ՀՀ իշխանություններին արտաքին ճակատում բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող

ՀՀ իշխանություններին արտաքին ճակատում բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ստեղծված վտանգավոր իրավիճակում, արհեստական քննարկումներն ամենամեծ խոչընդոտն են, որոնք կարող են էլ ավելի բարդացնել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին զարգացումները: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ առնչվող գործողություններն արդեն իսկ շրջանցում են Հայաստանին: Տարածաշրջանում տեղի ունեցող արագ զարգացումներում Հայաստանը խաղից դուրս վիճակում է:

ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող: Ներսում այն գոյություն ունի զուտ ֆորմալ առումով: Ավելի կոնկրետ՝ ոչ թե գոյութնուն ունի, այլ իր գոյությունն է քարշ տալիս, երկարաձգելով այն բացառապես ոստիկանական մեթոդներով:

Միավորված ընդդիմությունն իր ծրագրերում առավելապես գործում է դանդաղ շտապելու և սահմանադրա-իրավական կանոնների պաշտպանմամբ, որովհետև Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը չի կարող լինել հախուռն և չի կարող ստանալ հեղաշրջման բնույթ: Սա կարծես գիտակցում են բոլոր կողմերը:

Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում, թաքուն հույսեր փայփայելով, որ ինչ-որ մի պահի կարող է պետք գալ որևէ արտաքին խաղացողի: Նաև գիտակցում է, որ ներսում որևէ քաղաքական հոսանք կամ հասարակական հատվածի հենարան այլևս չունի և չի կարող ունենալ: Միակ արհեստական «հակափաստարկը» որ բերվում է նրա շրջապատից, «նախկինների» վերադարձն է: Դա իհարկե Նիկոլին մեծ հաշվով չի փրկի, որովհետև շատերն են արդեն հասկանում, որ «նախկին-ներկա» շինծու անջրպետն արդեն քանդվել է ավերիչ ու ամոթալի պատերազմի դավաճանական հետևանքով:

Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ «նախկիններն՞ ավելի կենսունակ ու օգտակար գտնվեցին քաղաքական կյանքում, քան փողոցից իշխանության եկած արկածախնդիրները: Ինչու եմ ասում ցավոք, որովհետև դա հասականալու գինը ահռելի կորուստներն են, որ կրեցինք բոլորս: Դա օրինաչափություն է նաև հետխորհրդային բոլոր երկրներում:

Սակայն մեր իրավիճակում վտանգները դեռ չեն անցել և վերջին պատերազմը, ցավալի ու անդառնալի կորուստների հետ մեկտեղ, էլ ավելի է խորացրել Հայաստանի և Արցախի նկատմամաբ սպառնալիքները:

Օր առաջ պետք է դուրս գալ հիմարաբար հրապարակ նետված «նախկին-ներկա» այս վնասակար թեմաներից: Հիմա Հայաստանին ողջամիտ ու հավաքական քաղաքական միտք է հարկավոր, կառավարչական հմտություններ, հեռահար հայացք և էֆֆեկտիվ գործողություններ: Նիկոլի կործանարար սխալների համար ոչ միայն այսօր, այլ նաև վաղվա սերունդները չեն ներելու, և պատմության ևս մեկ դաժան խարան է մնալու մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի վրա:

Այլևս չպետք է լինեն «նախկիններ ու ներկաներ», պետությունը պետք է ապրի միայն ապագայով: Իսկ ապագան պետք է վստահել փորձառությամբ, հմտություններով, քաղաքական կենսունակությամբ, գիտակցված ու հավասարակշռված որոշումներով և իրատեսական քայլերով առաջնորդվող մարդկանց: Նիկոլի կողմից, այսօր նախարար փոխելը ժամանակի պարապ կորուստ է, ինքնախաբեություն, որը պետք է միայն Նիկոլին՝ ժամանակ ձգելու համար: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ իր համար ժամանակ ձգելով, Նիկոլը սպանում է նաև Հայաստանի ու Արցախի ապագան բարելավվելու այսօրվա հնարավորությունները:

Այսօր կա մեկ իրական հարց. Դա Նիկոլի օր առաջ, և անցնցում հեռանալ է՝ իր ողջ կազմով: