Մարդիկ թքած ունեն 

Մարդիկ թքած ունեն 

Երբ 2018-ի մայիսին բազմահազար զանգվածն աջակցում էր Փաշինյան Նիկոլին վարչապետ կարգելու հարցում՝ չէր պատկերացնում, որ ական է դնում սեփական ապագայի տակ: Կամ էլ, ավելի ճիշտ, փորում է սեփական գերեզմանը: Եվ քանի որ մենք միշտ ուրիշ ենք եղել՝ այն ևս լինելու էր ոչ սովորական, այլ երկհարկանի: Առաջին հարկում տեղակայվելու էր Արցախը՝ դա էն գլխից էր որոշված: Ուրիշ հարց, որ հեղափոխական էյֆորիայի մեջ ընկած ժողովուրդը տեղյակ չէր դրան: Տեղյակ չէինք նաև մենք՝ ժողովրդի այն հատվածը, որն իրեն գրագետ ու խելացի է համարում: Չէինք գիտակցում նաև, որ գերեզմանի երկրորդ հարկում կլիներ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի ճակատագիրն անմիջականորեն կախված է Արցախի ճակատագրից:

Դա չէր գիտակցում նաև ՀՀ առաջին նախագահը, որի անմիջական ազդեցության ներքո ձևավորվել էր Փաշինյանի աշխարհայացքը: Եվ այդ թվում՝ Արցախը որպես բեռ դիտարկելն ու նրանից հնարավորինս արագ ձերբազատվելու գաղափարը: Այն գաղափարը, որի իրագործման մեխանիզմն, իմ կարծիքով, ձևակերպվել էր արևմտյան մտավոր կենտրոններում: Որը պատահաբար բացահայտվել էր 2019 թվականի աշնանը՝ այն ժամանակ դեռևս քպկական համակիր, լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից: Դա համեմատաբար կարճ պատերազմի ընթացքում հնարավորինս մեծաքանակ զոհերի գնով ժողովրդին շոկի մեջ գցելն էր, որպեսզի 1988 թվականին հանուն Արցախի փողոց դուրս եկած ժողովուրդը մոռանար Արցախի գոյության մասին:       

Ի դեպ, որպես ծրագիր գործողության մեջ դրված այդ գաղափարը, դժբախտաբար, ինչ-որ չափով կյանքի կոչվեց: Եվ 1988 թվականի ժողովուրդը հիմնականում մոռացավ Արցախի ճանապարհը: Չհաշված, բնականաբար, զոհված և գերեվարված զինվորների հարազատներին: Դե իսկ Արցախի հարցում ստացվեց հենց այն արդյունքը, որը նախատեսված էր նախապես: Բարեբախտաբար, կիսով չափ միայն. Ռուսաստանի միջամտության շնորհիվ մենք կարողացանք պահել Արցախի մի մասը, որը դեռևս դիմադրում է թշնամուն: Ու հենց իր դիմադրության ու համառության շնորհիվ ինքն իրեն կհանի այդ վիճակից: Ու կփրկի նաև Հայաստանի Հանրապետությունը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Արցախի և հենց Հայաստանի Հանրապետության փրկության հարցում արցախցուն ոչ թե աջակցում, այլ պաշտոնական խոսքի մակարդակում խոչընդոտներ է հարուցում ՀՀ գործող իշխանությունը: Ընդ որում, դա բավական հաճախ դրսևորվում է վարչապետի պաշտոնին կառչած անձի խոսույթում: Ինչն անմիջապես արձանագրվում է թշնամի երկրի լրատվամիջոցների և իշխանության կողմից և օգտագործվում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 

Իսկ ավելի ցածր կարգի չինովնիկների վարքագիծն, ընդհանրապես, դուրս է պետական շահ հասկացության շրջանակներից: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քպկական անդամներն, օրինակ, կարող են հումորի վերածել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, փակ լինելու հանգամանքը: Եվ այն էլ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ներկայությամբ: Դա արձանագրվել էր 168.am-ի կողմից, քանի որ ԱԺ կայքից հանձնաժողովի նիստի ընթացքի այդ հատվածը հաջորդ օրը դուրս էր հանվել տեսագրությունից: