինոյի սեքս խորհրդանիշ։ Իտալիայի Հանրապետության արժանիքների շքանշանի մեծ սպա, Պատվո լեգեոնի ասպետ, Արվեստի եւ գրականության շքանշանի սպա:
Ջանլուկա Վիալի - ծնվել է 1964 թվականի հուլիսի 9-ին, Կրեմոնայում, Լոմբարդիա, մահացել է 2023 թվականի հունվարի 6-ին, Լոնդոնում: Իտալացի ֆուտբոլիստ եւ մարզիչ, ազգային հավաքականի խաղացող, աշխարհի առաջնության (1990) եւ Եվրոպայի (1988) բրոնզե մեդալակիր։ Մեկն է այն ինը խաղացողներից, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի գավաթը եւ գավաթակիրների գավաթը: 
Ուոլթ Քանինգհեմ - ծնվել է 1932 թվականի մարտի 16-ին, Կրեսթոնում, Այովա, ԱՄՆ, մահացել է 2023 թվականի հունվարի 3-ին․ Հյուսթոնում, Տեքսաս, ԱՄՆ: ՆԱՍԱ-ի տիեզերագնաց. 1968 թվականին նա «Ապոլոն 7» առաքելության ժամանակ եղել է Լուսնի մոդուլի օդաչու։

Իհարկե, այս ցանկն ամբողջական չէ, քանի որ մեզ այս տարի լքել են այլ հայտնի եւ արժանավոր մարդիկ նույնպես։ Կյանքն ու մահը հաջորդում են միմյանց, եւ մահից հետո կյանք ունեն նրանք, ովքեր ինչ-որ նշանակալի հետք են թողել այս աշխարհում: