Եթե ես վայելում եմ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության աջակցությունը, ապա  չեմ կաշկանդվում

Եթե ես վայելում եմ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության աջակցությունը, ապա  չեմ կաշկանդվում

«Հրապարակ»-ն արդեն գրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ մարտի 20-ը ժամանակ է տվել իր իսկ ստեղծած իրավաբանների խմբին՝ Սահմանադրական դատարանի դատավորի վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Այս պահին առաջադրվածները երեքն են՝  փաստաբան Վահե Գրիգորյանը, Գերմանիայի Հագենի համալսարանի պետական եւ սահմանադրական իրավունքի դասախոս Գոռ Հովհաննիսյանը եւ փաստաբան Մարտին Մանուկյանը։ 
Փաստաբան Վահե Գրիգորյանին ուղղեցինք հետեւյալ հարցերը։

-Ձեզ մեկ անգամ  վեցերորդ գումարման Ազգային ժողովում  առաջադրել են ՍԴ -ի դատավորի թեկնածու։ Հայտնի է, որ օրենքով Դուք չեք կարող առաջադրվել երկրորդ անգամ, քանի որ պետք է առաջադրեն նոր թեկնածու, ոչ թե հին թեկնածուին։ 

-Նախ՝ վկայակոչված դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Եվ իրավաբանները պետք է տեղյակ լինեն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի  այդ դրույթն ամբողջությամբ  ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ ուժը կորցնելու է ապրիլի 1-ից։ Երկրորդը՝ չկա  որեւէ այլ բովանդակային հիմնավորում բերվող փաստարկների համար։ Ես տեղյակ եմ, որ առաջադրված թեկնածուներից մեկն է այդ պնդումն արել եւ չեմ ցանկանում այն վերածել վիճաբանության։  Այդ պնդումը բացարձակ անհիմն է, եւ ես չգիտեմ, թե ինչ նկատառումներով է այն մեջտեղ բերվել, որը շրջանառվում է մի շարք ԶԼՄ-ներում։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես ժամանակին կպատասխանեմ։

-Դուք քննադատում էիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ դատավորների ընտրությունը կատարող մրցութային հանձնաժողովին։ Հիմա որքանո՞վ եք նպատակահարմար գտնում այդ նույն մրցութային հանձնաժողովի ընտրությանը մասնակցելը։

-Ես մրցութային հանձնաժողովի վերաբերյալ ժամանակին ունեցել եմ որոշ վերապահումներ, եւ դրանք հայտնել եմ հանձնաժողովին։ Իրականում մրցութային հանձնաժողով ստեղծելու եւ մրցութային ընթացակարգերով թեկնածու ընտրելու եւ առաջադրելու առաջարկը ես եմ արել։ Դա հենց իմ առաջարկն է։ Ես քննադատել եմ Արմեն Սարգսյանին եւ ավելացնելու բան չունեմ։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Այս պահին հանրապետության գլուխն Արմեն Սարգսյանն է, եւ նախկինում արված քննադատությունը չի կարող հակառակ ներգործությունն ունենալ։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրմանը, ապա նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք ասել, որ որեւէ օրենք ՀՀ-ում չպետք է գործի, որովհետեւ քննադատել եմ այն նախագահին, որը ստորագրել եւ հրապարակել է այն։ Դա կապ չունի իրավական տրամաբանության հետ։

-Ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք վայելում եք գործող իշխանությունների աջակցությունը, եւ ՍԴ-ի դատավորի հավանական անցողիկ թեկնածուն եք, հավակնում եք նաեւ ՍԴ-ի  նախագահի պաշտոնին։ Կա տեսակետ, որ ՍԴ -ի դատավորի մյուս թեկնածուները ձեւական են առաջադրվել։

- Ես չեմ կարծում, թե մյուս թեկնածուները ձեւական են առաջադրվել։ Եթե նրանք բարոյական եւ մասնագիտական որակների առումով իմ նկատմամբ ունեն առավելություններ, ապա շատ բնական է, որ ընտրվեն։ Ինչ վերաբերում է իշխանությունների աջակցությանը, ապա եթե ես վայելում եմ ժողովրդավարական ճանապարհով ընտրված, ժողովրդի կամքն արտահայտող իշխանության աջակցությունը, ես դրանից չեմ կաշկանդվում, ուրախ եմ։ ՍԴ-ի  նախագահին ընտրում են դատավորները։ Իսկ մամուլում շրջանառվող այդ լուրերը, ասեկոսեները ընդամենը գալիս են որոշակի շրջանակներից։ ՍԴ-ի  նախագահին ընտրում են դատավորները։