«Գլխավոր» աներձագի «հաստիքը» պետական-պաշտոնակա՞ն է

«Գլխավոր» աներձագի «հաստիքը» պետական-պաշտոնակա՞ն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շողքի տակ ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանն իր մտքի «փայլատակումներով» հաճախ է հիշեցնում իր անձի մասին: Ի դեպ, նա Փաշինյանի ընտանիքի միակ անդամը չէ, որ ամեն տեղ «հեղինակավոր» կարծիք է հայտնում, անկախ այն բանից՝ խելքը տվյալ գործից հասնում է, թե ոչ: Այս անձի կենսագրության մեջ որքան էլ ուզում ես փնտրել-գտնել այնպիսի լուսավոր էջ, գործունեություն, որ արդարացվի նրա՝ ամեն տեղ մեջ ընկնելու մոլուցքը, չի ստացվում: Վիքիպեդիայում նրա կենսագրության մեջ գրված է՝ քաղաքական գործիչ, բայց թե որն է դա մինչեւ 2018 թվականը, պարզ չէ: Գուցե նկատի են ունեցել, որ նա Նոր կյանք համայնքում 2016-ին գյուղապետի ընտրությունների ժամանակ եղել է գյուղապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի՝ ներկայիս մարզպետի, նախընտրական շտաբի անդա՞մ: Հա, մեկ էլ 2018-ի դեպքերի ժամանակ «դուխով» գլխարկ է դրել ու ճանապարհ փակել: Հակոբյանը եղել է նաեւ խամաճիկների, հետո՝ կամերային թատրոնի դերասան, բայց աշխատել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ քրոջ ու փեսայի ղեկավարության ներքո, եւ տարբեր աշխատանքներ է կատարել: 

 Բայց այսօր աներձագ Հրաչը կարեւոր ու լուրջ «դեմք» է եւ խոսում է ամեն ինչից: Ասենք, երբ փեսային մեղադրում են զենքի ապօրինի վաճառքի մեջ, նա խոսում է զենքից. «Անկեղծ ասած՝ զարմանում եմ այն մարդկանց վրա եւ Միքայել Մինասյանի վրա, որ կարող են մտածել՝ Հայաստանի Հանրապետությունը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում, չպետք է զենքի գնման եւ վաճառքի շուկաներում որեւէ ձեւով ներկայանա: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկաներից ձեռք է բերում եւ ձեռք է բերելու զենք, եւ այդ զենքը ծառայում է իր նպատակին, այդ զենքն ուժեղացնում է մեր բանակը»: Ու հարցեր է տալիս. «Ինչո՞ւ Միքայել Մինասյանը չի խոսում այն մասին, թե, օրինակ, 2018 թվականի մայիսի հեղափոխությունից հետո ինչ վիճակում էր Հայաստանի բանակի զինանոցը, քանի հատ այնտեղ «սնարյադ» կար, քանիսն էին աշխատող, եւ ընդհանրապես՝ ինչ վիճակ էր զինանոցում… Իսկ ինչ վերաբերում է երկրի հակաօդային պաշտպանության վիճակին եւ վերոնշյալ ՀՕՊ միջոցներին, որոնք համալրել են ՀՀ զինված ուժերը: …Երկար տարիներ՝ Սերժ Սարգսյանի օրոք, Արցախում գրեթե զրոյի է հասցված եղել հակաօդային պաշտպանությունը»: 

Եվ գովում է փեսային, թե նրա կառավարության կողմից ձեռք բերված «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները բոլորովին նոր, մոդեռնիզացված տեխնիկա են, եւ այսօր առավել, քան երբեւէ, Արցախի երկինքը պաշտպանված է ՀՕՊ միջոցներով: 

Նա նաեւ մեղադրանք-հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է հատկացվել մի անձի, ով Սարգսյանի շրջապատից է եղել, որպեսզի նա զենք բերի Հայաստան, սակայն այդ զենքը մինչեւ 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխությունը Հայաստան չի մտել, այլ մտել է Փաշինյանի իշխանության օրոք, ու փակվել է ՀՀ-ին պարտքը: 

Անկախ այն բանից, թե աներձագ Հրաչի հայտարարություններից որն է համապատասխանում իրականությանը, որը՝ ոչ, կա մի հարց. որտեղի՞ց Հրաչին այս տեղեկությունները՝ ռազմական ոլորտի, սպառազինությունների հետ կապված: Դրա համար կա պաշտպանության նախարարություն, կան մասնագետներ, ռազմական փորձագետներ, զինվորական ոլորտի մարդիկ, ովքեր ի պաշտոնե տեղեկացված են ՀՀ սպառազինության ոլորտի խնդիրներին ու խոհանոցին: Մեկը հարցնի՝ տղա ջան, դա քո ի՞նչ գործն է: Դա, իհարկե, նաեւ Միքայել Մինասյանին վերաբերող թեմա չէ, բայց նա գոնե փաստերով է խոսում: Այդ երբվանի՞ց այս երիտասարդը դարձավ զինվորական ոլորտի գիտակ: 

Բայց «գլխավոր» աներձագը բացահայտում է իշխանությունների հաջորդ քայլերը: Երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, աներձագը խոսեց խմբակային բռնաբարության մասին, հաջորդ պահին «Հայկական ժամանակում» հայտնվեց աղմկահարույց հրապարակումը: Փաստորեն, աներձագը ոչ միայն ռազմական ոլորտի խոհանոցին է ծանոթ, այլեւ դատական արխիվներին, ԱԱԾ գաղտնի նյութերն են նրան հասու…

Միքայել Մինասյանի նախորդ տեսաուղերձից հետո նա գրեց. «Գիտե՞ք Միշիկն ինչի է նեղված։ Մի քանի օր առաջ կալանք է դրվել Վիրջինյան կղզիների օֆշորում գտնվող նրա հաշվի վրա, որտեղ 7 միլիոն դոլար կա։ Զգում է, որ հեսա ժիլետը պիտի ծախի, որ նոր վիդեո նկարի»: Չնայած մասնագետները պնդում են, որ չի կարող կալանք դրվել օֆշորում գտնվող հաշիվների վրա, բայց հարց է ծագում՝ ի՞նչ ուղիներով է այդ մասին տեղեկացվել Հրաչը՝ օֆշորում կալանք դնելու փաստը քննիչնե՞րն են զեկուցել նրան, թե՞ փեսան է զեկուցում իր կատարած բոլոր քայլերի մասին։