Գիտի՞ արդյոք փաստաբանը, որ իր որոշելով չի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնում. Կարեն Հեքիմյան

Գիտի՞ արդյոք փաստաբանը, որ իր որոշելով չի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնում. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր hraparak.am-ում կարդացի մի փաստաբանի մասին: Ճիշտն ասած, փոշմանեցի: Ավելի լավ է Էկոնոմիկայի նախարարի և հովիվների մասին կարդայի: Սակայն, քանի որ փաստաբանի ասածն իմ գործունեության հետ կապ ուներ, ապա պատասխանեմ:

Ուրեմն, փաստաբանն ասում է, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը դրա մասին չի իմացել: (այստեղ կարելի էր տեղադրել անսահմանափակ ծիծաղի սմայլիներ):

Իսկ գիտի՞ արդյոք փաստաբանը, որ վճռաբեկ բողոքի մասին պետք է ոչ միայն վերաքննիչ դատարանն իմանա, այլև դատավարության բոլոր կողմերը, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է:

Իսկ գիտի՞ արդյոք փաստաբանը, որ օրենքի իմպերատիվ պահանջը պետք է հենց ինքը կատարի, բոլոր կողմերին ուղարկելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ ծանուցումը, այդ թվում նաև վերաքննիչ դատարանին:

Իսկ գիտի՞ արդյոք փաստաբանը, որ իր որոշելով չի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնում:

Իսկ գիտի՞ արդյոք փաստաբանը, որ պարտավոր է հարգանքով խոսել դատարանի մասին:

Կարծում եմ, որ փաստաբանն այդ ամենն իմանալ չէր կարող: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Այդ հարցի պատասխանը շատ պարզ է: Որովհետև, փաստաբանը Ճարոյան Հակոբն է, իսկ վերջինիս պաշտպանյալը ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ., Գևորգյան Գեղամն է:

Փաստորեն, ամեն ինչ պարզ է, իսկ մեկնաբանություններն՝ ավելորդ:

ՀԳ. Այս պատմությունը երևի կհետաքրքրի ՀՀ փաստաբանների պալատին և ողջ իրավաբանական համայնքին: Դե իսկ Գևորգյան Գեղամն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ»: