Հայերն ու ադրբեջանցիները, ըստ կանխատեսումների, կունենան 2-ական պատգամավոր Վրաստանի խորհրդարանում

Հայերն ու ադրբեջանցիները, ըստ կանխատեսումների, կունենան 2-ական պատգամավոր Վրաստանի խորհրդարանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների համար Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 47 ընտրական սուբյեկտ՝ կուսակցություններ եւ 2 ընտրական դաշինք: Ներկայացնում ենք այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք Վրաստանի խորհրդարան մուտք գործելու առավել մեծ շանսեր ունեն՝ համաձայն մի շարք հետազոտական ընկերությունների՝ NDI, IPSOS, Edison Research, Survation հարցումների արդյունքների։ Դրանցից 27-ում, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ազգային փոքրամասնությունների հարցերով նախկին խորհրդական Վան Բայբուրդի տեղեկացմամբ՝ ընդգրկված են հայազգի թեկնածուներ՝ Թբիլիսիից մինչեւ Մառնեուլիի, Գորիի, Բոլնիսի, Բաթումի շրջաններ։ 
«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստանի» 150 հոգանոց ցուցակում հայազգի պատգամավորության երկու թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական շրջանից Սամվել Մանուկյանը եւ համամասնական ցուցակով՝ 37-րդ համարի ներքո Սմբատ Կյուրեղյանը:
«Միացյալ ազգային շարժում - միավորված ընդդիմություն - ուժը միասնության մեջ է» դաշինքը (Վախթանգ Կիկաբիձե) գլխավորած Վրաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքի ցուցակում կա 2 հայազգի թեկնածու․ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Մելիք Ռաիսյան եւ համամասնական ցուցակով 80-րդ համարի ներքո Թագուհի Վարդանյան:
«Եվրոպական Վրաստանի» հրապարակած ցուցակում եւս երկու հայազգի պատգամավորության թեկնածու կա՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Արսեն Կարապետյանը եւ համամասնական ցուցակով 71-րդ համարի ներքո առաջադրված Հարություն Ալեքսանյանը:
Հայազգի թեկնածուներով հատկապես առատ է «Գիորգի Վաշաձե - Շինարար ռազմավարություն» դաշինքը․ Շաքրո Այվազյան (25 համարի ներքո), Սեդա Հակոբյան, Լեռնիկ Չարբուդաղյան, Մամիկոն Սաակյան, Սուրիկ Ավետիսյան:
«Հայրենասերների դաշինք» կուսակցությունում երկու հայազգի թեկնածու կա: Համամասնական ցուցակով առաջադրվել է խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը (14 համարի ներքո), իսկ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանից՝ Արտաշես Հակոբյանը:
«Գիրչի» կուսակցության 129 հոգուց բաղկացած համամասնական ցուցակում կա մեկ հայազգի պատգամավորության թեկնածու՝ 84 համարի ներքո, Դավիթ Իսրայելյան:
«Շալվա Նաթելաշվիլի - Լեյբորիստական կուսակցության»  համամասնական ցուցակում եւս երկու հայի ազգանուն է ներառված․ Մեքի Քելբաքյան եւ Մարինե Մերաբյան:
«Դավիթ Ճիճինաձե - Տրիբունա»-ում (Հավլաբարի-Իսանի հայաշատ շրջանից ընտրված «Վրացական երազանքի» նախկին պատգամավորի կուսակցություն) համամասնական ցուցակում նույնպես ազգությամբ հայերի պակաս չկա: 7-րդ համարի ներքո՝ Գենրիխ Մուրադյան, 13 համարի՝ Դավիթ Ռստակյան։ Ցուցակում են նաեւ Գառնիկ Սիմոնյանը, Աշոտ Մուրադյանը, Գրիգոլ Նալբանդյանը, Արկադի Սարգսյանը, Աստղիկ Մինասյանը եւ Էլեոնորա Պոտոյանը:
«Նինո Բուրջանաձե - Միասնական Վրաստան - ժողովրդավարական շարժման» 142 հոգանոց համամասնական ցուցակում ընդգրկված է 3 հայազգի թեկնածու․ Էմմա Կակոսյան, Իզաբելլա Կուլյան, Գարեգին Կակոսյան:
«Լելո» եւ «Ալեկո Էլիսաշվիլի - քաղաքացիներ» կուսակցությունները չունեն հայազգի թեկնածուներ:
Չնայած հայազգի թեկնածուների առատությանը, Վան Բայբուրդի տեղեկացմամբ՝ հայերի հիմնական մասն անցողիկ տեղերում չէ։ «Կարծես թե անցողիկ տեղ ունի «Հայրենասերների» կուսակցությունից Սամվել Պետրոյանը, բայց մի քիչ կասկածում եմ, որովհետեւ, ըստ իս, այս կուսակցությունը կարող է 5-7 մարդ ունենալ խորհրդարանում։ Թվում է՝ ամենամոտիկը «Տրիբունայի» 7-րդ համար Գենրիխ Մուրադյանն է, որը ժամանակին եղել է ինչպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, այնպես էլ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, բայց այս կուսակցության դեպքում՝ 7-րդ համարը, իմ կարծիքով, չի կարող անցողիկ լինել։ Մյուս կուսակցությունների դեպքում եւս նույն վիճակն է»։
Վան Բայբուրդի գնահատմամբ՝ ընտրության ռեալ շանս ունի «Վրացական երազանքի» 37-րդ համարը՝ Նինոծմինդայի շրջանային ժողովի նախկին նախագահ Սմբատ Կյուրեղյանը, իսկ Ախալքալաքի մեծամասնական պատգամավորներից՝ Սամվել Մանուկյանը։
Այսինքն, Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կունենա երկու հայազգի պատգամավոր՝ մեկով պակաս նախորդ խորհրդարանից: «Այս անգամ երեւի ե՛ւ հայերս, ե՛ւ ադրբեջանցիները կունենանք 2-ական պատգամավոր»։ Այս տարի նախընտրական քարոզարշավը տարբերվող էր Վրաստանի հայաբնակ շրջաններում, պատճառն Արցախում ստեղծված իրավիճակն է։ Իսկ կոնկրետ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ թեկածուներն ի՞նչ տեսլականներ ու դիրքորոշումներ ունեն։ Վան Բայբուրդն այս առնչությամբ ասում է․ «Ամեն ինչը չէ, որ կարող ենք ասել բաց եթերում կամ հարցազրույցներում, բայց հանգիստ եղեք, հարաբերությունները հատկապես վերջին 2 տարվա ընթացքում դարձել են անկեղծ, ուղղակի եւ փոխվստահելի։ Նորմալ է, որքան էլ զարմանալի է, չնայած մեր թշնամիների քսի տալուն ու ֆեյքերի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, որոնք հերքելու համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությանը՝ այդ ֆեյքերին շատ օպերատիվ արձագանքելու եւ հանդարտեցնելու համար՝ թե՛ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, թե՛ վրացահայերին»։
 Բայբուրդն ասում է, որ Վրաստանի իշխանությունների վիճակն այս հարցում շատ «պիկանտ» է, քանի որ Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ եղբայրական՝ Հայաստանի հետ ու ամեն ինչ անում է «բալանսը» պահելու համար։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց ու պնդեց, որ հոդվածում ներառվի նաեւ իր հետեւյալ գնահատականը․ «Հայաստանի ու Վրաստանի հարեւանությունն ու բարեկամությունը հազարամյա պատմություն ունեն, եւ այս 2 քրիստոնյա պետությունները, ի տարբերություն այն ժամանակվա  գերտերությունների՝ Բյուզանդիայի, Ասորեստանի եւ այլ պետությունների, որ անհետացել են աշխարհի քարտեզներից, մինչեւ 21-րդ դարը հասել են միայն ու միայն եղբայրական հարաբերությունների շնորհիվ։ Եվ այն ժամանակներում էլ հայերն ու վրացիները եղել են տարբեր բանակներում, ինչպես եւ հիմա՝ ՆԱՏՕ ու ՀԱՊԿ, բայց այն ժամանակներում էլ մեր թագավորներն ու ժողովուրդները շարունակել են բարեկամությունը»։