Ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեց

Ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեց

Արցախի պաշտպանության նախկին նախարար, 44-օրյա պատերազմի օրերին ԱԽ գործող քարտուղար Բաբայան Սամվելի ասելով՝ ինքը դեռեւս 2018-ին Փաշինյանին գրավոր տեղեկացրել է, որ նոր պատերազմի դեպքում «դատապարտված ենք պարտության»: Հընթացս ինչ-որ սցենար է ներկայացրել, պարտությունը հենց այդպես էլ տեղի է ունեցել: Դրան անմիջապես հետեւած հաջորդ հարցին, թե չկա՞ր, արդյոք, 44-օրյայում հաղթելու տարբերակ, նա պատասխանել է. «Եթե ճիշտ ռազմական ղեկավարություն նշանակեին՝ կհաղթեին»: Զարմանալի է, որ այդ մարդը չի գիտակցում իր խոսքում առկա հակասությունը` որ եթե պատերազմից առաջ էր նախանշել պարտությունը, ապա Նիկոլը ում էլ նշանակեր, դա, միեւնույն է, տեղի էր ունենալու: Ուրիշ հարց, եթե 2018-ին բանտից ազատվելուց հետո ոչ թե պարտության սցենար նախանշեր, այլ առաջարկեր իրեն նշանակել Արցախի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատար: Ու միաժամանակ առաջարկեր ծագելիք պատերազմի դեպքում հաղթանակի սցենար:

Բայց հարցազրույցի ընթացքում նման փաստեր չի հայտնել: Դրա փոխարեն անընդհատ մեծարել է նախ ինքն իրեն, երկրորդը` արդարացրել Նիկոլին: Եվ երրորդը՝ փորձել է բանի տեղ չդնել կամ նույնիսկ սխալ հանել ռուսներին: 
Լրագրողների հետ Բաբայանի զրույցը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ հանդիպումից հետո: Հարցազրույցում նախկին «կամանդույուշչիի» միակ կռվանը, իր ասելով, փաստեր ներկայացնելն է: Դրանցից մեկը, սակայն, անմիջապես հերքվել է, սկզբում՝ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, ապա՝ Շահրամանյանի խորհրդականի կողմից: Խոսքն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի՝ այս օրերին էլ Ադրբեջանի հետ կապի մեջ լինելու մասին է: Ինչը, ըստ Բաբայանի, հենց Շահրամանյանն է հայտնել Արցախի ԱԺ պատգամավորներին: Մյուս «փաստի» հերքումն էլ կատարվել է 44-օրյա պատերազմի ժամանակվա Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի կողմից: Խոսքն այս դեպքում էլ Բաբայանի՝ որպես ԱԽ քարտուղարի, հարցաքննվելու մասին է: Կարծում եմ, որ նման «փաստերը» շատ ավելին կլինեն: Բայց այդ երկուսն էլ բավարար է, որպեսզի, նախ, Բաբայանի ասածները լուրջ չընդունվեն: Եվ երկրորդ՝ Նիկոլը չցանկանար, որ նման անձը պաշտպաներ իրեն: Եթե, իհարկե, Նիկոլն ավելի ադեկվատ լիներ, ապա Բաբայանի աջակցության կարիքը հաստատ չէր ունենա: Ու դրա մասին վաղուց հայտնի կլիներ Բաբայանին:

Բայց ողջ խնդիրն այն է, որ ադեկվատությունը, որ նախկինների ժամանակ էլ էր կաղում, Նիկոլի օրոք ընդհանրապես Հայաստանի իշխանության հատկանիշը չէ: Դրա առաջին եւ գլխավոր վկայությունն այն է, որ հանրապետության առաջին պաշտոնյան է դարձել ստի ու կեղծիքի խորհրդանիշը՝ իհարկե, գրագետ մարդկանց կարծիքով: Իսկ պետությունը, հիշեցնեմ, ղեկավարվում է հենց այդպիսի անձանց կողմից: Կամ տեսականորեն պետք է ղեկավարվեր, ինչպես դարեր շարունակ եւ նույնիսկ մի քանի հազարամյակ դա արվում է Չինաստանում: Իսկ քանի որ Հայաստանում դրա հակառակ տարբերակն է, ապա երկրի ղեկավարի համախոհներն ու աջակիցներն էլ պետք է լինեն հենց Բաբայան Սամվելի նման անձինք: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ինքը նախընտրում է շրջապատել իրեն հենց ոչ գրագետ մարդկանցով ու վայելել նրանց աջակցությունը: Եվ եթե նույնիսկ ուղեղի աննորմալ լարումով վերացարկվենք Արցախի կորստից, բազմահազար զոհերի հանգամանքից ու դեռեւս շարունակվող անվտանգային սպառնալիքներից, ներկայացված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը Փաշինյան Նիկոլն է: Որովհետեւ նա եկավ մերժելով ոչ միայն Սերժին, այլեւ նրա անձի միջոցով՝ այն բոլոր թերություններն ու բացթողումները, որ առկա էին երկրում անկախություն ձեռք բերելուց այս կողմ: Եվ նորմալ հասարակություն ու պետություն կառուցելու փոխարեն եղածն էլ ավերեց: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեց: