Ավերող իշխանություն, ապաքաղաքական ընդդիմություն եւ փակվող լրատվամիջոցներ

Ավերող իշխանություն, ապաքաղաքական ընդդիմություն եւ փակվող լրատվամիջոցներ

Ցանկացած կայացած օրգանիզմի վերանալը, քանդվելը, փակվելը նորմալ մարդկանց միայն ցավ կարող է պատճառել։ Չէ՞ որ մեզանում նոր բան գրեթե չի ծնվում, իսկ լավ բան, առհասարակ, շատ հազվադեպ է ծնվում։ Ենթադրվում է, որ հասարակությունն ամեն ինչ պետք է անի իր ունեցածը-եղածը պահել-պահպանելու, փայփայելու, զարգացնելու համար։ Բայց մեզանում մի արատավոր պրակտիկա կա՝ ցանկացած ձախողում, ավերում հասարակության մի մեծ հատված ցնծությամբ է ընդունում, մյուս մասը՝ անտարբերությամբ, եւ միայն շատ փոքր մասն է ցավ ապրում հերթական կորստի համար։

Ողջ օրը մեր հեռուստադաշտի անճաշակությունից, անազատությունից, հայոց լեզուն աղավաղելուց, հասարակությանը դեգրադացնելուց բողոքող մարդիկ շատ հանգիստ վերաբերվեցին, որ մի լավ, կայացած օրգանիզմ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, վերացավ։

Նախ, մի քանի տարի զոմբի մասսայի բերանով, տարբեր առիթներով, իշխանությունը բեմադրեց «ժողովրդական պահանջ»․ Նիկոլ Փաշինյանի եւ այլ իշխանավորների հանրային հանդիպումների ժամանակ մարզերում մի պապիկ-տատիկ անպայման նրան խնդրում էր՝ «փակեք Արմնյուզը», չնայած «Արմնյուզը» հեռարձակվում էր միայն Երեւանում եւ մոտակա համայնքներում, ու տատիկ-պապիկն անգամ մեծ ցանկության դեպքում չէին կարող տեսնել, թե ինչ են ցուցադրում «Արմնյուզով»։ Հետո ամեն հարմար առիթով իշխանականները, նույն Նիկոլ Փաշինյանը լուտանքներ էին տեղում ընդդիմադիր հեռուստաընկերությունների ու նրանց սեփականատերերի վրա։ Չնայած տեղն եկած տեղն էլ հպարտանում էին, թե «երբեք մամուլն այսքան ազատ չի եղել, ինչքան 18-ից հետո»՝ հատկապես նկատի ունենալով հեռուստադաշտը, որը, իրոք, միակ ասպարեզն էր, որը, մեծ հաշվով, շահել էր հեղափոխությունից, քանի որ սեփականատերերը մնացել էին նախկինը, եւ քանի որ վերջիններս դարձել էին ընդդիմություն, ակամայից հեռուստաալիքներն էլ էին դարձել ընդդիմադիր-ազատ եւ սկսել էին ներկայացնել ոչ թե իշխանությունների ցանկալի իրականությունը, այլ իրական Հայաստանը։

Հանրային կարծիքը որոշ չափով «պատրաստելուց» հետո, հեռուստադաշտը վերաձեւելու, իրեն ենթարկեցնելու համար իշխանությունն անցավ գործուն միջոցների՝ իր ձեռնասուն ՀՌՀ-ի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի միջոցով նախ կապուղիների կամ, ինչպես իրենք են ասում՝ սլոթների մրցույթում դուրս թողեցին Հ2 հեռուստաընկերությունը, որը, ի դեպ, մի քանի ատյանում արդեն շահել է դատերը, եւ արձանագրվել է, որ մրցույթներն անարդար են եղել։ Հ2-ը, ինչպես հայտնի է, Սամվել Մայրապետյանի հեռուստաընկերությունն է, ում նկատմամբ մի փաթեթ քրեական գործ հարուցեցին եւ երկրից, ըստ էության, վտարեցին։

Եթե չվախենային աղմուկից, իհարկե, TV 5-ն ու «Արմնյուզն» էլ մրցութային կարգով դուրս կմղեին դաշտից, սակայն ստիպված էին բավարարել նրանց հայտերը, թեեւ միայն մայրաքաղաքային հեռարձակման իրավունքով։

