Մանվել Գրիգորյանն անդամալույծ է․ նա մի քանի փորձաքննություններ արդեն անցել է

Մանվել Գրիգորյանն անդամալույծ է․ նա մի քանի փորձաքննություններ արդեն անցել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի համար նշանակված բժշկական փորձաքննություններից մի քանիսը տեղի են ունեցել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց․ «Ժամկետների հետ կապված մենք հիասթափված ենք, քանի որ չի երեւում ավարտը։ Միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան գրութամբ Մանվել Գրիգորյանը 3 օր գտնվեց «Արմենիա» ԲԿ-ում՝ իրենց կողմից մատնանշված բժիշկները փորձաքննություն իրականացրեցին, եւ արդյունքները մեր ձեռքի տակ կա։ Վերջիններս արձանագրեցին բացասական դինամիկա  մեկ տարի առաջվա տված հետազոտությունների համեմատ։ Սակայն  վերջը չի երեւում,ադյունքում անձը գտնվելով կալանքի տակ՝ գտնվում է պատանդի վիճակում»։

Պաշտպանի խոսքով՝ փորձաքննություններ են նշանակվել շաքարային դիաբետի, սրտի հետ կապված․ «Նա տառապում է մոտ 30 հիվանդություններով, գտնվում է անդամալույծի կարգավիճակում արդեն։ Չգիտեմ՝ ինչ ժամանակամիջոցում կփորձեն այդ եզրակացությունը տալ, ցավով եմ արձանագրում, որ կապված հիվանդութունների հետ, դրա իրավական կրողը այլեւս ՀՀ կառավարությունն է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։ Մեկ այլ դրվագով Մանվել Գրիգորյանը եւ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում են Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող տներից մեկում պահելու մեջ: