Ասես այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեզ չի վերաբերում
Երևանի փողոցներում այնպիսի աշխուժություն, խինդ, եռուզեռ է, ասես այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեզ չի վերաբերվում։ Ես միշտ լավ եմ զգացել, երբ քաղաքը ուրախ է եղել, դրա մեջ գոյատևելու սերմ եմ տեսել, բայց վերջին օրերին շոգախառն այս «երանելի խինդ ու վայելքից» մարդու սիրտ մի տեսակ խառնում է։
Մեկ էլ այսպիսի զգացում ունեցել եմ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ իմ սահմանամերձ, գնդակոծվող քաղաքից մի օրով եկել էի Երևան։ Մենք ամեն օր ապաստարաններում թաքնված՝ կյանք ու մահի կռիվ էինք տալիս, Երևանում ոնց որ պատերազմ չլիներ։ Մարդիկ «կաֆեներում ուրախ նստած» ծուխ էին փստացնում ու քրքջում, իսկ Հայաստանի սահմանամեձ շրջաններում թուրքի արկերի դեմ խաղաղ բնակիչներն էին զոհվում։ Մենք մտածում էինք, որ դիրքերը չթողնենք ու մեր հողը պաշտպանենք՝ վտանգի մատնելով մեր երեխեքին, Երևանում այնպիսի խինդ և ուրախություն էր, որ ցավից տնքացող հայրենակիցներիս տնքոցից գիշերն անգամ խղճի խայթից չմնացի Երևանում և եկա իմ գնդակոծվող քաղաքը։ Բայց այն ժամանակ Արցախը կար ու մեզ պաշտպանում էր, պատնեշ էր, հիմա պատերազմը Հայաստանում է։ Երբ եկա իմ գնդակոծվող քաղաքը, որտեղ պետնախարար էր Վազգեն Սարգսյանը, ու պատմեցի նրան, ասաց՝ մի մտածիր, երբ վտանգը զգան, իրենք էլ կանհանգստանան։ Արցախն ու Սյունիքը պահում են Երևանի մեջքը։ Իրոք, երբ զգացին վտանգը՝ միավորվեցին, մի բռունցք դարձան։ Ու բոլորը միասին էին անհանգստանում։
Հիմա դա չկա։ Երկու տարի չի անցել, որ կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրվել, մեր զոհերի, հաշմանդամների, տնեզուրկների մասին էլ չխոսեմ, ու թուրքը Հայաստանի բկին չոքել է։ Էլ պատնեշ չունենք, Արցախի 75 տոկոսը չկա։ Սյունիքը ծվատված է, թշնամին այնտեղ իր դրոշներն է տնկել։ Սիսիան Վայոց ձեր, բոլորը նույն կրակի մեջ են․․․ Բայց մարդին չեն զգում վտանգը, աղետը, չեն միավորվում։ Մարդիկ կտրված են իրական կյանքից, պետական մակարդակով նրանց կտրում են իրականության զգացողությունից։ Կյանքի ամեն րոպեն վայելելու, անէանալու միտումը մեզ ու՞ր է տանում։
Երբեմն ինձ թվում է, թե մի վիրուս են օդում բաց թողել ու շատերը վարակվել են անտարբերության խորը թմբիրով։ Հայտնվել է մարդկանց մի խումբ, ովքեր իրենց ուրախությունից, «իրենց ֆիգուրայից», ուտելուց բացի ուրիշ բան չեն տեսնում։ Ոնց որ մի «ազարբաշի լինի», որ երբ ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ՝ իսկույն մի հարսանիքի նվագ է դնում։ Երգե՜ք, պարե՜ք, մարդիկ, կյանքը կարճ է․․․ Բայց խոսքը մեր կյանքի մասին չէ, մեր հայրենիքի մասին է։ Շատ անգամ եմ տեսել, երբ ծանր հիվանդը մահից առաջ աշխուժանում ու լավացման նշաններ է ցույց տալիս։ Երբ ուզում է ուտել, ու հենց շրջվում ես, որ ուզածը բերես, հանգում է։ Մենք այս վիճակում ենք։ Օրհասակա՜ն։
Համաձայն եմ, կարող ենք երգ ու պարով հանգել, բայց մեր աչքի առաջ մեր հայրենիքն է հանգում։
Կարծիքներ