Ստրկական մտածողություն ունեցող մարդիկ կարծում են, որ մյուս լրագրողները եւս պետք է կարծիք չունենան

Ստրկական մտածողություն ունեցող մարդիկ կարծում են, որ մյուս լրագրողները եւս պետք է կարծիք չունենան

2018-ի հայտնի դեպքերից հետո փաշինյանական «դեմոկրատ» Հայաստանի իշխանությունների ամենամեծ թշնամին ու հիմնական թիրախը լրագրողներն ու լրատվամիջոցներն են: Սորոսական ՀԿ-ները, որոնք նախկինում պայքարում էին ազատ խոսքի համար, 2018-ից հետո իշխանության մաս են դարձել եւ օրնիբուն քննարկում ու օրենսդրական նախագծեր են մշակում, թե ինչպես սահմանափակել ազատ խոսքը եւ լռեցնել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղղված քննադատությունը: Դրամաշորթության համար դատապարտված, առանձնապես մեծ չափերի յուրացման պատճառով 2013 թվականին դատապարտված ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ, ով Քաջ Նազարի բախտով հեռուստաընկերությունների ճակատագիրն է վճռում, թիրախավորում է հեռուստաընկերություններին, առհասարակ` իշխանություններին քննադատող ԶԼՄ-ներին, հանձնաժողովի նիստում եղկելի է անվանում Տիգրան Քեոսայանին ու նրա հաղորդումը, իսկ «Հրապարակ» օրաթերթին անվանում է «խուժան թերթ»:

Նույն հանձնաժողովի անդամներն էլ` իրենց մտավորական անվանող բանաստեղծներ Հակոբ Մովսեսն ու Հասմիկ Հակոբյանը, նախկին լրագրող Նունե Հախվերդյանը, ով տարիներ շարունակ Հայաստանում ներկայացել է որպես խոսքի ազատության ջատագով, ոչ միայն դրան վերաբերմունք չեն դրսեւորում, այլեւ մասնակից են դառնում: Տիգրանհակոբյանների կարծիքով, լրագրողը չպետք է տեսակետ ունենա, լրատվամիջոցը չպետք է հրապարակախոսական բնույթի հոդվածներ տպագրի եւ իր բոլոր որոշումները պետք է ծափերով ընդունի: Հիշեցնենք, որ մենք այս հանձնաժողովին քննադատել ենք երկու TV-ներ փակելու, ոչ իշխանական TV-ների նկատմամբ սանկցիաներ կիրառելու, գրաքննություն սահմանելու եւ այլ անօրինական քայլերի համար: Իսկ լրատվամիջոցների էթիկայից խոսող այս անձինք ընդամենը խոսքի ազատության թշնամիներ են եւ սովետական գլավլիտի մերօրյա տարատեսակն են մարմնավորում: Սրանք բոլոր ժամանակների իշխանություններին քծնելուց ու դատարկաբանելուց զատ ոչ մի բանի ունակ չեն եւ իրենց նման իմպոտենտ լրատվական դաշտ են ուզում ձեւավորել մեր երկրում: Լրագրողի ազատության, ՀՌՀ գործառույթների մասին զրուցել ենք գրականագետ Սերժ Սրապիոնյանի եւ հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի հետ:

Սերժ Սրապիոնյան

Տիգրան Հակոբյանը շատ սովորական ջեբկիր է: Տիգրան Կարապետիչ կար, նա չէր թաքցնում, որ երիտասարդ տարիներին գրպանահատությամբ է զբաղվել, եւ դա մեծ դաս է եղել իր համար: Այս տղան` Տիգրանը, նույնիսկ չգիտեմ էլ՝ տղա՞ է այս անհայտ կենդանատեսակը, կուլտուրական ջեբկիր է: Սրա վերաբերյալ կա հստակ դատավճիռ, նա կոռուպցիոն ճանապարհով գումարներ է յուրացրել եւ ընդունել է իր մեղքը: Ի՞նչ գործ ունի նման մարդը ՀՌՀ-ում: Այս հարցը մեզ կարող էր տանջել, երբ խունտայի փոխարեն իշխանություն ունենայինք, բայց այս խունտայի հիմնանպատակներից մեկը ինչքան հնարավոր է՝ հանցագործ մարդկանց ղեկավար պաշտոնների նշանակելն է, բայց եթե դա հնարավոր չի լինում, այդքան շատ հանցագործ գտնելը բարդ է, պարտադիր նշանակում են անկիրթ, անգրագետ, անկարող մարդկանց, որոնք պետք է զբաղվեն տվյալ կառույցն ու ոլորտը քանդելով: Այս մարդուն բերեցին թառեցրին ՀՌՀ-ի նախագահի պաշտոնին, ու ի՞նչ տեղի ունեցավ. խոսքի ազատության ծլնգոցների տակ արգելափակում են բոլոր այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պարզապես չեն ստում, չեն խաբում հանրությանը, ընդամենը մատուցում են այն, ինչ տեղի է ունենում: Հեռուստաընկերությունների գործունեությանն են խոչընդոտում` «Երկիր մեդիա», Հ2, ինչի՞ համար, որովհետեւ նրանք այս ազգակործան ծրագրերին ուղղակի դեմ են, դեմ են ինչպես ցանկացած առողջ մարդ: Տիգրան Հակոբյանն իր թոռնուհու տարիքի լրագրողին, ով ուղղակի մոտեցել ու հարցնում էր` ինչո՞ւ եք հարցազրույցից խուսափում, սկսեց անպատվել` փողոցային խուժանի նման: Ես հավատացնում եմ Ձեզ, եթե գնաք ամենախուլ գյուղեր, անգամ գյուղի ակումբների դիմաց հավաքված պարապ-սարապները, որոնք ամռանը նարդի ու բլոտ խաղալով են զբաղված, իսկ ձմռանը` մեկ շիշ օղու շուրջ մտքեր փոխանակելով, չեն կարող այս տեսակ բառապաշարով խոսել, այսպիսի բառեր օգտագործել: Ասում է` գնա ջահելների մոտ: Լավ է՝ գոնե խոստովանում է, որ ինքն արդեն ծեր է, ու միտքը չի աշխատում: Այս մարդն իրեն համարում է Հայաստանի լրատվադաշտը կարգավորողներից մեկը, ով ուղղակի ավերում է այն ամենը, ինչին ձեռք է տալիս, ճիշտ իր տերերի նման: Այս անգրագետն իմ երկրի մտածողության, գիտակցության, հիշողության հիմքերը քանդող ճիճուներից մեկն է: Նա կարող է ինձ դատի տալ, ու ես գիտեմ, թե դատարանում ինչեր կներկայացնեմ: Նա ոտնահարում է լրագրողի իրավունքները, ազատ խոսքը: Սա այն մարդն է, որի անունն անգամ չեմ ուզում տալ, նա այն դեմքը չէ, որի մասին այսքան խոսեմ: 

Նաիրի Հոխիկյան

Տիգրան Հակոբյանի ադեկվատության աստիճանը գիտեմ, նրա կենսագրությունը եւս գիտեմ: Նրանց արարքը դատապարտելի է: Լրագրողական համայնքը պետք է իր հստակ գնահատականը տա սրանց: Նրանք իբրեւ լրագրողների ազատության ջատագովներից են եղել, Նունե Հախվերդյանը ժամանակին «Ինտերնյուս»-ն էր ներկայացնում, իսկ այսօր ասում է, որ լրագրողը չպետք է վերաբերմունք արտահայտի: Այս ամենը փաստում է, որ նրանք երկակի ստանդարտներով ապրող մարդիկ են: Իրենց համար չկան սկզբունքներ: Դրամաշնորհներ ստացող լրագրողներից ու իրավապաշտպաններից շատ բան սպասել պետք չէ: Այսօր սրանք իշխանության մաս են, ու բնական է, որ իրենց պետք է այսպես պահեն: Նիկոլ Փաշինյանն էլ մշտապես խոսքի ազատության համար է պայքարել, բայց իշխանության գալով՝ նա ամեն ինչ միայն քանդեց: Հայաստանում երբեք էլ ժողովրդավարություն չի եղել: Սերժ Սարգսյանի ավտորիտարիզմը փոխարինեց բռնապետությամբ՝ կործանելով մեր երկիրը, մեզ հասցնելով անդունդին: Դրամաշնորհային խմբերը վերցնում են արեւմտյան քարացած դրույթներ, սակայն նույն Արեւմուտքում լրագրողների համար պայմաններն այդպիսին չեն, այնտեղ լրագրողներն ազատ են: Արեւմուտքում լրագրողն ունի խոսքի ազատության իրավունք, բայց Հայաստանի նման երկրներին փորձում են ստրկապետություն դարձնել, իսկ այդ ամենը քարոզողները ստրկական մտածողություն ունեցող մարդիկ են, որոնք չունեն սեփական կարծիք ու մտածում են, որ մյուս լրագրողները եւս պետք է լինեն առանց կարծիքի: Տիգրան Հակոբյանի մասին էլ կասեմ հետեւյալը` ամեն մարդ գողանում է այն, ինչը սիրում է: Մենք երկակի ստանդարտների հետ գործ ունենք, մի տեղ գողն իրենց մարդն է, նրան կարելի է պաշտոն տալ, իսկ մյուսին չի կարելի: Նույն բանը տեղի ունեցավ լուսահոգի Արմեն Գրիգորյանի հետ: Մարդը պարզապես կոպիտ էր արտահայտվել, կալանավորվեց ազգամիջյան ատելություն սերմանելու համար, բայց նիկոլականներն ատելություն են քարոզում արցախցիների հանդեպ, սակայն ոչ մի արձագանք, ոչ մի քրեական գործ, ոչ մի կալանավորում: Նրանց ամեն ինչ կարելի է: Գործ ունենք անբարո երկակի ստանդարտների հետ: