Կառավարող ուժին ներկայացրել ենք վարչապետի հեռանալու, ժամանակավոր կառավարության մեր տեսիլքը. Սուրեն Սահակյան

Կառավարող ուժին ներկայացրել ենք վարչապետի հեռանալու, ժամանակավոր կառավարության մեր տեսիլքը. Սուրեն Սահակյան

Հրադադարի, ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձման համաձայնագրի ստորագրումից հետո Հանրապետությունում շարունակվում են լարված մնալ ներքաղաքական գործընթացները։ Պատերազմի ընթացքում բազմաթիվ անգամ ազգային համաձայնության կառավարության, երկրի կոլեգիալ ղեկավար մարմնի ձևավորման թեման այժմ էլ շարունակում է մնալ օրակարգային և անհրաժեշտ։ Վերջերս նաև ազգային համաձայնության կառավարության ձևավորման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին իր ուղերձում հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանի հետ։ 

-Պարո՛ն Սահակյան, ներկայումս ի՞նչ դիրքորոշում ունեք ներկա իշխանությունների մնալ-չմնալու վերաբերյալ։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Արցախի ապագան, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը:

-Մեր կուսակցության հայտարարություններում, կուսակցության առանցքային ներկայացուցիչների, պաշտոնական կարծիքը հայտնելու իրավունք ունեցող անձանց հարցազրույցներում ձեր նշած բոլոր հարցերի պատասխանները կան։ Մենք գտնում ենք, որ երկրի զարգացման, առաջընթացի համար լավագույն լուծումը կլիներ վարչապետի հեռանալը և ժամանակավոր նոր կառավարության ձևավորումը, որը հաջորդ ընտրություններին չէր մասնակցի ոչ ինստիտուցիոնալ, ոչ էլ անհատական մակարդակում։ Այսինքն՝ դա պետք է լիներ քաղաքական ինքնասպանների մի խումբ, որը երկրում քաղաքական իրավիճակը կկայունացներ, ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար, ռեֆորմներ կիրականացներ, որոնք չէր իրականացրել նախկին կառավարությունները, ընդ որում, բյուջեն ու պետական ծառայությունը չէր ծառայեցնի իր վերարտադրության ու քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։

-Տեղեկություններ ունենք, որ ստվերային հանդիպումներ եք ունենում իշխանական շրջանակների հետ, պայմանավորվածություններ եք ձեռք բերում։ Այս մասով ի՞նչ կասեք, պայմանավորվածություններ ունե՞ք իշխանությունների հետ, ձեզ ի՞նչ են առաջարկում, դուք ի՞նչ եք առաջարկում։ 

-Նախ, սահմանադրության անփոփոխ հոդվածով իշխանությունը պատկանում է ժողովրդին և չկա, չի եղել ու չեն լինելու «իշխանական շրջանակներ»։ Խոսքը կառավարող ուժի մասին է։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո մենք շփումներ ենք ունեցել ոչ միայն կառավարող ուժի, այլև այսօր 17 կուսակցություններից որոշների հետ։ Պատերազմից հետո այդ շփումներին ավելացել են նաև հանդիպումները ՀՀ նախագահի, խորհրդարանական խմբակցությունները ներկայացնող կուսակցությունների հետ։ Նպատակը մեկն էր՝ մեր հնարավոր առավելագույնը անել երկրում քաղաքական կայունություն հաստատելու և արյունահեղություն թույլ չտալու համար։ Այդպիսի վտանգ կար և, կարծում եմ, դեռևս կա։ Կառավարող ուժին ներկայացրել ենք վարչապետի հեռանալու, ժամանակավոր կառավարության գործունեության և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին մեր տեսիլքը։ Նրանք դա ի գիտություն են ընդունել, առաջարկել են այլ տարբերակների վրա էլ մտածել, ինչի շուրջ դե՛ռ մտածում ենք և, եթե անկեղծ լինեմ, դեռևս ոչ մի այլ տարբերակ չենք տեսնում։ Ներկայումս ոչ մի պայմանավորվածություն չկա։

-Նախարարների փոփոխությունների մասով ի՞նչ կասեք, հարմարվո՞ւմ եք այս իրավիճակին, թե՞ կողմ եք երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելուն, այնուհետև խորհրդարանական նոր ընտրություններին, նոր կառավարության ձևավորմանը։ 

-Նոր կառավարության ձևավորումը, դրա ձևավորման հիմքում դրված սկզբունքները խորը կասկած են հարուցում ապագա կառավարության արդյունավետության հարցում։ Կարծում եմ՝ հանրությանը հավատ է պետք լավ ապագայի նկատմամբ։ Նախկին աշխարհը հայ-ռուս-ադրբեջանական վերջին համաձայնության հետևանքով փլվեց մարդկանց գլխներին և մարդիկ հիմա ապակողմնորոշված են։ Պետք է նորոգել այդ հավատը, որը չի վերականգնվելու վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզով։ Կարծում եմ՝ կես տարի հետո նախատեսվող ընտրություններն էլ չի վերականգնելու, և ունենալու ենք տապալված խորհրդարան։ Պետք է երկարաձգել արտահերթ ընտրությունների պահը, մինչև քաղաքացիները հոգեբանորեն պատրաստ լինեն լսելու ծրագրեր և ընտրություն կատարել դրանց մեջ։

-Ինչպե՞ս եք Ձեր և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործունեությունը պատկերացնում հիմա և ապագայում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ 

-Մենք կշարունակենք մեր ջանքերը ներդնել երկրում կայունություն հաստատման գործում։ Մեթոդների մեջ կընտրենք, մեր կարծիքով, հնարավոր լավագույնները։ Մեզ համերաշխություն է պետք։ Երկրի վրա հասած դժվարությունները ներկայիս թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտում անհնար է լինելու հաղթահարել։ Պետք է կառուցողական էներգիա կուտակել ու այն մղել Հայաստանի վերածննդին, զարգացմանը։ Մշակում ենք նաև ապագայի մեր ծրագրերը։ Կաշխատենք դա անել մինչև խորհրդարանական ընտրությունները, սակայն եթե մինչ այդ էլ պատրաստ լինի, անպայման կհրապարակենք և մեզ հասու միջոցներով կփորձենք դրանք իրականություն դարձնել։

-Հայաստանի դիվանագիտական, ներքաղաքական ռեսուրսները որքանո՞վ են բավարար թե՛ ներքին մարտահրավերներին, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։

-Անշուշտ, եղած մարտահրավերները վեր են մի ուժի կարգավորման հնարավորությունների շրջանակից։ Դրա համար ուժերի որոշակի համախմբում է պետք։ Դիվանագիտական ջանքերի առումով, դրանք պետք է ուղղվեն գործընթացը ԵԱՀԿ կարգավորման տիրույթ վերադարձնելուն։ Այդ կառույցը միակն է, որը խնդրի կարգավորման միջազգային մանդատ ունի։ Թե ինչքանով մեր կառավարման համակարգը ունակ կլինի այս հարցը լուծել, ցույց  կտա ժամանակը։