Փաշինյանն ունի ամուր հենարան… առայժմ ունի…

Փաշինյանն ունի ամուր հենարան… առայժմ ունի…

Հազիվ թե գտնվի մի երկիր, որտեղ պատերազմում պարտված ու բազում ձախողումներ արձանագրած երկրի ղեկավարը շարունակի ղեկավարել, երեսատեղ ունենա մարդամեջ դուրս գալու, դեռ մի բան էլ իր ընդդիմախոսների հետ մատ թափ տալով խոսելու: Եթե դա անում էր 2018-ի «հեղափոխական Նիկոլը», հասկանալի էր. նա կարողացել էր խաբկանքի ու մոլորության մեջ գցել հասարակությանը: Այդ ժամանակ հասարակության զգալի հատվածը հավատում ու պաշտում էր «փրկչին», ով, իբր, եկել է, որ իրեն ազատագրի «նախկինների» լծից: Այդ ժամանակ Փաշինյանը հանգիստ շրջում էր հեծանիվով, զբոսնում երեւանյան փողոցներով: Հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Ու մինչեւ հասարակությունն ուշքի եկավ, արդեն շատ ուշ էր…

Հիմա Փաշինյանն իր նստավայրից մինչեւ քաղաքի մեկ այլ մաս գնալու համար մի ամբողջ պահպանության համակարգ է մոբիլիզացրել, մի քանի ժամանոց տառապալից աշխատանք են սրանք կատարում. զննում են ամբողջ տարածքը, հեռացնում կայանված մեքենաները, ցրում հավաքված մարդկանց: Իսկ վարչապետի ավտոշարասյան երկարությունը` իր աղմուկ-աղաղակով, անվերջանալի է թվում… Ավտոշարասյան միջից հրազենի փողն էլ ուղղված է չգիտես ում դեմ: Բավական է Փաշինյանը հայտնվի մի մարդաշատ վայրում, ու սկսվում է. Նիկոլ` է՛լ դավաճան, է՛լ հողատու, է՛լ չգիտես ինչի տղա: Հեշտ չէ այս պայմաններում երկիր ղեկավարելը, բայց մարդը ղեկավարում է, ձեւացնում, թե ոչինչ չի եղել, եւ հրաժարական տալու մտադրություն էլ չունի: 

Հաճախ ենք ընդդիմության առաջնորդներին անկարող կամ անազնիվ լինելու մեջ մեղադրում: Ու այդ մեղադրանքները երկու տեսանկյունից էլ հիմնավոր են. եթե անկարող եք, հեռացեք քաղաքական դաշտից եւ տեղը զիջեք կարողներին կամ՝ թողեք դատարկ, ազատ: Եթե կան խնդիրներ, որոնք ներքաղաքական դաշտում լուծելի չեն, ապա ազնիվ խոսեք հասարակության հետ: Իսկ այդպիսիք իսկապես կան։

Պարոնայք ընդդիմադիրները չեն անկեղծանում, չեն խոստովանում, որ Նիկոլին մինչեւ հիմա չեն կարողացել հեռացնել, քանի որ դա թույլ չեն տալիս դրսի թելադրողները՝ աշխարհաքաղաքական կենտրոնները: Փաշինյանը Հայաստանը հասցրեց այն անկումային վիճակին, որ հիմա դրսից բոլորը թելադրողներ են: Եթե նախկինում կար մեկ թելադրող կենտրոն, ընտրություններում հաղթելու համար թե՛ նախագահները, թե՛ քաղաքական ուժերը գնում էին «Տիզբոն»՝ Մոսկվա, այնտեղից ստանում ընտրվելու «դաբրոն», հիմա արդեն մի քանի կենտրոն է Հայաստանի արտաքին ու ներքաղաքական կյանքը թելադրողը. ավանդական «Տիզբոնին»՝ Մոսկվային, ավելացել են նրա աշխարհաքաղաքական հակառակորդ ուժերը՝ Եվրոպան, ԱՄՆ-ն, անգամ նրա դաշնակիցները՝ Թուրքիան, Ադրբեջանը: Ու, ցավալիորեն, Փաշինյանի՝ իշխանության մնալուն աջակցում են բոլորը՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք: Այդպես է, քանի որ Հարավային Կովկասում Փաշինյանի նման երկրի ղեկավար ունենալը հավասարազոր է ղեկավար չունենալուն, իսկ դա հնարավորությունների լայն դաշտ է բացում բոլորի համար՝ Հայաստանի վրա քաղաքական սակարկություններ անելու, երկիրը բաժան-բաժան անելու: Փաշինյանի՝ իշխանության մնալն ամենանպաստավորն է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Այս երկրները վաղուց էին երազում, որ Հայաստանում լինի այնպիսի ղեկավար, որին կարողանան թելադրել: Ու վերջապես «այդ հրաշքը» եկավ…

Դա նշանակում է, որ բոլորը Փաշինյանին պինդ կպահեն՝ մինչեւ իրենց հարցերը Հայաստանի հետ լուծեն-վերջացնեն, ավելի ճիշտ` Հայաստանի հարցերը լուծեն-վերջացնեն: Դրա համար դրսից ճնշումներ են գործադրվում ընդդիմադիրների վրա՝ սպառնալով նոր պատերազմով, ռազմական էսկալացիաներով, հորդորում են, որ դեռ փողոց դուրս գալու ժամանակը չէ, եւ համոզում են, որ հայ հասարակությունը դեռ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին: Իսկ Հայաստանի հարցերը լուծելուց հետո Փաշինյանի հետ կվարվեն այնպես, ինչպես սովորաբար վարվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոցների հետ…