ՔՊ-ից հեռանալու գինը

ՔՊ-ից հեռանալու գինը

Նոր Հաճնի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 28-ի օրակարգում «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Վարդան Պապյանի եւ Նարեկ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցն էր դրված։ Ավագանին այդ օրը քվորում չապահովեց: Հունվարի 22-ի նիստում կրկին այդ հարցը դրվեց քննարկման: Այս անգամ ոչ միայն ավագանու «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքի անդամները, այլ նաեւ ՔՊ-ական անդամները կողմ քվեարկեցին օրակարգին:

Վարդան Պապյանին եւ Նարեկ Ստեփանյանին անվստահություն հայտնելու հիմնավորումն այն է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերից։ Մեզ հետ զրույցում Վարդան Պապյանն ասաց, որ ավագանու որոշումն իրավաչափ չէ, եւ պատրաստվում է բողոքարկել որոշումը. «Ես նախորդ նիստում ներկայացրի իմ չգալու պատճառը, որ ես կոտրվածք եմ ունեցել, շարժվելու հետ կապված խնդիր եմ ունեցել։ Դեռ որոշումն ուժի մեջ չի մտել, պատրաստվում եմ բողոքարկել: Եթե իմ մասով այլ որոշում կայացվեց, ապա մեր կուսակցության ցուցակում ընդգրկված 2 անդամներ մեր փոխարեն կվերցնեն մանդատը: Իմ տեսակետը տարբեր է: Ես առաջին հերթին կարեւորել եմ կրթական ենթակառուցվածքների զարգացումը, կրթության մեջ գումար ներդնելը, աշխատավարձերի բարձրացումը: Շատ լավ է, որ տանիք են վերանորոգում կամ փողոց են ասֆալտապատում, դրա հետ մեկտեղ նաեւ պետք է կրթական ոլորտի առաջնահերթությունների մասին մտածել»: Պապյանից հետաքրքրվեցինք, թե ինչը ստիպեց հեռանալ ՔՊ-ից։

«Պատճառները բազմազան են: Այն քաղաքականությունը, որ պետք է տարվեր մեր տարածքում, այդ ժամանակվա մեր տարածքի ՔՊ-ի պատասխանատու Ռոմանոս Պետրոսյանն այլ տեսակետ ուներ, ես՝ այլ: Զուտ ընկալումների խնդիր է եղել: Մենք քաղաքական հողի վրա որոշեցինք համագործակցել, որը չստացվեց: Ես որոշեցի դուրս գալ, քանի որ չեմ կարող այդ պատասխանատվության տակ աշխատել: Ես պետք է անեի այն, ինչը որոշվում էր, բայց ես ուզում էի այլ քաղաքականություն վարել, որն իմ անձնականն է, ինչը ես ճիշտ եմ համարում»: Այս գործընթացում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Վարդան Պապյանը պատասխանեց․ «ՔՊ-ից ես դուրս եմ եկել, տրամաբանական է, կարծում են՝ սա քաղաքական որոշում է»:

Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու նիստերին չեն ներկայացել, եւ անհարգելի բացակայությունների պատճառով ավագանին որոշեց դադարեցնել Վարդան Պապյանի եւ Նարեկ Ստեփանյանի լիազորությունները. «Մեր հարաբերությունները գործընկերային են, եւ որեւէ լարվածություն չկա: Ավագանու նիստին դրել եմ 2 անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը եւ ասել, որ որոշումը դուք կայացրեք: Նարեկ Ստեփանյանն ուսանող է, ասում է՝ դրա համար է բացակայում ավագանու նիստերից, իսկ Վարդան Պապյանը պատշաճ ձեւով չի ծանուցել իր առողջական վիճակի մասին եւ ավագանու 12 նիստից 10-ին բացակայել է: Հիմա իրեն ինչ-ինչ պատճառով զոհի տեղ է դրել: Տարբեր լրատվամիջոցներով գրում են, թե նրան հեռացնում են եւ այլն: Օրենքի պահանջ է, եթե նիստերին չեն ներկայանում, ավագանին կարող է որոշում կայացնել»:

Հիշեցնենք, որ Վարդան Պապյանը, ով եղել է ՔՊ կուսակցության անդամ, Կոտայքի նախկին մարզպետ, ներկայիս ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակվել էր Նոր Գեղի համայնքի ղեկավար: Որոշ ժամանակ անց Ռոմանոս Պետրոսյանի եւ Վարդան Պապյանի հարաբերությունները սրվում են, եւ Պապյանը հեռանում է ՔՊ-ից: Նոր Հաճն խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում Պապյանը մասնակցել է «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքով, ստացել են 1815 քվե եւ ունեն ավագանու 4 անդամ։