Հայաստանի գիտական բյուրոկրատիան և նրա մեղքերը մեր ներկա վիճակի համար

Հայաստանի գիտական բյուրոկրատիան և նրա մեղքերը մեր ներկա վիճակի համար

Ըստ ՍՍՀՄ-ը քանդող ուժերի գործունեությունը գնահատող վերլուծական կենտրոնների եզրակացության, ՍՍՀՄ-ի քանդման պրոցեսում մեծ գործոն է հանդիսացել սովետական գիտական բյուրոկրատիայի առկայությունը: 90-ական թվականներին այս հանգամանքը չի վրիպել մեր ծաղկուն երկիրը քանդող ուժերի և նրանց հայտնի ղեկավարի աչքից: Այդ պատճառով 90-ական թվականներին նա (իսկ հետագայում իր հոգեզավակները) ձեռնամուխ եղավ հայկական գիտական բյուրոկրատիայի զարգացման գործին: Ընթերցողին բացատրենք, թե ինչ բան է գիտական բյուրոկրատիան:

ՀՀ-ում, ներկայումս, գործում է մասնագիտական աստիճանավորման հետևյալ գիտական համակարգը՝ Բակալավր, Մագիստր, Գիտությունների Թեկնածու, Գիտությունների Դոկտոր, Ակադեմիայի Թղթակից Անդամ, Ակադեմիկոս, Ակադեմիայի Նախագահության Անդամ, Ակադեմիայի Նախագահ: Այս աստիճաններով մագլցողներին հատկացվում է համապատասխան պետական դիպլոմ, իսկ պաշտոններին հավակնելու կոնկուրսներում, ըստ իրենց ունեցած դիպլոմի, տրվում է օրենքով նախատեսված մեծ առավելություն, և, սկսած Գիտությունների Թեկնածուի աստիճանից, նաև բավականին մեծ հավելավճարներ: Ինչպես տեսնում եք մեծ իմաստ ունի այս աստիճաններով մագլցելը՝ ձեռք բերելով տարբեր թղթեր, պետական դիպլոմներ, գիտական աստիճաններ, և ոչ թե բարձր մասնագիտական մակարդակ: Այս պրոցեսը սկսում է ուսանողական լսարանից և որոշ մարդկանց մոտ շարունակվում է մինչև կյանքի վերջը: Նշված դիպլոմների պետական լինելու փաստը բերել է երևույթի. պետական սեկտորի մի որևէ գիտական աստիճան շնորհող միավորում ցածր մասնագիտական մակարդակ ունեցող անձանց շնորհում է դիպլոմներ: Ընդ որում, թուղթ, դիպլոմ, գիտական աստիճան ստանալու համար կիրառվում են ամեն տեսակ անօրինականություններ (խնամի, ծանոթ, բարեկամ, կաշառք):

Իսկ կոչում տվող հանձնաժողովի անդամները չեն կրում մեծ պատասխանատվություն իրենց նվիրաբերած կոչումների համար: Այս ճանապարհով կոչում, դիպլոմ ստացածները, չնայած իրենց ցածր մասնագիտական մակարդակի, արդեն պետական այլ օրգաններում, իրենց դիպլոմի շնորհիվ` հպարտությամբ հանդես են գալիս որպես լիարժեք աստիճանավորներ և, ստանալով ցմահ ուսադիրներ, փչացնում են ողջ գիտական համայնքը: Առավել վատը նա է, որ այսպիսի մարդիկ, ստանալով դասավանդման իրավունք և առավելություն, որակազրկում են նաև ուսանողական կազմը: Նկարագրված գիտական աստիճաններով մագլցման պրոցեսում հաշվի չեն առնվում պետության շահերը, թե որքան եկամուտ են նրանք տվել պետությանը, այլ միայն քանի հոդված կամ քանի գիրք են գրել, քանի ասպիրանտի ղեկավար են: Նման պայմաններում աղտոտված համակարգը էլ երբեք չի կարողանում կազմակերպել ինքնամաքրման պրոցես, քանի որ գիտ. աստիճան տվողներն իրենք են ժամանակին անցել նման պրոցես, վերարտադրում են իրենց նմաններին, իսկ իրական մասնագետները դուրս են մնում խաղից: Արդյունքում ունենք այսպես կոչվող գիտնականների խիստ ցածր մասնագիտական մակարդակ, որոնք ունակ չեն լուծելու երկրի առջև կանգնած անվտանգության լուրջ խնդիրները: Բերեմ մի քանի օրինակ իմ կյանքից. հանդիպել եմ քիմիկոս ակադեմիկոսի (Պոլիտեխնիկի քիմիայի ամբիոնի վարիչ), ում ես խնդրեցի բացատրել, թե ի՞նչ է սահմանային ածխաջրածինը (դպրոցի 11-րդ դասարանի կուրս), և նա ինձ ազնվորեն պատասխանեց, որ դրանք չի իմանում:

