Գնում է Սանկտ Պետերբուրգ` ի՞նչ ասի
Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարեց, որ գագաթնաժողովի ավարտից հետո Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը եւ Հայաստան կբերի գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումները, որպեսզի Հայաստանը եւս միանա դրանց, եւ դրանք դառնան կազմակերպության բոլոր անդամների կողմից ընդունված եւ լեգիտիմ որոշումներ: Գագաթնաժողովի ավարտից անցել է մեկ շաբաթից ավելի ժամանակ, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան չի այցելել: Մեր տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ցանկություն չեն դրսեւորում հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ:
ՀԱՊԿ անդամ երկրները, ընդհանուր առմամբ, հայտնվել են անելանելի վիճակում, ինչը կապված է Հայաստանի դիրքորոշման հետ: Մի կողմից՝ ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում անդամ երկրի հեռացման ընթացակարգ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ նույնպիսի համահիմնադիր է, ինչպես, ասենք, Ռուսաստանը, մյուս կողմից` Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա չի անում, այլ բոյկոտում է կազմակերպության գործունեությունը: Ընդհակառակը՝ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ Հայաստանը մտադրություն չունի լքել ՀԱՊԿ-ն, ՀՀ օրակարգում նման խնդիր չկա:
Սակայն ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով. որոշումների կայացման համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Հիմա Բելառուսում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունվել են որոշումներ, որոնց Հայաստանն իր համաձայնությունը չի տվել, չի ստորագրել ընդունված փաստաթղթերի տակ: ՀԱՊԿ-ում որոշել էին այդ հարցը լուծել այլ կերպ. Տասմագամբետովն այդ փաստաթղթերի փաթեթը կբերեր Հայաստան, եւ Նիկոլ Փաշինյանը դրանք կստորագրեր Հայաստանում, եւ դրանք կդառնային օրինական: Բայց եթե Փաշինյանը հրաժարվում է ընդունել Տասմագամբետովին, նշանակում է, չի էլ պատրաստվում ստորագրել այդ փաստաթղթերը՝ դրանով ապալեգիտիմացնելով ոչ միայն կոնկրետ այդ փաստաթղթերը, այլեւ, ընդհանրապես, կառույցը: Ի՞նչն է Հայաստանի իշխանությունների նման վարքագծի պատճառը:
Ի սկզբանե տեսակետ կար, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում իր վրա վերցնել Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու պատասխանատվությունը եւ ուզում է այնպես անել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ կապված ինչ-որ որոշում կայացնեն` «Ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» բանաձեւի շրջանակներում: Մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է ավելի վտանգավոր խաղի մեջ, նա ամեն ինչ անում է այդ կազմակերպությունն ապալեգիտիմացնելու եւ ծաղրի առարկա դարձնելու համար: ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության ներկա փուլում Փաշինյանն իր վարքագծով ցույց է տալիս, թե որքան անլուրջ եւ հեղինակազուրկ է Ռուսաստանը, որ նրա գլխավորությամբ գործող դաշինքը չի կարողանում նույնիսկ օրինական որոշումներ ընդունել, նույնիսկ այդ դաշինքի անդամներն են այդ դաշինքի դեմ հանդես գալիս:
Այս պայմաններում տարօրինակ չէ, որ Ռուսաստանն օրեցօր խստացնում է Հայաստանի դեմ վարվող քաղաքականությունը, չնայած բացահայտ տնտեսական պատերազմ չեն հայտարարում: Ռուսաստանը եւ երկրի ղեկավարությունը հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ եւ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին: ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը նույնիսկ ասել էր, որ իրենք Երեւանից դրական ազդակներ են ստացել, որ Փաշինյանը կարող է մասնակցել դրանց: Բայց Փաշինյանի բացահայտ հակառուսական քաղաքականությունը կասկած չի թողնում, որ նա Ռուսաստան գնացող չէ, քանի որ որեւէ ասելիք չունի ո՛չ Ռուսաստանի իշխանությանը, ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ երկրներին: Օրինակ, ի՞նչ պատասխան պետք է տա ՌԴ նախագահին, երբ նա հարցնի, թե ինչով է պայմանավորված Հայաստանի իշխանության նման ընդգծված հակառուսական պահվածքը, կամ ի՞նչ է ասելու, եթե Ռուսաստանի իշխանությունները պահանջեն, որ Հայաստանը կա՛մ հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ինչպես, օրինակ, ժամանակին շատ սոլիդ ձեւով դա արեց Ուզբեկստանը, կա՛մ մասնակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