Թուրքերը չեն ցանկանում բնակարաններ վաճառել օտարերկրացիներին

Թուրքերը չեն ցանկանում բնակարաններ վաճառել օտարերկրացիներին

Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը (79%) կարծում է, որ երկրում անշարժ գույքի վաճառքն օտարերկրացիներին պետք է արգելվի։

Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Metropoll-ի տվյալները, որի հարցմանը մասնակցել է 2118 մարդ Թուրքիայի 28 նահանգներից։

Թուրքիայում օտարերկրացիներին բնակարան վաճառելու արգելքի հարցը կարող է քաղաքական երանգավորում ստանալ առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնին, որոնց մնացել է մեկ ամիս, նշում է Bloomberg-ը։ 
Այս տարվա մարտին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխող կուսակցությունը մերժեց ամենամեծ ընդդիմադիր խմբավորումներից մեկի առաջարկը՝ ուսումնասիրել այդ հարցը: 

2022 թվականին թուրքական անշարժ գույքի հիմնական օտարերկրյա գնորդները, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, ռուսներն էին. նրանք գնել են 16312 տուն, ինչը երեք անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։
Ռուսաստանցիների հետ գործարքների թիվը կազմել է օտարերկրյա քաղաքացիներին բոլոր վաճառքների գրեթե մեկ քառորդը: