Լսեցինք, սարսափեցինք, սահմռկեցուցիչ դեպք է. Վանաձորի քաղաքապետը՝ որդու՝ մոր սպանության մեջ մեղադրվելու մասին

 Լսեցինք, սարսափեցինք, սահմռկեցուցիչ դեպք է. Վանաձորի քաղաքապետը՝ որդու՝ մոր սպանության մեջ մեղադրվելու մասին

2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ:
Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր: 
Նախնական տվյալներով՝ 2020 թ.հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:
Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։
2020թ. հուլիսի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:
2020թ. հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ինքը ևս դեպքի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել, սպանության մեջ մեղադրվողին անձամբ չի ճանաչել։
«Լրատվամիջոներից տեղեկացա, մեկ էլ դե, պարզ է, խոսում են քաղաքում։ Տեղեկացա նաև, որ նա էլի ինչ-որ մի բանի համար նախկինում դատված է եղել։ Կարծում եմ՝ դեպքը քաղաքում տենց առանձնապես արձագանք գտած չէ, քաղաքում արդեն սովորական դարձած կորոնավիրուսի դեմ պայքարի վիճակ է։ Բնական է, որ հենց անմիջական հարևանները լսել, ահաբեկվել են, բայց այնպես չէ, որ քաղաքում այդպես մի արտառոց վիճակ է։ Դե մենք էլ, լսեցինք սարսափեցինք, սահմռկեցուցիչ դեպք է , բայց ընդհանուր քաղաքի ֆոնի վրա հաստատ չի ազդել»,- ասաց Ասլանյանը։