Մայր թատրոնն ու սուպեր մաման 

Մայր թատրոնն ու սուպեր մաման 

ԲՈՒՀ -երը  կենտրոնացնում են  ակադեմիական քաղաքի մեջ, թատրոններն էլ ոնց որ թե կենտրոնացնում են  ազգային ժողովի մեջ։ Պարոնյանի թատրոնը գլուխը պատովն է տվել, թե կարողանա նման ներկայացումներով հանդես գալ։ Երեսփոխանների մի մասն ասում է՝ երկիրն արհավիրքի մեջ է, թշնամին մեր տարածքում է, ավագ երեսփոխանը խնդում ու խնդացնում է՝ թողեք կարևոր բան է ասում․․․Կարևոր բանն այնպես է փոքրանում ու ծիծաղներ քամում, որ դառնում է էժանագին ասեղ, հուլունք։ Այո, մերօրյա ազգային ժողովը թատրոնից ոչնչով չի տարբերվում և ճիշտ են անում, որ բոլոր թատրոնները փակվում ու մայր թատրոն են ստեղծում՝ հանձինս ազգային ժողովի։ Այստեղ բոլոր դերասանները ակտիվ են, բայց ավելի են ակտիվանում, երբ գալիս է «սուպեր դերասանը» , որը խաղում է և՛ դրամատիկական, և՛ կատակերգական ժանրերում ։

Նա ծիծաղում ու ծիծաղներ է քամում ազգային ժողովի իր հանդիսատեսից։ Նա խոսում է առանց լռելու, հարցերին պատասխանում է առանց հարցերին մոտենալու։ Նա հարցին այնքան հեռվից է մոտենում, ինչպես երիտասարդը կմոտենա կույս աղջկան։ Ու այս ամբողջ ներկայացումն ուղեկցվում է,  ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ «հավատարիմ շուներու անիրավության դեմ արդարության նպատակի կաղկանձյունով»։ Եթե Պարոնյանը մեր ազգային ժողովի նիստերը նայեր, կասեր․

 «Անցեալ ամսու ազգային  ժողով  մը մտիկ ըրի. մազերս պիտի ցցուէին եթէ զանոնք, ավա՜ղ, օր մ’առաջ կտրած չըլլայի»: Առակաց 10.19-ը ասում է. «Շատախոսության մեջ հանցանք պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպողը խելացի է»: Գործերն իրենց տված պտուղներով են ապրում , իսկ բառերը կորչում են զուր։ Վեց տարի շարունակ  Փաշինյանն ու իր խմբակը շատախոսությամբ են  զբաղված, բայց երկրի վիճակն ավելի է վատթարանում։ Վեց տարվա շատախոսության արդյունքն այն եղավ, որ հանձնեց, հայաթափեց  Արցախը, Հայաստանը դարձրեց թշնամու «բոստան»  ու շարունակելով շատախոսությունը, որոշել է գյուղ- գյուղ հանձնել թշնամուն։ Բայց այդ ամենը կատարվում է թատրոնի միջոցով, որտեղ կռվում են, բարիշում, սուպեր մամային դիմում «մեծարգո սուպեր մամայով»։ Թատրոնն ապահովվում է ոստիկանական ուժերով, որովհետև դերասանները այնպես են մտնում դերի մեջ, որ կարող է միմյանց խեղդեն։ Այդժամ ոստիկանները վրա պիտի հասնեն և «անջատեն զմիմյանց»։ Ասում են, որ Վահրամ Փափազյանը մի անգամ  Օթելլոյի դերի մեջ փորձել է խեղդել Դեզդեմոնային, հազիվ են դերասանուհուն խլել նրա ձեռքից։ Մայր թատրոնն զինված է քացի տալու, խեղդամահ անելու ժամանակ իրարից բաժանելու նորագույն հեղափոխական  գործիքներով։
Այս ամենին ավելացնենք, որ թատրոնից դուրս կա իրական Հայաստան, որ օրեցօր այնքան են փոքրացնում, որ «ասեղի ծակով կմտնի»։ Ու եթե հիշենք նաև, որ կա մի ժողովուրդ, որը թշնամուն է հանձնվում տան հետ միասին, վստահորեն կարելի է ասել որ մարդիկ «սուպեր մամայի խաղով ընկած» տանուլ են տալու նաև դա․․․