Հանդիպել եմ նաև ամբիոնի տեխնիկական գիտությունների դոկտորի, որը չէր իմանում դպրոցի 9-րդ դասարանում անցնող Վիետի թեորեմը (քառակուսի հավասարումների բաժնից), և հանդիպել եմ գիտությունների թեկնածուի, որը դժվարացավ ձևակերպել Օհմի օրենքը: Միևնույն ժամանակ հանդիպել եմ փայլուն մասնագետների, որոնք ունեցել են գիտական բարձր կոչումներ: Նրանք սովորաբար եղել են Սովետական Միության կադրեր: Այս օրինակները ես չեմ բերում ինչ-որ մեկին ծաղրելու համար, չեմ ասում սարկազմով, այլ` տխրությամբ: Բերված բացասական օրինակների թիվը կամաց-կամաց կարելի է շատացնել, ներկա պայմաններում այն դանդաղորեն շատանում է, սակայն հույսը կորցնել պետք չէ: 

Առաջարկում եմ մի քանի օրենսդրական լուծումներ, որոնք կշտկեն ներկա ծաղրելի վիճակը՝

1.Անհրաժեշտ է քանդել գիտական աստիճանների և կոչումների վերը բերված հիերարխիական համակարգը: Ինչպես ասում է ժողովուրդը. «ձուկը գլխից է նեխում»: Այդ պատճառով անհրաժեշտ է ՀՀ Գիտությունների Ակադեմիային տալ հասարակական կազմակերպության կարգավիճակ: Թե չէ, «գիտնական» տղերքը հավաքվում են և իրենց ընկերներից մեկին շնորհում ակադեմիկոսի կոչում՝ հաճախ անհասկանալի կամ անչափելի չափանիշներով, ընդ որում, այդ պրոցեսին չեն մասնակցում լայն գիտական շրջանակները, այսինքն՝ ընտրման պրոցեսը հակադեմոկրատական է: Իսկ դրանից հետո պետությունից պահանջում իրենցից մեկի՝ այդ «ընտրվածի» համար մեծ աշխատավարձ: Բայց ինչու՞: Չէ որ աշխատավարձը տալիս են աշխատանքի համար: Բացի այդ հայտնի է, որ եթե մի մարդկային կոլեկտիվ ինքն է ընտրում իր հաջորդ կազմը, ապա այն վերարտադրվում է և վերածվում մաֆիոզ կառույցի: Իհարկե, Ակադեմիան թող մնա Կառավարության համար որպես խորհրդատու կազմակերպություն, բայց վճարում ստանա միայն խորհրդատվական աշխատանքի համար՝ սահմանված չափով և ռեալ պետական պատվերի կատարման համար, այսինքն՝ հարկավոր է վերացնել ակադեմիկոսին ցմահ տրվող մշտական աշխատավարձը: 

2.Լուծարել անհասկանալի գործառույթներ իրականացնող ՀՀ Գիտական Կոմիտեն, նրա ֆունկցիաները կարող են կատարել Պաշտպանության Նախարարության, Էկոնոմիակայի Նախարարության և Բարդ Տեխնոլոգիաների կազմում գործող գիտական բաժինները, ինչպես նախկինում: Իրականում Գիտության Կոմիտեն պետք է իրականցնի գիտական առաջադրանքների կազմումը և դրանց կատարման համար հայտարարի մրցույթներ: Ինչը որ չի անում և չի էլ կարող անել ներկայիս Գիտության կոմիտեն, քանի որ կաբինետային աշխատողները չեն կարող խնդիր դնել գիտական խմբերի առջև: Իսկ այդ խնդիրները առաջանում են վերը նշված նախարարությունների սահմաններում, այդ պատճառով էլ ես պնդում եմ, որ գիտկոմի գործընթացները պետք է իրականացվեն այդ միավորներում:

3.Բացառել բոլոր գիտական աստիճաններ ունեցողներին պարգևավճար տալը, քանի որ բարձր կարգի մասնագետը՝ գիտնականը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար և ոչ թե ինչ-որ թղթի՝ դիպլոմի համար (այստեղից ես արդեն լսում եմ մեր պսեվդոմասնագետների-գիտնականների գոռգոռոցը, որոնք արդեն սովորել էին տարիներով ձրի փող ստանալ): 

4. Պարզեցնել վերը նկարագրված գիտական աստիճանների համակարգը, դարձնել այն երկաստիճան, ինչպես տարածված է արտասահմանում: Առաջին աստիճանը ներկայացնում է բուհական կրթությունը, իսկ երկրորդ աստիճանը՝ հետբուհականը: Նախորդ կետի իրականացման պայմաններում սա կբերի՝
ա. պետական ֆինանսների խնայմանը,
բ. պետական դիպլոմների ձեռքբերման համար ներկայումս նկատվող անմիտ մրցավազքի վերացմանը և պետական բյուրոկրատիային բնորոշ ավելորդ թղթաբանության կրճատմանը, փոխարենը մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
5.    Ապահովել, որ գիտական աստիճանը հաստատող փաստաթուղթը ճանաչվի միայն այն հիմնարկի սահմաններում, որը շնորհել է տվյալ աստիճանը, այսինքն դիպլոմը պետք է չունենա պետական ստատուս: Նա պետք է գործի և ճանաչվի միայն դիպլոմը տվող կազմակերպության սահմաններում, սա կբարձրացնի նաև գիտական աստիճան շնորհող հանձնաժողովի պատասխանատվությունը, կթուլանան կոռուպցիոն ռիսկերը, պայմանավորված խծբ-ով(խնամի, ծանոթ, բարեկամ) և կաշառակերությամբ: Ի հակառակ ներկա վիճակին, երբ մասնագետը ինչ-որ մի ձևի հասնում է գիտական աստիճանի, իսկ հարևան գիտական հիմնարկությունում ներկայանում, որպես լիարժեք գիտնական և վարում բարձր պաշտոններ: Նման դեպքում վերանում է նաև Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի(ԲՈՀ) անհրաժեշտությունը, խնայվում են պետական միջոցներ: 

6.ԲՈւՀ-երում և Գիտական հիմնարկներում, պաշտոնների համար հայտարարված մրցույթներում, օրենքով չնախատեսել գիտական աստիճանի առկայության փաստի առավելությունը մրցույթի մասնակցողների մյուս անդամների նկատմամբ: Այսինքն առավելությունը տրվում է ոչ թե դիպլոմ ունեցողին, այլ մասնագետին, իսկ նրա մասնագետ լինելը որոշվում է նախորդ աշխտավայրերում կամ տվյալ աշխատավայրում գործունեության նախորդ փուլերում ձեռք բերած մասնագիտական արդյունքներով: 

7.Փոխել գիտնականի, գիտական խմբի սպասած արդյունքի  որակի գնահատման չափանիշները. պետական բյուջեից ներդրված յուրաքանչյուր դրամ պետք է ստեղծի հավելյալ արժեք: Արգելել սպասված գիտական արդյունքերի հրատարակումը բաց գիտական մամուլում: Պատժել ՀՀ գիտկոմի ղեկավարներին, որոնք պահանջում են գիտխմբերի արդյունքները հրատարակել, և որոնք իրականացնում են մեր երկրում ստացված գիտական արդյունքների մատուցումը թշնամի երկրկներին` թաքնվելով կեղծ լոզունգների տակ, թե մենք նպաստում ենք համաշխարհային գիտության զարգացմանը և հայկական գիտության ճանաչելիության բարձրացմանը: Իհարկե կարելի է որոշ նյութեր տպագրել արտասահմանում, բայց եթե դրանք վերաբերում են համամարդկային թեմաներին (կենսաբանություն, տիեզերագիտություն, էկոլոգիա, փիլիսոփայություն և այլն), և եթե նման աշխատանքները ֆինանսավորվել են միջազգային գրանտների կողմից:

Ինչպես տեսնում եք, այս հոդվածում ես չսահմանափակվեցի միայն լացելով և միայն ընթացիկ վիճակի բացասական կողմերը ցուցադրելով: Տրվեցին նաև որոշ հստակ լուծումներ: Սրանցով ես անտեսեցի գիտական բյուրոկրատիայի շատ անդամների անձնական շահերը (բայց ոչ պետական շահերը), և արդեն լսում եմ այդ կեղծ մտավորականների և կեղծ գիտնականների ողբը: Բայց ով պետք է իրականացնի այս առաջարկները: Իհարկե դա կարող է անել միայն բարձր դիրքի պետական պաշտոնյան` մի որևէ «դուխով» տղա: Քիչ առաջ նման «դուխով» տղայի դերին էր հավակնում Նիկոլը: Դե քեզ տեսնենք, Նիկոլ: Բարձրացված հարցերի լուծումը քո մակարդակի հարց է, դու սկսիր, մենք քեզ կօգնենք: Ես Ձեզ դիմում եմ դու-ով, քանի որ ժողովուրդը վերջին ընտրություններին Ձեզ համարեց մեր մարդը:

Հարգելի ընթերցող, այս հոդվածը ավարտելիս ես պարտավոր էի նշել հեղինակի անունը: Ամաչելով հայտնում եմ, որ ունեմ սովետական գիտնականի բոլոր հնարավոր աստիճանները և կոչումները: Այդ պատճառով պատիվ եմ համարում ներկայանալ որպես՝ 1968 թվի հին (իսկական) Պոլիտեխնիկի շրջանավարտ՝ Էդուարդ Նշանի Մանուկյան: