Դա մորեխազգիների, «սառանչայի» անվերջանալի հարձակում է

Դա մորեխազգիների, «սառանչայի» անվերջանալի հարձակում է

ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրման կազմակերպիչներից է եղել։ Ասում են՝ երեկ, տեղեկանալով, որ թշնամին մոտեցել է բերդաքաղաք Շուշիին, Կոմանդոսը չի կարողացել զսպել արցունքները։ Մեր զանգելու պահին, սակայն, պինդ հոգեվիճակում էր՝ իր աշխատավայրում՝ Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերությունում (ԴՕՍԱԱՖ), որի Կենտրոնական խորհրդի նախագահն է։ Մեզ հետ բլից-զրույցում նա բոլորին հորդորեց՝ չընկճվել, լցվել լավատեսությամբ։

- Ի՞նչ է կատարվել Շուշիում, ի՞նչ կարող ենք մենք անել՝ այս հարցն է այսօր բոլորին հետաքրքրում։

- Թշնամու հատուկ ջոկատները մոտեցան Շուշիին, անտառներով, աղվեսների նման, մոտեցան, հասան այնտեղ։ Մերոնք երեկ հավաքվեցին, դիմավորեցին նրանց ու էսօր հետ շպրտեցին։ Ամեն ինչ նորմալ է։

- Ի՞նչ պետք է անել, որ Շուշիի մատույցներում իրավիճակը կտրուկ փոխվի։

- Ոչ մի բան էլ պետք չէ։ Դուք մասնագիտություն ունե՞ք, Դուք գիտե՞ք Ձեր աշխատանքը։ Մեր զինվորականները պետք է տիրապետեն իրենց մասնագիտությանը եւ տիրապետում են։ Բայց Սիրիայից վարձկանների անվերջանալի որսը բերում է նրան, որ հակառակորդը հյուսիսում, հարավում ունենում է ժամանակավոր հաջողություն, նաեւ Շուշիի մոտ եղավ այդպես։ Բայց, վերջին հաշվով, նրանք չեն տիրապետում իրավիճակին, որովհետեւ նրանք տեղանքին ծանոթ չեն։ Սկզբում նրանց հաջողվում է ինչ-որ առաջխաղացում, բայց հետո մերոնք կամաց-կամաց դուրս են մղում նրանց, ու ամեն ինչ տեղն է կանգնում։ Դուրս մղվեցին հյուսիսում, դուրս մղվեցին հարավում։ Հասկանո՞ւմ եք, դա մորեխազգիների, «սառանչայի» անվերջանալի հարձակում է, տեռորիստական վիրուս, որն անընդհատ տեղափոխվում է այլ երկրներից՝ անհանգստություն պատճառելով մեր ժողովրդին։

- Երեկ Արայիկ Հարությունյանն անհանգստություն պատճառեց։ Նրա ելույթն անսպասելի չէ՞ր, մենք անընդհատ ասում ենք՝ հաղթել ենք, հաղթելու ենք, մեկ էլ հանկարծ լսեցինք, որ թշնամին Շուշիից հինգ կիլոմետրի վրա է։

- Երեկ որ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ թշնամին Շուշիի մոտ է, ժողովրդին մի քիչ տագնապի մեջ գցեց։ Թշնամին Շուշիի մոտ չէ։ Այո, առանձին խմբեր մոտեցել են Շուշիին, բայց նրանց գրագետ ձեւով դիմավորեցին ու մի լավ հարվածեցին։

- Այսօր նաեւ մարդկանց անհանգստացնում է այն, որ երկինքն անպաշտպան է, փակ չէ։ Երկնքից խփում են, երկինքը հնարավո՞ր է կենդանի ուժով «փակել»։

- Ոչ, հնարավոր չէ։ Պարտադիր պետք է հատուկ տեխնիկա։ Պետք են «Стрела»-ներ, պետք են «Верба»-ներ եւ այլն։

- Այս պահի դրությամբ ի՞նչ կարող ենք պահանջել մեր ռազմավարական գլխավոր գործընկերոջից՝ մեր պայմանագրային պարտականությունների շրջանակում։

- Ապրես։ Այդ հարցը դու տուր մեր դիվանագետներին։ Իսկ մենք հիմա շատ օգնում ենք բանակին, ուզում ենք, որ մեր բանակը հաջողի։