44-օրյա պատերազմի հանձնաժողովը տեղով մեկ պատերազմ է

44-օրյա պատերազմի հանձնաժողովը տեղով մեկ պատերազմ է

Հանձնաժողով ստեղծելուց առաջ, սա միայն այսօրվա իշխանությանը չի վերաբերվում, պետք է այդ հանձնաժողովին մի մարդու նման ժողովուրդը հավատա, վստահի։ Առանց ժողովրդի վստահության  հանձնաժողովի ստեղծումը բռնի ուժով ժողովրդի վիզը թոկով գցելն ու իրենց ուզածը անցկացնել է նշանակում։ 

44- օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Գոնե նեղ շրջապատում, ում լսում, ասում են՝ սրանց որ տեսնում ենք, ուզում ենք հեռուստացույցը կոտրենք։ Հարցը այն չէ, որ անջատում, ձեններն էլ չեն ուզում լսել, հարցը նրանում է, որ իշխանությունն էլ գիտի, որ նշանակվածներին, մեղմ ասած, իրենցից ու յուրայիններից բացի բոլորը հայհոյում, վատաբանում են։ Իշխանության յուրայինները սոցիալական ցանցերի «խակերներ են»,  լավ էլ գիտեն, թե մարդիկ ոնց են արձագանքում։  Ինչքան էլ ֆեյքային գրոհներով փորձում են մեղմել իրավիճակը, մեկ է՝ չի՜ ստացվում։ 44-օրյա պատերազմի հանձնաժողովն իր կազմով տեղովը մեկ պատերազմ է։ Ու ծիծաղելին գիտե՞ք որն է, նրանց թվում է, թե հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու, մարդկանց զսպաշապիկ հագցնելու, լրագրողների բերանը փակելու, լրտեսական ցանց հայտնաբերելու հաջորդ քայլը պիտի լինի, որ սրանց դուրս բերեն ու ասեն՝ մեր իշխանությունը պատերազմի հետ կապ չունի։ Դա նույնն է, որ դուրս գան ու ասեն՝ մենք իշխանություն չունենք, և պատերազմը տեղի է ունեցել նախկինների օրոք։ Չնայած արդեն ասում են։ 

Ամեն մի իշխանություն պատասխանատու է իր շրջանում կատարվածի համար։ Ում ուզում եք հարցրեք, ուր ուզում եք գնացեք, ինչ հանձնաժողով ուզում եք ստեղծեք, փաստը այն է, որ ձեր օրոք է հանձնվել Արցախի 75 տոկոսը, ձեր օրոք է կատարվել Հայաստանի սահմանային ոտնձգությունները, ձեր վրա է մնում հազարավոր զոհերի արյունը, պարտությունը, կապիտուլյացիան․․․ 

իմա դուք ձեր թիմի նվիրյալներով հանձնաժողով եք ստեղծել, որ ի՞նչ ասեք։ 
Այսօր Երկրորդ նախագահը  դիպուկ  բան ասաց, ( որ դուք էլ դիպուկ կամ խելոք բան ասեք, կիրազեկեմ, դեռ չեմ հանդիպել) , մեջբերումս բառացի չէ․  «Պատկերացրեք մի շենք է փլվել և մարդիկ մնացել են փլատակների տակ։ Հանձնաժողով են ստեղծում և այդ հանձնաժողովի նախագահը շենքի ճարտարապետն է լինում»։ 

Հիմա դուք եք։ Ինչ էլ ասեք, ինչքան էլ նախկիններով գունազարդեք, մեկ է, մարդկանց հիշողության մեջ նախկինների օրոք ձեռք բերված մեր հաղթանակները չեն մոռացվելու։ Մարդիկ այսօրվա իշխանությունից, ձեզանից են պահանջելու իրենց կորուսյալ հաղթանակները․․․ Հանձնաժողովի այս մի քանի «ճարտարապետները չեն որոշելու, թե շենք  խի փլվեց»։ Շուշին, Հադրութը ու մնացյալը ձեզանից են ուզելու։ Դրա՛ն պատրաստ եղեք։