Հետո արդեն եկավ ընտրությունների շրջանը, հետընտրական հիասթափությունների շրջանը, եւ պարզվեց, որ «Արմնյուզը» ֆինանսավորող Միքայել Մինասյանը որոշել է հրաժարվել հրապարակային գործունեությունից, ցած դնել պատերազմի «կացինը» եւ վաճառել իրեն պատկանող մի քանի լրատվամիջոցները, մասնավորապես` «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որը նաեւ մի քանի միլիոնի հասնող դոլարային վարկ ունի բանկերում, ուստի էժան «հաճույք» չէ։ Մոտ 8 ամիս «Քառյակ մեդիան» փորձում էր նոր սեփականատեր եւ հեռուստաընկերությունն աշխատեցնելու ձեւեր գտնել, աշխատակազմի կորիզին պարապուրդի շրջանում նաեւ աշխատավարձի մի մասն էին վճարում, որ նոր աշխատանք չփնտրեն, եւ ռեսթարթի դեպքում նույն կազմն ու նույն քաղաքականությունն առաջ տանեն։ Չստացվեց։

Մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիան» առաջարկներ է արել քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողներին, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, բանակցել է շատերի հետ։ Մի քանի անգամ շատ մոտ են եղել գործարքի իրականացմանը, սակայն գլուխ չի եկել։ Առաջին պատճառը, իհարկե, վաճառվող ապրանքի գինն է եղել, որը քչերի համար է մատչելի։ Այն հատուկենտ մարդիկ, որոնք կարող էին գնել, անպայման պետք է քաղաքական պլաններ ունենային եւ իշխանության գալու ծրագիր։ Իսկ այս պահին մեր երկրում շատ քիչ մարդիկ են հավակնում իշխանության, ավելի սակավաթիվ մարդիկ պայքարի հեռանկար են տեսնում։ Ավելին՝ պոտենցիալ գնորդներից մեկը մեզ ասաց. «Հայաստանում քաղաքական կարիերա անելու ո՛չ պատվեր կա, ո՛չ պահանջարկ՝ էս ժողովրդին ձեռնտու ճահիճ է ձեւավորվել, իսկ դա նշանակում է` եթե դու գնում ես ռիսկի՝ իշխանության հավակնելու, պետք է երկարաժամկետ ու ծանր, շատ ծախսատար հոգսի տակ մտնես։ Մենք՝ հայերս, պրագմատիկ ժողովուրդ ենք, մինչեւ շանսերը գոնե 50/50 չլինեն, չենք մտնի նման բեռի տակ»։

Ինչը, պարզ ասած, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է քարուքանդ անել նաեւ քաղաքական դաշտը եւ մրցակցային պայքարը զրոյացնել։ Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն ուզում մտնել պայքարի մեջ, որոնք պատկառելի ռեսուրսներ են տնօրինում եւ այսօրվա պաշտոնական ընդդիմությունն են, եթե Արթուր Վանեցյանն ու Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը չեն ուզում ռեսուրսներ ներդնել եւ վերցնել «Արմնյուզի» նման կայացած ալիքը, որը շատ լավ հարթակ կարող է լինել, կնշանակի մեր երկրում քաղաքական կյանքը մեռել է։ Կնշանակի՝ բոլոր խաղացողները զգուշանում են Նիկոլ Փաշինյանի հետ առճակատման գնալուց եւ ընդդիմադիր լրատվամիջոց պահելուց։

Առավել տարօրինակ է, որ «Արմնյուզը» չվերցրեց Ռոբերտ Քոչարյանը, ով կարող էր մտնել այդ ծախսի տակ՝ առանց աչքը թարթելու, սակայն ձեռնպահ մնաց՝ թողնելով, որ TV-ն փակվի՝ ապագայում դրա տեղում մի նոր «սիվիկ» ծնվելու հեռանկարով։ Անգամ այն, որ TV 5-ը բավարարում է իրենց, եւ նոր TV ունենալու կարիքը չունեն, իշխանության ձգտող ընդդիմության դեպքում հասկանալի չէ:

Տխուր հետեւություններ կարելի է անել «Արմնյուզի» ճակատագրից․ ունենք ծույլ, քաղաքական ծրագրեր չունեցող եւ փող ծախսելուց խուսափող պաշտոնական ընդդիմություն։ Ունենք նաեւ քաղաքական դաշտ մտնելու հավակնություններ ունեցող քաղաքական գործիչներ, որոնք ուղղակի վախենում են Նիկոլ Փաշինյանից եւ իրենց գործողությունները համաձայնեցնում են նրա հետ։ Եվ ունենք մի խումբ ընդդիմադիրներ, որոնք ակտիվ են, պատրաստ են ջանք ներդնել, բայց փող չունեն կամ կարծում են, որ ֆինանսներն ավելի լավ բանի վրա կարող են ծախսել, քան հեռուստատեսությունն է։ Եվ ունենք այս ամենին կողքից հետեւող ապաշնորհ ու ավերող իշխանություն, որն ամեն օր մի նոր հաղթանակ է արձանագրում՝ իրեն քննադատող հերթական օջախը լռեցնելու, ընդդիմությանն իր տեղը ցույց տալու, հասարակությանը մի փոքր էլ դեգրադացնելու ասպարեզում։