Թատերագիտության եւ կինոգիտության բաժին արդեն 3 տարի ոչ մեկը չի դիմում

Թատերագիտության եւ կինոգիտության բաժին արդեն 3 տարի ոչ մեկը չի դիմում

Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ընդունող հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները:

Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Նա տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 հազար 761 վճարովի տեղերից՝ 6 հազար 518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից մեզ փոխանցեցին, որ դեռ չեն հասցրել վերլուծել, զուգահեռներ անցկացնել անցած տարիների հետ ու հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդքան թափուր անվճար տեղ ունենալու հանգամանքը։   

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռեժիսուրայի, դերասանական բաժիններում թափուր տեղեր չունեն։ Դրանք հիմնականում մի քանի մասնագիտությունների գծով են՝ կինոարվեստ, սցենարադրամատուրգիա, կինոգիտություն եւ թատերագիտություն։  

Թատերականի ռեկտորը դժվարանում է բացատրել, թե ինչով է պայմանավորված այս պատկերը․ «Շատ բարդ է, գուցե՝ ընդհանուր երկրի վիճակից, նաեւ՝ պահանջարկից, գիտության հանդեպ վերաբերմունքից։ Մասնագիտություններ կան, որոնք ուղղակի չեն վճարվում եւ, այսպես ասած, անշնորհակալ մասնագիտություններ են։ Ցավալի է, իհարկե, որ անվճար տեղերն այդքան շատ են, փաստորեն, պետությունը տեղը տալիս է, ու չեն գնում։ Ամեն դեպքում հակված եմ մտածել, որ մասնագիտություններով է պայմանավորված։ Այն մասնագիտությունները, որոնց մասով այսօրվա ջահելությունը, այսպես ասած, ապագա չի տեսնում՝ չի դիմում, իսկ դրա մասին պետությունը պետք է լուրջ մտածի, որովհետեւ կան մասնագիտություններ, որոնք երկրին պետք են։ Իսկ իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ծրագրավորումը, որին այդքան դիմում են, դառնում են նորաձեւ մասնագիտություններ»։  

Ստացվում է, որ այս տեմպերով որոշ բաժիններ կարող են փակման եզրին հայտնվել։ «Այո, արդեն 3 տարի է, որ թատերագիտության եւ կինոգիտության բաժին ոչ մեկը չի դիմում»։
Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, ստացվում է, որ այդ բաժիններում դասավանդող դասախոսներն էլ են հարվածի տակ հայտնվում, ռեկտորը նշեց, որ այդքան էլ այդպես չէ, որովհետեւ նրանք ուրիշ բաժիններում եւս զբաղված են։ 

Ինչ վերաբերում է ընդունելության շեմին, ապա, ըստ նրա, այն չի իջել՝ գոնե իրենց բուհի դեպքում․ «Դուք պատկերացրեք, որ ամբողջ քննությունների ընթացքում մենք ընդամենը 1-2 բողոքարկող ենք ունեցել, այսինքն՝ դժգոհ չեն երեխաներն այդ պրոցեսից, եւ իրենք համոզվում են դրանում»։  

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բուհում 6 թափուր անվճար տեղ է մնացել՝ հազվագյուտ գործիքների դիմորդներն են քիչ (ֆագոտ, թառ…).

«Փորձել ենք լուծում գտնել՝ դիմելով նախարարությանը փոխատեղման խնդրանքով, չկորցնելու համար պետպատվերով բուհին հատկացված տեղերը, որպեսզի այլ մասնագիտացումների բարձր գնահատականներ ստացած դիմորդները հնարավորություն ունենան անվճար սովորելու։ Մեր խնդրանքը բավարարվել է, ինչի համար շնորհակալ ենք խնդրին ըմբռնումով մոտենալու համար, որովհետև որքան էլ տեղեկանանք, անկանխատեսելի է, թե տվյալ տարում որ մասնագիտացումից քանի դիմորդ կունենանք։ Այս տարի պետպատվերի 6 թափուր տեղերը փոխատեղվել են։ Ընդհանրապես ճիշտ կլինի, որ հենց սկզբից տեղաբաշխումը վստահվի բուհին։ Ընդհանուր հատկացվեն տեղեր և բուհն ինքը բաշխի ըստ տվյալ տարվա դիմորդների։ Օրինակ՝ մենք 3 պետպատվերով նախատեսված տեղ ունեինք թավջութակի մասնագիտացման համար, բայց երկու դիմորդ ունեցանք։ Երկուսն էլ փայլուն գնահատականներով ընդունվել են։ Մնացած մեկ տեղը փոխատեղվեց այլ մասնագիտացման բարձր գնահատականով ընդունված դիմորդին տալով անվճար սովորելու հնարավորություն։ Կան առավել և պակաս պահանջված մասնագիտացումներ։ Երաժշտագիտական, խմբավարական, կոմպոզիտորական մասնագիտացման դիմորդները պակասել են։ Այս խնդիրները կլուծվեն, եթե նշված մասնագիտացումների աշխատատեղեր ստեղծվեն, մասնագիտացման վարձատրությունն ու մոտիվացիան, վարկանիշն ու հարգը բարձրանա։ Նախկինում երաժշտական դպրոցներում կային կոմպոզիցիայի դասարաններ։ Եթե դպրոցներում վերականգնվեն այս դասընթացները, հուսով եմ, որ խնդիրը հնարավորինս կկարգավորվի։ Այս հարցով բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին»։
 
Կոնսերվատորիայի ռեկտորն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ այս տարի ավելի շատ դիմորդներ են ունեցել․ «Մինչև հոկտեմբերի 10-ը կունենանք արտասահմանցի և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն, ինչը կամբողջացնի տարվա ընդունելության պատկերը։ Ամեն դեպքում, այս տարի թե՛ դիմորդներն են մի փոքր ավելացել, թե՛ ընդունելության շեմը հաղթահարածները»։
Այդուամենայնիվ, ռեկտորը նշեց, որ դասախոսների թիվը մեծ է, ծանրաբեռնվածությունը հաճախ՝ փոքր։