Քննչական կոմիտեն՝ Նիկոլ Փաշինյանի քարոզիչ

Քննչական կոմիտեն՝ Նիկոլ Փաշինյանի քարոզիչ

ՀՀ քննչական կոմիտեն, որը իրավապահ կառույց է և պետք է որ անկախ լինի քաղաքական իշխանությունից և դուրս՝ քաղաքականությունից, հետևյալ վերնագրով հաղորդագրությունն է տարածել իր պաշտոնական էջով․ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի»։

Ովքե՞ր են այսպես կոչված «հեղափոխության պահապանները», այդ ի՞նչ ինքնահռչակ խումբ կամ խմբավորում է, որևէ տեղ գրանցվա՞ծ է այդ խումբը, իրավաբանական գրանցում ունի՞, և, վերջապես, այդ «հեղափոխության պահապաններ» կոչվածները ՀՀ շարքային քաղաքացի՞ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա Քննչական կոմիտեի համար ինչո՞ւ է կարևորվել այդ երիտասարդների ինքնահռչակ խմբի գոյությունը, որ իրենց հաղորդագրության մեջ հատուկ շեշտել են «հեղափոխության պահապաններ» անունը։ Առավելևս, որ ինչպես տեղեկացանք մամուլից, այդ ինքնահռչակ անձինք, որոնք աջ ու ձախ սպառնալիքներ են հնչեցնում ընդդեմ «հակահեղափոխականների», ծեծ են կերել ինչ-որ փողոցային կամ խուլիգանական արարքի համար բացառապես, ոչ՝ «հեղափոխության պահապան» լինելու, այսինքն՝ քաղաքական հայացքների։ Ու ծեծ են կերել մեքենայով իրար չզիջելու, ինչ-որ ազդանշան տալուց առաջացած վեճի հետևանքով։ Սկզբում սրանք են հարձակվել «զոհի» վրա, որի անունը Գոռ Բաղդասարյան է , հետո Գոռն է իր ընկերների հետ եկել ու ծեծել իրեն «հեղափոխության պահապան» հռչակած Հայկ Ստեփանյանին։ Այս մասին հարցազրույց է տվել Գոռի հայրը, նրա հարցազրույցից հասկացանք, որ պակաս հեղափոխական էլ իրենք չեն եղել, այսինքն՝ «հեղափոխության պահապաններին» ծեծողները։ 

««Հեղափոխության պահապան» է ներկայանում, բայց այդ հեղափոխությունն էլ մենք արեցինք, մեր ուժով են այդ մարդիկ հիմա աշխատում, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Քելբաջարում Փաշինյանենց հետ եմ եղել»,-ասել է Գոռի հայրը։ 

Ստացվում ՝ հեղափոխականները ծեծել են հեղափոխականներին։ Ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից «անկախ գործող» հերթական իրավապահ մարմինը՝ Քննչական կոմիտեն, այս ամենը ներկայացնում է քաղաքական լույսի ներքո, մինչդեռ միջադեպն ընդամենը շարքային փողոցային վեճից ծագած ծեծկռտուք է եղել։ Հետաքրքիր է՝ Քննչական կոմիտեն ու նրա նախագահ Հայկ Գրիգորյանը, որը ներկայիս իրավապահ համակարգում ամենաքիչ քննադատվածներից է, չե՞ն գիտակցում, որ իրենց հաղորդագրությունն այս տեսքով առնվազն էթիկայի խախտում է, որ իրենք սրանով ծառայում են օրվա քաղաքական իշխանությանը՝ ստվերելով իրենց կառույցի անկախությունն ու օբյեկտիվությունը։ Փաստորեն, Քննչական կոմիտեն ու նրա նախագահը ընդունում են, որ Հայաստանում կան հեղափոխություն տապալողներ և այն պահպանողներ։ Կամ նույն Հայկ  Գրիգորյանն ու ՔԿ իրավաբանները չգիտե՞ն, որ ծեծել են ոչ թե «հեղափոխության պահապանին»՝ հեղափոխությունը պահպանելիս, այլ ծեծել են շարքային քաղաքացու, որը կռվի մեջ է մտել մեկ այլ շարքային քաղաքացու հետ։ Երևի չգիտեն, կամ ուղղակի իրենց պետք էր հաղորդագրության մեջ հատուկ շեշտել «հեղափոխություն» բառը, որ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնեն։ Թերևս իրենք էլ այս ձևով են փորձում իրենց ծառայությունը մատուցել հեղափոխությանն ու անձամբ  Փաշինյանին՝ տարատեսակ քրեական գործերը չհաշված։