Ալիեւը շտապում է. Նրա սիրտը Սյունիք ու Երեւան է ուզում…

Ալիեւը շտապում է. Նրա սիրտը Սյունիք ու Երեւան է ուզում…

 2020թ-ից հետո, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները գրավելը արդարացնելու համար Ադրբեջանը ստեղծեց մի արհեստածին կառույց՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք»: Այն ստեղծվեց «Ադրբեջանի փախստականների միության» հենքի վրա եւ ունի շատ հեռավար նպատակներ: Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, նպատակը՝ «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները»:

Ադրբեջանի այս նախաձեռնությունները նաեւ հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։ Օրերս այդ «համայնքի» հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարել է. «Բաքուն քաղաքական ու գաղափարական պայքարի նոր փուլ է սկսում հայ ազգային գաղափարի դեմ» եւ հավելել է. «Եթե ​​Հայաստանը և հայ հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչները մերժեն միջազգային իրավունքի հրամայականները, արտոնություն տան «արյան և հողի» սկզբունքին՝ պատմական ենթադրությունների օգնությամբ ապացուցելով իրենց իրավունքը վերին Ղարաբաղում, ապա Ադրբեջանը կարող է ապացուցել իր բնական իրավունքը այն հողերի նկատմամբ, որոնք դարեր շարունակ բնակեցվել են թուրքերի կողմից և մահմեդականներով»։ 

«Ալիեւը հայտարարեց նոր պայքարի մասին՝ Արևմտյան Ադրբեջանից, Զանգեզուրից և Իրանից պահանջելով վերադարձնել այս հողերից վտարված կովկասյան թուրքերի ժառանգներին՝ ժամանակակից ադրբեջանցիներին։ Ալիևին մինչև հոգու խորքը հուզում է Զանգեզուրի թուրքերի պատմական ցավը, նրա պապի՝ Ալիրզա Ալիևի ընտանիքը Խորհրդային Ադրբեջանի կազմավորման առաջին տարիներին դարձել է բռնի տեղահանության զոհ։…. Ալիևից լավ ո՞վ բարձրաձայն կխոսի Հայաստանում պատմական հիշողության և էթնիկ զտումների մասին։ Ո՞վ ունի ավելի մեծ բարոյական իրավունք՝ առաջնորդելու նոր արդար պայքար»- գրում է ադրբեջանական մեդիան։

Ալիևն արդեն հայ պատմաբաններից պահանջում է  ցույց տալ «Էրիվանի հայոց պատմությունը. Որտե՞ղ է այն: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ մոլորված «Մեծ Հայքի» գաղափարախոսները թյուրքական և մուսուլմանական պատմական ժառանգությունը ասֆալտի մեջ թաղեցին, տեղանունը, ազգագրությունը և հնագիտությունը օգնում են այս հողերում բացահայտել թյուրքական քաղաքակրթության բազմաթիվ հետքեր: Եվ հետևելով հայկական տրամաբանությանն ու «Արցախի» կանխորոշված ​​դիսկուրսին, Ադրբեջանն իրավունք ունի հայտարարելու թուրքերի մեծ վերադարձի մասին իրենց պատմական հողերը»։

Ալիևն արդեն բացահայտ հայտարարում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հայեցակարգի պատրաստման մասին։ Պարզվում է, որ ադրբեջանցիները խիստ նեղվում են, թե իբր Սյունիքը «վերածվել է ավերակներից մաքրված դաշտի: Հայաստանի ադրբեջանական շրջանները հիշեցնում են ստալինյան Գոլոդոմորից հետո Ուկրաինայի ավերված շրջանները։ Ժամանակակից Հայաստանի այս հատվածը սառել է 1988-ին, ժամանակը կանգ է առել այնտեղ, հույսն ու վաղվա օրվա հանդեպ հավատը թաղված են այս հողում»։

Հետեւաբար, Ալիեւը երազում է Կովկասի  քոչվորներին բերել լցնել Հայաստան ու «ծաղկեցնել» այն, քանի որ .«ՀՀ իշխանությունն անզոր է սոցիալական փլուզման, տնտեսական անկման և ցրված քաղաքական պատրանքների բեռի ու լծի տակ գտնվող հայերի զանգվածային գաղթի դեմ:…Օկուպացիոն վարչակազմը վերածվել է ավերակներից մաքրված դաշտի»։

Ալիևը համոզված է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ նույնպես շտապելու են «իրենց հայրենի Արևմտյան Զանգեզուրի երբեմնի լքված հողերը»։ Ինչպես տեսնում ենք, Ալիեւն արդեն հավակնություններ ու նկրտումներ ունի նաեւ Իրանի Իսլամական հանրապետության տարածքների վրա: Իրանն այն երկիրը չէ, որի հետ՝ վերջին երկու տարում չափից դուրս երես առած Ալիեւը խոսի սպառնալիքի ու վերջնագրերի լեզվով: Հայաստանի հարցն ուրիշ է. այս ժամանակաշրջանը, երբ երկրի ղեկին Փաշինյանն է ու նրա ապազգային իշխանությունը,  հնարավոր ամեն ինչ պոկելու համար  բարենպաստ ժամանակ է: Իսկ Հայաստանի ներսում դեռեւս,  թեեւ՝ թուլացած, բայց առկա է քննարկում՝«Նիկոլը չգնա, որ տեղը՝ նախկինները չգան»:

Իսկ նախկինների վերադարձը մղձավանջ է Ալիեւի համար, ինչից էլ այդպես սարսափած շտապում է ամրագրել իր հաղթանակն ու մեծացնել դրա շրջանակները: