Կարեւորը Հայաստանի անկախությունը չէ եւ ոչ էլ դատարանների անկախությունը, կարեւորը սեփական շահն է

Կարեւորը Հայաստանի անկախությունը չէ եւ ոչ էլ դատարանների անկախությունը, կարեւորը սեփական շահն է

Հայաստանի Սահմանադրությունից հանելով հղումը 1990-ին ընդունված Անկախության հռչակագրին, Փաշինյանը, ըստ էության, հրաժարվում է Հայաստանի անկախությունից եւ ինքնիշխանությունից: Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել է հենց այդ հռչակագրով, այդ հռչակագրով է ՀԽՍՀ-ն վերանվանվել Հայաստանի Հանրապետություն՝ հռչակելով իր ինքնիշխանությունը: Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, եւ հենց այդ պատճառով է, որ 1995 թվականին ընդունված եւ հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված սահմանադրություններում հղում է արվում Անկախության հռչակագրին՝, որպես Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ փաստաթղթի: «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- գրված է Սահմանադրության նախաբանում, որից համառորեն ուզում է հրաժարվել Փաշինյանը՝ ներկայացնելով բազմաթիվ կեղծ հիմնավորումներ:

«Ես իրոք չեմ բացառում, որ նման փոփոխություններ առաջարկվեն, եւ երբ որ առաջարկվեն, խորհրդում մենք դա կքննարկենք, բայց որպես խորհրդի անդամ՝ ինձ համար առաջնահերթ է բուն Սահմանադրության շարադրանքը եւ ինձ համար առաջնահերթ է, թե ինչպես ենք մենք կառուցելու այս պետությունը. օրինակ՝ այս պետությունում լինելո՞ւ են անկախ պետական մարմիններ, թե՞ չեն լինելու, այս պետությունում լինելո՞ւ են մեխանիզմներ, որոնք մեկընդմիշտ կկանխեն ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ։ Սրանք են ինձ համար առավել կարեւոր բաները, քան թե այն, ինչ գրված է Սահմանադրության նախաբանում»,- խոսելով Սահմանադրության նախաբանից հրաժարվելու հնարավորության մասին՝ հայտարարում է Փաշինյանի իշխանությունից վարձատրվող Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ կոչվող մարմնի անդամ Դանիել Իոաննիսյանը, որ արդեն շատ լավ գիտի, որ գործող Սահմանադրության նախաբանը չի լինելու, բայց դրա մասին դեռ խոսում է թեականորեն՝ թաքնվելով, այսպես կոչված, ժողովրդավարական արժեքների տակ, փորձելով համոզել, որ փոփոխություններն արվում են հանուն այդ արժեքների:

Ստացվում է, որ կարեւորը ոչ թե Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է, որը հռչակվել է Անկախության հռչակագրով, այլ անկախ դատարանները կամ ընտրակեղծարարությունը կանխելու մեխանիզմները: Հայաստանը կարող է եւ անկախ ու ինքնիշխան չլինել, բայց Հայաստանի տարածքում գործող դատարաններն անկախ լինեն, կամ ընտրությունները չկեղծվեն: Հրաժարվենք Հայաստանի անկախությունից` հանուն անկախ դատարան ունենալու կամ ընդդեմ ընտրակեղծարարության՝ վաղը կարող են ասել Փաշինյանի իշխանության «ժողովրդավարության արժեքներին» անմնացորդ նվիրյալ ներկայացուցիչները: Օրինակ, Թուրքիայում դատական համակարգն ավելի անկախ է, իսկ ընտրություններն էլ անցնում են միջազգային բոլոր չափանիշներով, ինչո՞ւ, ուրեմն, չդառնանք թուրքական գավառ, որը կապահովի ժողովրդավարության հաղթանակը Հայաստանի տարածքում, ի՜նչ անկախություն, ի՜նչ Անկախության հռչակագիր, կարեւորը` դատարաններն անկախ լինեն:

Կամ՝ արդյո՞ք Հայաստանի գործող Սահմանադրությունն է խրախուսում դատարանների կախվածությունն իշխանությունից կամ խրախուսում, որ իշխանությունը հանուն իր վերարտադրության գնա ընտրակեղծարարության: Գործող Սահմանադրությո՞ւնն է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին իրավունք տալիս, որ նրա հրահանգով շրջափակվեն դատարանները, եւ բռնության ենթարկվեն Փաշինյանի կամքին ընդդիմացող «վնգստացող դատավորները», ասֆալտին փռվեն հասարակական-քաղաքական գործիչները, իշխանության ընդդիմախոսները հայտնվեն բանտերում, կամ Փաշինյանը նրանց սպառնա բորդյուր լիզեցնելով: Թե՞ նոր Սահմանադրության տեքստում դրանք արգելելու հստակ մեխանիզմներ են լինելու, որոնք Փաշինյանին կզրկեն «հեղափոխական արժեքներով» առաջնորդվելու հնարավորությունից: Թե՞ Սահմանադրության նոր տեքստի մեջ Իոաննիսյանը գրելու է, որ Փաշինյանն այլեւս իրավունք չի ունենալու իր քմահաճույքով ՍԴ նախագահ փոխել կամ հետապնդման ենթարկել ՍԴ անդամի ընտանիքի անդամներին, այդ թվում՝ իգական սեռի:

Փաշինյանի, նրա իշխանության եւ իշխանությանը կից գործողների համար Հայաստանը եւ նրա անկախ պետականությունը արժեք չեն, նրանց իսկապես չի հետաքրքրում, թե ինչ գրված կլինի Սահմանադրության նախաբանում, այնտեղ հղում կարվի Անկախության հռչակագրի՞ն, թե՞ ուղղակի կգրվի, որ, ի կատարումն Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների, սույնով հայտարարում ենք, որ Հայաստանը կլինի այդ երկրների հլու հպատակը՝ հրաժարվելով իր ազգային ավանդույթներից, լեզվից, կրոնից, մշակույթից եւ պատմությունից՝ խոնարհաբար ծառայելով իր նոր տերերին:

Սահմանադրության նախաբանից հանելով հղումը Անկախության հռչակագրին, Փաշինյանը եւ իր մերձավորները, ըստ էության, հրաժարվում են Հայաստանի անկախությունից, փակում են անկախ Հայաստանի պատմության էջը՝ սկիզբ դնելով հպատակ ու գաղութային Հայաստանի գոյությանը, որովհետեւ ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ Սահմանադրությունն անգամ գրվում է օտարի պարտադրանքով, գերբ ու խորհրդանիշներն են փոխվում թշնամու պարտադրանքով: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, կարող է ստացվել, որ Խորհրդային Հայաստանն ավելի անկախ երկիր էր, քան փաշինյանական Հայաստանը, Խորհրդային Հայաստանի գերբի վրա գոնե Արարատ լեռան պատկերը կար, ու Թուրքիան այդպես էլ չկարողացավ այն հանել տալ:

Ավետիս Բաբաջանյան