Կառավարությունն ընդամենը աշխատող աղքատների համար նախընտրական շոու է անում

Կառավարությունն ընդամենը աշխատող աղքատների համար նախընտրական շոու է անում

Անկեղծ ասած, նույնիսկ Փաշինյանի կառավարությունից  դժվարանում էինք սպասել նման անասանելի լկտիության, որ պատերազմած և 15 հազար հաշմանդամ, 5000 զոհ ունեցող աղքատ երկրում պետական պաշտոնյաների երեխաներն ու կանայք պետք է հարկատուներիս հաշվին այցելեն լողավազան ու մարզասրահ։

Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի գործող ծառայություններին ավելանում է  ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Հիմնավորումն էլ՝ նպաստել պետական սեկտորի աշխատակիցների մոտ«առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփումը»:

Բայց պարզվում է, որ կառավարությունը զբաղված է հերթական պոպուլիստական շոուով, ընդամենը՝ տող՝ ևս մեկ ուղղություն է ավելացրել, իսկ փող՝ ոչ։ Այսինքն՝ առանց հանրային ծառայողների վրա լրացուցիչ փող ծախսելու ու լրացուցիչ պարտավորությունների ստանձման, նախընտրական շոուի շրջանակներում նրանց մոտ դիվիդենտներն է հավաքում։

«Հրապարակը» զրուցել է Սոցապ նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանի հետ, որն ասում է․

«Նույն գումարն է՝ տարեկան 70 հազար դրամի չափով, որը պետական ծառայողին տրամադրվում է պետության կողմից։ Իրականում՝ էս նախընտրական փուլին ընդառաջ՝ փորձում են հանրային ծառայողներին այս կամ այն ձևով շահագրգռել։ Այսպես, թե այնպես, այդ գումարը ո՞ր ուղղությունով կծախսվի, ինքն է որոշելու»։ Այսինքն՝ պետական ծառայողն է, ի վերջո, ընտրություն կատարելու՝ իր ու ընտանիքի անդամները գնա՞ն հանգստանալու, թե՞ հիպոթեքային վարկ փակեն, թե՞ առողջապահական կարիքները հոգալու համար գումարը ծախսեն։

Թադևոս Ավետիսյանն ասաց, որ կարծիքը միշտ եղել է այն, որ նման ուղղությունների նախատեսումը Հայաստանում արհեստական է։

«Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ ուղղակի այդ գումարը կանխիկացնելու համար տարբեր պայմանագրեր են կնքում՝ ինչ-որ մի բան թողնելով։ Որովհետև հանրային ծառայողների հիմնական մասին այսօր կարելի է համարել աշխատող աղքատների։ Նույն ուսուցիչները, առողջապահության ոլորտի աշխատողները և պետական սեկտորի մյուս մասը։ «Խնդիրը գլոբալ է և պետությունը պետք է ընդհանրապես վարձատրության հարց լուծի, իսկ օրվա իշխանությունները ի՞նչ են անում, սկզբից պարգևատրումներով իրենց հարցերը լուծեցին, հիմա էլ ինչ-որ կոսմետիկ բնույթի փոփոխություններով ․․․ այսինքն՝ հանրային ծառայողը կամ ուսուցիչը ամեն ինչ արե՞լ է, բոլոր խնդիրները լուծե՞լ է, մնացել էր լողավազան գնալ, չէր կարողանում, այ օգնեցին, որ կարողանա»։

Եթե անգամ գնա լողավազան, ապա այդ ի՞նչ լողավազան է գնալու, որով տարեկան 70 հազար դրամի շրջանակներում  1, 2,3 4 անձի համար՝ լավագույն դեպքում՝ ամսական 6000 դրամի շրջանակներում թե՛ պետական պաշտոնյան, թե՛ նրա ընտանիքի անդամները պետք է գնան լողավազան կամ մարզման։ Կամ  իրենց հանգիստը կազմակերպեն, կամ վարկը փակեն։
Սոցապ նախկին պաշտոնյան գտնում է, որ առողջապահականից զատ մյուս բաղադրիչները, որ կան՝ հանգիստ և այլն, արհեստական է։ Կարծում է, որ կամ այդ գումարը պետք է տրվի մարդկանց ծախսելու համար։ Այդ դեպքում այն չի կազմի սոցփաթեթի մաս և ավելի շատ դառնում է աշխատավարձ։ «Որովհետև մարդը հացի խնդիր ունի, իրեն ասում ես՝ գնա լողավազան կամ մարզվիր։ Անհասկանալի է,արհեստական է»,-ասում է Թադևոս Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանին հարցրեցինք, թե հենց այս նույն պատճառաբանությա՞մբ այդ նույն տողը նույն գումարի շրջանակներում չի ավելացվել իրենց օրոք։

Ասաց, որ ժամանակին, նկատի ունենալով միջազգային փորձը, իրենք փորձարկել են՝ հասկանալու համար՝ դա պե՞տք է մեր երկրին, թե ոչ։ Եվ, առհասարակ, զարգացվի սոցփաթեթի գաղափարը։