ԱԱԾ-ն չի ստեղծում «շնիկ» կուսակցություններ․ քաղաքագետ

ԱԱԾ-ն չի ստեղծում «շնիկ» կուսակցություններ․ քաղաքագետ
Լեւոն Շիրինյան

ԱԺ վերջին ընտրություններից հետո, երբ ազատ, արդար ընտրությունների արդյունքում  խորհրդարանում փաստացի ճնշող մեծամասնություն կազմեց «Իմ քայլը» դաշինքը՝ իր 88 պատգամավորներով, շատերն են տարակուսում, որ ապագայում Հայաստանին կարող է սպառնալ միակուսակցական համակարգը։ 

Ինչո՞ւ խորհրդարանում չներկայացված բազմաթիվ կուսակցություններն այսօր ձեռնպահ են մնում քաղաքական կոնկրետ ծրագրեր ներկայացնելուց եւ գործունեություն ծավալելուց։
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, մեր այս հարցին ի պատասխան, արձագանքեց․ «Ամենախոցելի հարցն է Հայաստանում։ Հիմնականում տնտեսական արգելքն է պատճառը, ուրիշ ոչինչ։ Ինձ թվում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը կուսակցություններ չի ստեղծում, նախկինում սարքում էր կուսակցություններ։ ԱԱԾ-ն ստեղծում էր «շնիկ» կուսակցություններ։ Դրանք աճում էին։ Եվ լավ է, որ հիմա ԱԱԾ-ն չի ստեղծում նման կուսակցություններ։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում պետք է գործեն կուսակցություններ։ Հիմա, նկատում եք, կան դժվարություններ, բայց կա պահանջարկ։ Կարծում եմ, հիմնական պատճառը ֆինանսականն է, որովհետեւ կուսակցությունների ստեղծման եւ գործունեության համար ներդրումներ են պահանջվում»։

Ինչո՞ւ պետք է ստեղծվեն նորերը, երբ փոքրիկ Հայաստանում թիվ ու հաշիվը կորցրած այնքան շատ կուսակցություններ կան։

«Եղածները սպառել են իրենց, եթե չեն կարողանում գործել։ Դրանք անցյալի կուսակցություններ են։ Գուցե գաղափարների պակասն է նաեւ, որ կուսակցություններ չեն ստեղծվում։ Բայց դրանք պետք է լինեն, օդի մեջ թափառում է այդ հարցը, անխուսափելի է, որ պետք է լինեն նոր կուսակցություններ։ Խորհրդարանը մոնոպոլ է։ Ես կարծում էի, որ ոչինչ, որ ԱԺ-ն մոնոպոլ է, դրսում կլինեն կուսակցություններ, որոնք կգոռան, կգոչեն։ Բայց պարզվեց, որ   հին կուսակցական համակարգը փլուզվել է, ինչպես հին ռեժիմն է փլուզվել։ Եթե արհեստական ներարկումներ չկան, խնդիրներ չկան, ապա դրանց մի մասը մեռնում է։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին ավելի շատ պետք են արհեստակցական միություններ, քան՝ կուսակցություններ»,- նշեց քաղաքագետը։