Կեսճանապարհին

Կեսճանապարհին

Արագ սիրահարվող եւ դժվար հիասթափվող ժողովուրդ ենք: Սիրահարվելու համար մեզ մի հայացք, մի չնչին ջերմություն է պետք, իսկ հիասթափվելու համար՝ բյուր ապացույցներ: Դա էլ գալիս է նրանից, որ մենք մեզ անսխալական ենք համարում` դժվար ենք հաշտվում այն իրողության հետ, որ կարող էինք սխալվել մեր ընտրության մեջ` սխալ մարդու նվիրել մեր սիրտն ու հոգին, ուստի համառորեն շարունակում ենք արդարացնել մեր սիրո օբյեկտին, բազում բացատրություններ գտնել նրա արարքներին եւ բոլորին մեղադրել` բացի նրանից, ով չարաշահել է մեր վստահությունը եւ դավաճանել մեզ:

Զրուցակիցս հոյակապ ձեւակերպում է մեր հասարակության տվայտանքները` բացատրելով, թե ինչ է կատարվում 2018 թվականին փողոց ելած ու հեղափոխական երիտասարդների հետ վառ հույսեր կապած, ապա պատերազմի ու կորուստների պատին բախված ժողովրդի հետ: Ասում է` «եթե անգամ Նիկոլ Փաշինյանից հիասթափվել են, հների վերադարձը չեն ուզում»: Սա սեփական սխալը չընդունելու, «թքածը չլիզելու» նման մի բան է: Դե, ո՞ր մի հայ մարդը կգիտակցի իր ծնած, դաստիարակած երեխայի թերությունները: Կընդունի, որ ինքը սխալ գեներ ու վատ դաստիարակություն է տվել իր զավակին: Ոչ մեկը:

Հիմա մեր ժողովուրդը, որ մեծ ու փոքրով հավատացել է Նիկոլի ֆենոմենին, վստահ է եղել, որ նրա տեսքով մերօրյա Փոքր Մհերն է հայտնվել, Պապ թագավորը, Տիգրան Մեծը, Անդրանիկ զորավարը... որը վերացնելու է մեր երկրում առկա բոլոր արատներն ու թերությունները, պատժելու է բոլոր հանցագործներին, արդարություն է հաստատելու, զարգացնելու է երկիրը, համախմբելու է բոլոր հայերին եւ առաջնորդելու է դեպի լուսավոր ապագա, չկարողացավ անել: Հակառակը` զարգացրեց մեր բոլոր արատները, պառակտեց հասարակությունը, մեզնից խլեց մեր երազանքները, զրկեց մեզ ապագայից: