Հելսինկյան կոմիտեն ամփոփել է Հայաստանում քաղաքական հետապնդումները

Հելսինկյան կոմիտեն ամփոփել է Հայաստանում քաղաքական հետապնդումները

Հայաստանի հելսինկյան կոմիտեն ամփոփել է 2022 թվականին իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների դեպքերը։ Ըստ հրապարակված զեկույցի,ընդդիմության հավաքների բազմաթիվ մասնակիցներ 2022 թ․-ին ենթարկվել են հետապնդումների։ 

«Օրինակ՝ մայիսի 12-ին կալանավորվեց «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որին մեղադրանք էր առաջադրվել  Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջոցով ուսանողներին նյութապես շահագրգռելու համար՝ որպեսզի վերջիններս մասնակցեն ընդդիմության հավաքներին։ Մեղադրանքը հիմնված էր համացանցում տարածված ձայնագրության վրա։ Ի թիվս այլ խնդիրների, Ա․ Չալաբյանի նկատմամբ կիրառված հոդվածը, մասնավորապես՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու մասով,  չի բխում հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներից։ Օրինակ՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցի՝ հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին, մինչդեռ հաշվետու ժամանակահատվածում անցկացված հավաքները կապ չեն ունեցել  նախընտրական քարոզչության հետ։ 

Նույն հոդվածով մայիսի 8-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի և անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ, որոնք երկու ամսով կալանավորվեցին։ 

Հուլիսին Ա․ Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, որը Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ էր և Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենը, ազատվեց աշխատանքից։ Ըստ մի շարք չհերքված և արժանահավատ հրապարակումների՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Ա․ Չալաբյանին հեռացրել է ՀՀ կառավարության ճնշման տակ։

Մայիսի 17-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յ․ Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին    չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու» համար։ Ըստ Ի․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ պաշտպանյալի կալանավորման հիմքում դրված էր միայն մեկ ոստիկանի կողմից տրված ցուցմունք, իսկ գործին կցված տեսանյութը միայն ապացուցում էր իր պաշտպանյալի անմեղությունը։ Մայիսի 18-ին կալանավորվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը մեղադրվում էր 2021 թ․ ապրիլին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված արտահայտությունների համար հարուցված քրեական գործով՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Ա․ Գրիգորյանը եթերում «հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»։

Ինչպես հետագայում ներկայացրեց Ա․ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կալանավորման միջնորդությունում արված ձևակերպումներից բխում էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր «Դիմադրություն» շարժմանը նրա մասնակցությամբ։ Կալանավորումից մոտ երկու ամիս անց՝ հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, կալանքի փոփոխման հարցով հրավիրված նիստի ընթացքում Ա․ Գրիգորյանը մահացավ։

«Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքների մասնակիցների տվյալները փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ նրանց սահմանային ծառայության մեջ ներգրավելու նպատակով, ենթադրելով, որ ընդդիմության հավաքների վայրերից բերման ենթարկվածները «եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է»։ Առաջարկը ողջունել էր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը, իսկ  ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հաստատել էր, որ բերման ենթարկվածների ցուցակը տրամադրվելու է նախարարությանը։ Օգոստոսի 1-ից մեկնարկող հերթական
եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, ըստ որոնց «Դիմադրություն» շարժման մի քանի տասնյակ մասնակիցների ուղարկվել են ծանուցումներ, ներառյալ  կալանքի տակ գտնվող ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանին և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գ․ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին։ Վերջինիս ԵՊՀ ռեկտորը չթույլատրեց կալանավայրից հեռավար մասնակցել քննություններին, ինչի արդյունքում Տ․ Մանուկյանը դուրս մնաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից։

Բացի նկարագրված դեպքերից, դեռևս ընթացքի մեջ են նախորդ տարիներին ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնց շուրջ, քաղաքական լարվածությունից կախված, պարբերաբար լինում են սրացումներ։